Մատչելիության հղումներ

Ռուսական մի շարք ԶԼՄ-ներ բոյկոտ են հայտարարում Պետական դումային


"Дождь" հեռուստաընկերության թողարկիչ Դարյա Ժուկ և ВВС հեռուստառադիոկայանի ռուսական ծառայության թղթակից Ֆարիդա Ռուստամովա, արխիվ

РБК լրատվական գործակալությունը հայտարարել է Ռուսաստանի Պետական դումայից իր լրագրողներին հետ կանչելու որոշման մասին: Ի նշան համերաշխության՝ մի շարք այլ լրատվամիջոցներ միացել են РБК-ի նախաձեռնած բոյկոտին:

Ո՞րն է սկանդալի պատճառը:

"Дождь" հեռուստաընկերության թողարկիչ Դարյա Ժուկը, ВВС հեռուստառադիոկայանի ռուսական ծառայության թղթակից Ֆարիդա Ռուստամովան և RTVI հեռուստակայանի գլխավոր խմբագրի տեղակալ Եկատերինա Կոտրիկաձեն հայտարարել են, որ տարբեր ժամանակաշրջաններում սեռական ոտնձգության են ենթարկվել Պետական դումայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության խմբակցության պատգամավոր Լեոնիդ Սլուցկու կողմից:

Դարյա Ժուկը և Ֆարիդա Ռուստամովան դիմումներ են ներկայացրել Պետական դումայի էթիկայի հարցերով հանձնաժողով: Լիբերալ-դեմոկրատների առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, թե լրագրող կանայք ցանկանում են վարկաբեկել իր կուսակցական ընկերոջը:

Ինքը Սլուցկին նախ հերքել է մեղադրանքը, բայց մարտի 8-ին իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է գրառում, որով շնորհավորել է Կանանց միջազգային տոնի կապակցությամբ և միաժամանակ «ներողություն հայցել այն կանանցից, ում, կամա թե ակամա, կարող էր տհաճություն պատճառել»:

Պետական դումայի էթիկայի հանձնաժողովը դռնփակ նիստում քննարկել է այս հարցը և հայտարարել, որ Սլուցկու կեցվածքում սեռական ոտնձգության տարրեր չկան: Հենց այս որոշումն է հարուցել լրատվական համայնքի վրդովմունքը: РБК-ն հայտարարել է, որ հետայսու չի լուսաբանելու Դումայի աշխատանքը:

«Էթիկայի հանձնաժողովը, փաստորեն, օրինականացնում է սեռական ոտնձգության երևույթը, մենք դա անընդունելի ենք համարում», - ասել է РБК-ի միացյալ խմբագրության համախմբագիր Ելիզավետա Գոլիկովան:

Գործընկերների որոշման հետ համերաշխություն են հայտնել RTVI և ‘’Дождь'' հեռուստաընկերությունները, ''Эхо Москвы'' ռադիոկայանը, ‘’Ведомости''-ն, իսկ ''Коммерсантъ'' հրատարակչական տունը և Лента.ру օնլայն գործակալությունը հայտարարել են կոնկրետ Սլուցկուն բոյկոտելու մասին:

''Эхо Москвы'' ռադիոկայանի ղեկավար Ալեքսեյ Բենեդիկտովն ասել է, որ խմբագրությունն այլևս անվտանգ չի համարում Պետական դումայում թե՛ տղամարդ և թե՛ կին լրագրողի աշխատանքը և անսալով Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի խորհրդին՝ հետ է կանչում լրագրողներին:

Բանն այն է, որ Վոլոդինն ասել էր, թե ով չի ցանկանում աշխատել Դումայում՝ կարող է հեռանալ:

Սլուցկու համար չափազանց տհաճ վճիռ է կայացրել ''Говорит Москва'' ռադիոկայանը, հայտնելով, որ հետայսու ամեն ռեպորտաժում, որում անդրադարձ կլինի Սլուցկիին կամ Պետական դումայի էթիկայի հանձնաժողովին, խմբագրությունն իր կողմից պարտադիր կհիշեցնի սեռական ոտնձգության հանգամանքի մասին:

Republic հրատարակությունն էլ Պետական դումայի մասին բոլոր հոդվածներում փակագծերում նշելու է՝ «պետական իշխանության մարմին, որն արդարացնում է սեռական ոտնձգությունները»:

Մինչդեռ, Պետական դուման չի նահանջում, հայտնելով, որ բոյկոտ հայտարարած լրագրողները կզրկվեն հավատարմագրերից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG