Մատչելիության հղումներ

Թրամփը պաշտոնանկ արեց Թիլերսոնին


Դոնալդ Թրամփ և Ռեքս Թիլերսոն, արխիվ
Դոնալդ Թրամփ և Ռեքս Թիլերսոն, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահն այսօր անակնկալ պաշտոնանկ արեց արտգործնախարար Ռեքս Թիլերսոնին: «Մեր նոր պետքարտուղարը կդառնա Մայք Փոմփեոն, նա հրաշալի գործ կանի», - ժամեր առաջ գրեց նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերում: Նույն գրառմամբ Սպիտակ տան ղեկավարը նաև տեղեկացրեց՝ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավար է նշանակվել Ջինա Հեսփելը, որ այս պաշտոնում առաջադրված առաջին կին թեկնածուն է:

The Washington Post-ը նախագահի այս որոշման մասին դեռ առավոտյան էր հաղորդել՝ հղում անելով Սպիտակ տան իր աղբյուրներին: Ըստ թերթի, Դոնալդ Թրամփը դեռ անցած շաբաթավերջին՝ ուրբաթ օրն է Թիլերսոնին խնդրել թողնել պաշտոնը, ինչի արդյունքում բարձրաստիճան դիվանագետը ստիպված էր վաղաժամ ընդհատել մեկշաբաթյա ուղևորությունը դեպի աֆրիկյան 5 երկրներ և առանց պաշտոնական որևէ պատճառաբանության վերադառնալ հայրենիք:

Որոշումը հրապարակելուց հետո՝ լրագրողների հետ կարճատև զրույցում, Թրամփը ընդգծեց՝ պաշտոնանկության որոշումը միայն իրենն է եղել․ - «Այդ որոշումը միայն ես եմ կայացրել, կարծում եմ՝ Ռեքսը հիմա շատ ավելի երջանիկ կլինի: Մենք մի շարք տարաձայնություններ ունեինք, օրինակ՝ Իրանի հետ կնքված գործարքի հարցում: Իմ կարծիքով՝ դա սարսափելի գործարք է, նրա համոզմամբ, մինչդեռ, ամեն ինչ կարգին է: Ես ուզում էի կա՛մ հրաժարվել դրանից, կա՛մ ինչ-որ բան փոխել, մինչդեռ Թիլերսոնը մի փոքր այլ կերպ էր մտածում»:

Կուլիսային զրույցներում Սպիտակ տան պաշտոնյաները որոշ փակագծեր են բացել: «Նախագահ Թրամփը տևական ժամանակ բանավեճերի մեջ էր Թիլերսոնի հետ և նրան համարում էր չափազանց ավանդապաշտ», - The Washington Post-ին ասել են նախագահական նստավայրի աղբյուրները, մանրամասնելով՝ Թրամփը նպատակահարմար գտավ այս քայլին գնալ հենց հիմա՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի և Նահանգների առևտրային գործընկերների հետ նախատեսված բանակցություններից առաջ:

Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան, մինչդեռ, պնդում է՝ Թիլերսոնը մինչ այս պահը տեղյակ չէ՝ ինչու է նախագահն իրեն պաշտոնանկ արել: «Պետքարտուղարը նախագահի հետ չի խոսել այս առավոտ և անտեղյակ է պատճառներից, սակայն շնորհակալ է ծառայելու՝ իրեն տրված հնարավորության համար», - Թվիթերում գրել է Պետդեպարտամենտի խոսնակ Սթիվ Գոլդսթեյնը՝ հավելելով․ - «Թիլերսոնը մտադիր էր մնալ իր պաշտոնում, քանի որ կարծում էր, որ առաջընթաց է արձանագրում ազգային անվտանգության առանցքային հարցերում»:

Թրամփի և Թիլերսոնի տարաձայնությունների մասին լուրերը լայն թափ ստացան հատկապես անցած աշնանը, հոկտեմբերին լրատվամիջոցները գրեցին, թե Թիլերսոնը պաշտոնյաների ներկայությամբ «ապուշ» է անվանել նախագահ Թրամփին: Ինքը Սպիտակ տան ղեկավարը, արձագանքելով այդ հաղորդումներին, Forbes-ին ասել էր. - «Կարծում եմ՝ դա սուտ է, սակայն եթե նա իսկապես նման բան է ասել, առաջարկում եմ համեմատել մեր մտավոր զարգացման գործակիցները, ընդ որում, հիմա արդեն կարող եմ ձեզ ասել՝ ով կհաղթի»:

Միացյալ Նահանգների նոր պետքարտուղարի թեկնածուն՝ 54-ամյա հանրապետական Մայք Փոմփեոն մեկուկես տարի առաջ էր նշանակվել ԿՀՎ ղեկավար, ավելի վաղ վեց տարի ծառայելով Կոնգրեսում: «Նա գերազանցությամբ է ավարտել Ուեսթ Փոյնթի ռազմական ակադեմիան և Հարվարդի իրավաբանական դպրոցը, իսկ ԿՀՎ ղեկավարի պաշտոնում ամրապնդել Նահանգների պաշտպանական ու հարձակողական կարողությունները», - հայտարարել է Դոնալդ Թրամփը, պնդելով, թե Փոմփեոյի ռազմական ու հետախուզական փորձառությունը լավ հիմք են՝ Նահանգների արտաքին գերատեսչությունը առաջնորդելու համար:

Դոնալդ Թրամփը նաև նշել է՝ ինչ խնդիրներ է դրել Մայք Փոմփեոյի առջև: «Պետքարտուղարի պաշտոնում նա կշարունակի վերականգնել Ամերիկայի դիրքերը աշխարհում, կամրապնդի դաշնակցային հարաբերությունները, կդիմակայի մեր թշնամիներին ու կփորձի հասնել Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը», - հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը՝ կոչ անելով սենատորներին որքան հնարավոր է արագ հաստատել նրա թեկնածությունը պետքարտուղարի պաշտոնում:

Ի դեպ, Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի պաշտոնում նշանակվելիս պատասխանելով սենատորների հարցերին՝ Մայք Փոմփեոն բավական կոշտ էր խոսել Ռուսաստանի նախագահ Պուտինի մասին, պնդելով, թե Կրեմլը ագրեսիվ քաղաքականություն է վարում, «ներխուժել է Ուկրաինա, սպառնում է Եվրոպային և ոչինչ չի անում «Իսլամական պետության» ահաբեկիչներին պարտության մատնելու համար»:

Այս տարվա հունվարին էլ ԿՀՎ ղեկավարը հայտարարել էր, թե «ռուսները տասնամյակներ շարունակ փորձել են միջամտել ամերիկյան ընտրություններին», և դա իրեն շատ է մտահոգում:

Չնայած այս հայտարարություններին՝ անցած տարվա ձմռանը Փոմփեոն դռնփակ հանդիպում էր ունեցել Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի, Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: «Մենք պարբերաբար հանդիպում ենք ռուսական հետախուզության մեր գործընկերներին նույն այն նպատակով, ինչ նախորդ վարչակազմն էր հանդիպում՝ հանուն ամերիկացիների անվտանգության», - ամիսներ առաջ հայտարարել էր Մայք Փոմփեոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG