Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի նախագահի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ և մաղթել նրան քաջառողջություն, նորանոր մեծ հաջողություններ, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ բարգավաճում և բարեկեցություն, հաղորդում է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Ուղերձում, մասնավորապես, ասված է. - «Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծորեն և սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ռուսաստանի Դաշնության նախագահի ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ: Կայացած քվեարկության արդյունքները վկայում են երկրի համակողմանի զարգացմանը, տնտեսության արդիականացմանը և գլոբալ գործընթացներում դերակատարության շարունակական բարձրացմանն ուղղված` Ձեր ղեկավարությամբ իրականացվող քաղաքականության նկատմամբ Ռուսաստանի քաղաքացիների լայն աջակցության մասին»:

«Հայաստանին և Ռուսաստանին միավորում է եղբայրական ժողովուրդների` ժամանակի փորձություն անցած բարեկամությունը: Բարձր մակարդակի ինտենսիվ քաղաքական երկխոսության, արտաքին քաղաքական կոորդինացման, անվտանգության ոլորտում արգասաբեր համագործակցության, առևտրատնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում փոխշահավետ ծրագրերի համատեղ իրականացման շնորհիվ մեր երկրների դաշնակցային հարաբերությունները վերջին տարիներին է՛լ ավելի են ամրապնդվել: ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ և այլ բազմակողմ հարթակներում փոխգործակցությունն էապես հարստացնում է հայ-ռուսական ռազմավարական գործընկերության ողջ համալիրը», - իր ուղերձում գրել է Սերժ Սարգսյանը:

«Հայաստանը բարձր է գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված Ռուսաստանի կարևոր և հետևողական միջնորդական ջանքերը՝ այդ թվում որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր», - ասված է ուղերձում:

«Մենք հետագայում ևս հաստատակամորեն մտադիր ենք համակողմանի զարգացնել Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական դաշնակցային հարաբերությունները միջպետական փոխգործակցության բոլոր ուղղություններով, ինչը բխում է մեր ժողովուրդների արմատական շահերից՝ տարածաշրջանային անվտանգության և Հարավային Կովկասում կայունության ապահովման նպատակներից», - գրել է Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինին հղած շնորհավորական ուղերձում:

Պաշտոնական մեկ այլ հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի նախագահը այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի վերընտրված նախագահի հետ և մեկ անգամ ևս ջերմորեն շնորհավորել նրան:

«Հեռախոսազրույցի ընթացքում ռազմավարական գործընկեր, դաշնակից երկու պետությունների ղեկավարները երկուստեք վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու հետևողականորեն խորացնել ու ամրապնդել միջպետական հարաբերությունները և համագործակցությունը, ինչպես նաև ջանքերը՝ տարածաշրջանում երկարատև խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ», - փոխանցում է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG