«2017 թվականին մենք ունեցել ենք 7.5 տոկոս տնտեսական աճ. դա ամենամեծ թիվն է տարածաշրջանում, ԱՊՀ-ում, ԵԱՏՄ-ում», - այսօր հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ Պաշտպանության նախարարության վարչական համալիրում հանդիպելով Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ
Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, վարչապետը նշել է, որ նախատեսել էին 3.2 տոկոս տնտեսական աճ, երբ 2016 թվականին բյուջեն էին ձևավորում:
«7.5 տոկոս տնտեսական աճի հետ մեկտեղ ունենք հետևյալ թվերը. արդյունաբերության աճ՝ 12.6 տոկոս, առևտրաշրջանառության աճ՝ 14 տոկոս, ծառայությունների աճ՝ 14.4 տոկոս, տուրիզմի աճ՝ 24 տոկոս: Ամենահետաքրքիր ու ամենահեռանկարային թիվը մեզ համար այն է, որ 2017 թ. մենք ունեցել ենք անկախությունից ի վեր արտահանման ամենաբարձր ցուցանիշը՝ 2.2 մլրդ ԱՄՆ դոլարի արտահանում. արտահանումն ավելացել է 25.2 տոկոսով, ներմուծումն աճել է 27.8 տոկոսով, և չափազանց կարևոր թիվ է նաև արտաքին առևտրաշրջանառությունը՝ 26.9 տոկոս», - ասել է Կարեն Կարապետյանը:
Կարեն Կարապետյանը ներկայացրել է նաև 2018-ի հունվար ամսվա մակրոտնտեսական ցուցանիշները և նշել, որ 2016-ի հունվարի համեմատ արձանագրվել են առաջանցիկ թվեր։
«Մենք վստահ ենք, որ առաջիկա 4-5 տարում ունենալու ենք հաստատական տնտեսական աճ, որը տարբերվելու է թե´ տարածաշրջանից, թե´ ԱՊՀ-ից, թե´ ԵԱՏՄ անդամ երկրներից, նաև եվրոպական երկրներից և այլն: Համեմատության համար նշեմ, որ մեր 7.5 տոկոս տնտեսական աճն արձանագրվել է այն պարագայում, երբ աշխարհի միջին տնտեսական աճի ցուցանիշը գնահատվել է 3.1 տոկոս», - ասել է վարչապետը:
Կարեն Կարապետյանի խոսքով՝ կառավարությունը բարեփոխումներ է նախաձեռնել բոլոր ոլորտներում՝ տարածքային կառավարում, հակակոռուպցիոն քաղաքականություն, գյուղատնտեսություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, հարկային, մաքսային ոլորտ, Հայաստանի թվային օրակարգ և այլ ուղղություններով:
«Մենք ունենք չափազանց հետաքրքիր և հեռանկարային շանս՝ Հայաստանում թռիչքային աճ ապահովելու համար: Մոտակա 4-5 տարվա այն տնտեսական աճը, որը մենք տեսնում ենք, մեզ հնարավորություն է տալու երկարատև ֆունդամենտալ ռեֆորմներ անել: Այդ ռեֆորմները շատ դեպքերում պոպուլյար չեն լինում, շատ դեպքերում ընդդիմախոսների քանակը շատ է լինում, և այս փոքր հաջողություններն ունենալու պարագայում դրանց իրականացումն ավելի հեշտ է լինելու: Մենք ունենք նաև ունիկալ հնարավորություն այն առումով, որ, լինելով 3 մլն բնակչությամբ ոչ մեծ երկիր, կարողացել ենք ձևավորել մի հարթակ, որտեղ համատեղելի են դարձել շատ դեպքերում անհամատեղելի բաներ», - ասել է կառավարության ղեկավարը:
Այս համատեքստում Կարեն Կարապետյանը ներկայացրել է ԵԱՏՄ-ի, ԵՄ-ի, ինչպես նաև մի շարք այլ երկրների հետ համագործակցության շրջանակում Հայաստանի համար գործող արտոնյալ առևտրային ռեժիմները:
«Ներկայում ընթացքի մեջ են Հայաստանի զարգացման ծրագիր-2030 մշակման աշխատանքները, որտեղ դրված են այն թիրախները, որոնք հայտարարել է երկրի նախագահը Ազգային ժողովում իր ելույթում, և որի հիմքը կառավարության զարգացման 5-ամյա ծրագիրն է: Պետք է արձանագրել, որ դրվել է բավական ամբիցիոզ նշաձող, բայց այն թիմը, որն ամեն օր աշխատում է այս ծրագրի վրա, ավելի քան համոզված է, որ մենք դա կարողանալու ենք անել», - ընդգծել է վարչապետը:
Ամփոփելով ելույթը՝ վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է. - «Ցանկանում եմ ձեզ շնորհակալություն հայտնել ձեր ծառայության համար և նաև մասամբ վստահություն փոխանցել, որ այն գործը, որ դուք անում եք, մենք՝ բոլորս, չափազանց բարձր ենք գնահատում: Չափազանց կարևորագույն գործառույթ է, առանց որի մեր երկիրն ապագա չունի, և թիկունքում մենք ապահովելու ենք այն տնտեսական գործոնները, սոցիալ-տնտեսական զարգացումները, որպեսզի դուք հանգիստ լինեք, որ հետևում էլ կանգնած մարդիկ կան, որոնք իրենց բաժին բեռն էլ իրենց վրա են վերցրել»:
Նշենք, որ այս հավաքին ելույթ են ունեցել նաև նախագահ Սերժ Սարգսյանը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։