Մատչելիության հղումներ

Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբը անցավ ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ:

Հեղինակավոր մրցաշարի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում հինգշաբթի ուշ երեկոյան հյուրընկալելով իտալական «Միլան»-ին՝ «Արսենալ»-ը հաղթեց 3:1 հաշվով: Մեկ շաբաթ առաջ Միլանում կայացած առաջին հանդիպումը, հիշեցնենք, ավարտվել էր 2:0 հաշվով՝ հօգուտ անգլիական ակումբի:

«Արսենալ»-ի կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը երեկ նույնպես աչքի ընկավ լավ խաղով, թեև գոլի կամ գոլային փոխանցման հեղինակ չդարձավ:

«Արսենալ»-ի գոլերից երկուսը Դենի Ուելբեքինն էին (39-րդ և 86-րդ րոպեներ), մեկը՝ Գրանիտ Ջակայինը (71-րդ րոպե), «Միլան»-ի միակ գնդակը խփեց Հաքան Չալհանօղլուն՝ 35-րդ րոպեին բացելով հաշիվը:

Սա «Արսենալ»-ի երրորդ անընդմեջ հաղթանակն է անհաջողությունների շրջանից հետո:

Եվրոպայի լիգայի մրցաշարի հաջորդ փուլ անցան նաև իսպանական «Ատլետիկո» (Մադրիդ), ֆրանսիական «Մարսել», իտալական «Լացիո», պորտուգալական «Սպորտինգ», գերմանական «Լայպցիգ», ռուսաստանյան ԲԿՄԱ (Մոսկվա) և ավստրիական «Զալցբուրգ» ակումբները:

Քառորդ եզրափակիչի զույգերը կորոշվեն այսօր կայանալիք վիճակահանությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG