Մատչելիության հղումներ

Փոմփեո. «Ռուսները տասնամյակներ շարունակ միջամտել են ընտրություններին»


ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Մայք Փոմփեոն, արխիվ:

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Մայք Փոմփեոն համոզված է, որ Ռուսաստանը և որոշ այլ երկրներ փորձում են միջամտել ամերիկյան ընտրություններին: Ըստ ամերիկացի վերլուծաբանների, հաջորդ թիրախը կարող է դառնալ աշնանն անցկացվելիք Կոնգրեսի ընտրությունը:

Նոյեմբերին Միացյալ Նահանգներում նախատեսված են «միջանկյալ» ընտրությունները, դրանք, ըստ ամերիկյան քաղաքական ավանդույթի, այդպիսի անուն ունեն, քանի որ տեղի են ունենում 4 տարի պաշտոնավարող նախագահի ընտրությունից մոտ երկու տարի անց:

Միջանկյալ ընտրություններում պայքար է մղվում Ներկայացուցիչների տան բոլոր 435 տեղերի և 100-տեղանոց Սենատի մոտ մեկ երրորդի համար: Այդ օրն ընտրվում է նաև նահանգապետերի մոտ երկու երրորդը, տեղական օրենսդիր մարմինների պատգամավորների մի մասը: Բացի այդ, տարբեր շրջաններում անցկացվում են տեղական նշանակության հանրաքվեներ:

Բնականաբար, երկրի ընդհանուր զարգացման առումով առանցքային նշանակություն ունի Կոնգրեսի ընտրությունը: Նոյեմբերին հանրապետականները կփորձեն պահպանել իրենց իշխող դիրքը:

Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Մայք Փոմփեոն, երեկ պատասխանելով CBS հեռուստակայանի թղթակից Ջոն Դիքենսոնի հարցերին, խոսել է ռուսների դերակատարության մասին:

«Այո, ռուսները տասնամյակներ շարունակ փորձել են միջամտել ամերիկյան ընտրություններին, և դա ինձ շատ է մտահոգում», - ասել է Փոմփեոն:

Նրա համոզմամբ, ոչ միայն Ռուսաստանը, այլև մի շարք ուրիշ երկրներ են փորձում այս կամ այն եղանակով ազդել ամերիկյան ընտրությունների վրա:

«Մենք ունենք շատ թշնամիներ, ովքեր ցանկանում ենբ խարխլել արևմտյան դեմոկրատիայի հիմքերը: Վաշինգտոնում կենտրոնացել են ռուսների վրա, մինչդեռ, պետք է ընդարձակել այդ շրջանակը», - ասել է ԿՀՎ-ի տնօրենը:

Մայք Փոմփեոն հավաստիացրել է, որ իր ղեկավարած գերատեսչությունը մշտապես աչալուրջ է․ - «Որպես ամերիկյան ազգային անվտանգության համակարգի մաս, մենք ունենք կարևոր առաքելություն՝ երաշխավորել ամերիկյան ընտրությունների ապահով անցկացումը, անձեռնմխելիությունն ու ժողովրդավարությունը: Մենք ջանք չենք խնայում դրա համար և շարունակելու ենք հակազդել ընտրությունների արդյունքի աղավաղմանն ուղղված ռուսների կամ ցանկացած այլ ուժերի փորձերին»:

Մոսկվան անմիջապես արձագանքել է Փոմփեոյի հայտարարությանը:

«Ուրեմն, պարզվում է, որ Ռուսաստանը տասնամյակներ շարունակ միջամտում է ամերիկյան ընտրություններին: Մեր գործընկերներն ամբողջովին խրվել են ստի մեջ: Այն, որ դա բացահայտ կեղծիք է, վկայում է մի փաստ՝ տասնամյակներ շարունակ ամերիկյան հատուկ ծառայությունները, ամերիկացի պաշտոնյաները նման հայտարարություն չեն արել և ռուսական կողմին նման մեղադրանք չեն ներկայացրել, ոչ մի ֆիլմ չի նկարահանվել, ոչ մի ելույթ չի հնչել մինչև այն օրը, երբ ամերիկյան ընտրական համակարգի արդյունք է դարձել Թրամփի ընտրությունը: Եվ հենց դա եղավ, խնդրեմ, միանգամից սկսվեց՝ անհիմն մեղադրանքներ, արտաքին թշնամու փնտրտուք, լացուկոց Կրեմլի նենգ ձեռքի թեմայով», - ֆեյսբուքյան էջում գրել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Մարիա Զախարովան:

Միացյալ Նահանգների հետախուզական կառույցների համոզմամբ՝ Մոսկվան, փորձելով նպաստել հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակին, տարբեր մեթոդներով, այդ թվում հաքերային հարձակումներով վարկաբեկել է դեմոկրատական թեկնածու Հիլարի Քլինթոնին:

Նախագահ Թրամփն այդ պնդումները համարում է հերյուրանք և դեմոկրատականների պարտությունը բացատրելու հնարք:

«Իզվեստիա» պարբերականը Մայք Փոմփեոյի երեկվա մեկնաբանության առիթով նշում է, որ Մոսկվան մշտապես հերքել է 2016 թվականի նոյեմբերյան ամերիկյան ընտրությունների վրա որևէ եղանակով ազդելու մեղադրանքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG