Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Ռուսաստանի նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ շնորհավորելով Վլադիմիր Պուտինին, նշել է, որ Պուտինի «համոզիչ հաղթանակը» նրա քաղաքական բարձր հեղինակության և նրա վարած կուրսին ակտիվ աջակցության վկայություն է:
«Ադրբեջանը և Ռուսաստանը կապում են բարեկամության և բարիդրացիության բազմադարյա սերտ կապերը: Ուրախալի է, որ այդ ամուր հիմքի վրա հաջողությամբ զարգանում են մեր միջպետական հարաբերությունները: Ցանկանում են հատկապես ընդգծել Ձեր անձնական ներդրումը այդ հարաբերությունների, ադրբեջանա-ռուսական համակողմանի համագործակցության և ընդհանուր առմամբ փոխգործակցության ընդլայնման գործում», - APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասված է Ալիևի շնորհավորական ուղերձում:
Ալիևը համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանի և Ռուսաստանի ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերը այսուհետ ևս կնպաստեն երկու ժողովուրդների և երկրների շահերին, «տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և առաջընթացի ապահովմանը»:
Ադրբեջանի նախագահը իր շնորհավորական ուղերձում չի անդրադարձել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Ռուսաստանի միջնորդական ջանքերին, որոնք Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանը իր ուղերձում բարձր է գնահատել: