Մատչելիության հղումներ

Արարատ Միրզոյանն անհեթեթություն է որակում Հայկազ Բաղմանյանի նշանակումը ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալ


Ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն անհեթեթություն է որակում Հայկազ Բաղմանյանին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնում նշանակելը։

Պատգամավորը նշում է՝ հանրապետականները անվտանգության կարևորագույն համակարգում առանցքային դեր տվեցին մի մարդու, ով թերացել է իր աշխատանքում։

«Երկու բան կարող եմ ասել: Առաջինը՝ որ հերթական ապացույցն է այն բանի, որ երկիրը կառավարում է միայն անձամբ մենակ Սերժ Սարգսյանը, և այնպիսի առանցքային ֆիգուրներ իշխանության ներսում, ինչպիսին պետք է որ լինի, օրինակ, պաշտպանության նախարարը, նույնիսկ նա առանցքային պաշտոնում կադրային քաղաքականության հարցում նրա կարծիքը որևէ արժեք չունի Սերժ Սարգսյանի համար, և ահա նրան (Բաղմանյանին) Վիգեն Սարգսյանի հորդորով հանեցին և տարել են մի այլ առանցքային տեղ նշանակում արել, սա՝ մեկ: Երկրորդը՝ անհեթեթ իրավիճակ է ստեղծվում, որովհետև, եթե ՀԱՊԿ-ի հետ կապում են որոշ հույսեր անվտանգության ՀՀԿ-ականները, մի մարդու, որը որ թերացել էր աշխատանքային պարտականությունները կատարելիս, վերցրել են էդ մարդուն և տարել են այդ անվտանգության իրենց ասած կարևորագույն համակարգում առանցքային դեր են տվել, հիմա վաղը ո՞նց է լինելու մեր էդ անվտանգության հարցը, եթե մարդը ստեղ չէր կարողացել անել, արդյո՞ք ՀԱՊԿ-ում կարողանալու է կատարել իր լիազորությունները․ սա անհեթեթություն է», - ասաց Միրզոյանը։

Ընդդիմադիր պատգամավորը չի բացառում, որ Սերժ Սարգսյանը սա միտումնավոր է արել՝ իր մտերիմներին իրենց տեղը ցույց տալու համար։

«Ես չեմ զարմանա, որ նույնիսկ սա արվել է հատուկ, որպեսզի նույնիսկ իր մտերիմներին իր տեղը ցույց տա, այսինքն՝ որքան էլ որ Վիգեն Սարգսյանը բարձր արժեք ունի, օրինակ, Սերժ Սարգսյանի աչքերին, այդուհանդերձ ոչ մեկը չի կարող լինել հավակնորդը», - ասաց Միրզոյանը։

Հիշեցնենք՝ Հայկազ Բաղմանյանը անցած տարվա վերջին ազատվեց Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասել էր, որ գեներալը զորացրման զեկուցագիր է ներկայացրել իր հորդորով:

«Գեներալ Բաղմանյանը ներկայացրել է զեկուցագիր զորացրվելու մասին, իմ հորդորով: Ինչպես միշտ, այդ որոշումները կայացնում է հանրապետության նախագահը», - ասել էր նախարարը, որպես իր հորդորի պատճառ բերելով հետևյալ բացատրությունը․ - «Աշխատանքային պայմանավորվածությունների չկատարում, որն անհամատեղելի էր հետագա համատեղ ծառայության հետ»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG