Մատչելիության հղումներ

Գլենդեյլի գլխավոր պողոտաներից մեկը անվանակոչվում է «Արցախ»


Գլենդեյլի քաղխորհրդի անդամ, նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյան, արխիվ

Գլենդեյլի քաղխորհրդի անդամները՝ քաղաքապետի գլխավորությամբ, երեքշաբթի օրը միաձայն քվեարկել են քաղաքի գլխավոր պողոտաներից մեկը «Արցախ» անվանակոչելու օրինագծի օգտին:

Ըստ այդմ, Լոս Անջելեսի «Ասպարեզ» պարբերականի փոխանցմամբ, Ուիլսոն և Հարվըրդ փողոցների միջև գտնվող Մերիլենդ պողոտան կանվանափոխվի «Արցախ պողոտա»:

«Սա պատմական օր է, այսօր մենք կերտում ենք ապագայի պատմությունը: Արցախը ռազմավարական կարևոր նշանակություն ունի համայն հայության համար, և մենք այս որոշումը նաև նվիրում ենք Արցախի ազատագրման շարժման 30-ամյակին», - «Ասպարեզ»-ի հետ զրույցում ասել է Գլենդեյլի քաղաքապետ Վարդան Կարապետյանը:

«Չնայած քաղաքի բնակչության գրեթե կեսը հայեր են, մինչ այժմ մենք չունեինք որևէ փողոց կամ հրապարակ հայկական անունով: Առաջին անգամ Գլենդեյլում պողոտա է անվանակոչվում, որն առնչություն կունենա հայության հետ, և խորհրդանշական է, որ համընկավ Արցախի համար կարևոր տարեթվի հետ: Այսպիսով մենք նաև առավել հանրայնացնում ու հնչեղ ենք դարձնում Արցախը: Սա իսկապես պատմական պահ է», - ասել է քաղխորհրդի անդամ Զարեհ Սինանյանը:

Գլենդեյլի փողոցներից մեկն «Արցախ» անվանակոչելու առաջարկը շուրջ մեկ տարի առաջ քաղաքապետարանին էր ներկայացրել «Միացյալ երիտասարդ հայեր» կազմակերպությունը:

Ըստ քաղաքապետարանի ընթացակարգի՝ որոշումը կուղարկվի ծրագրման հարցերով հանձնաժողով, ինչից հետո կներկայացվի քաղխորհդի անդամների քվեարկությանը՝ երկամսյա ժամկետում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG