Մատչելիության հղումներ

Անկարան հիմա էլ Բեռլինից է պահանջում Թուրքիա արտահանձնել Սալիհ Մուսլիմին


Սալիհ Մուսլիմը ազատ է արձակվել Չեխիայի դատարանի որոշմամբ, 27-ը փետրվարի, 2018թ․
Սալիհ Մուսլիմը ազատ է արձակվել Չեխիայի դատարանի որոշմամբ, 27-ը փետրվարի, 2018թ․

Անկարան հիմա էլ Բեռլինից է պահանջում ձերբակալել և Թուրքիային արտահանձնել Սիրիայի քրդերի նախկին առաջնորդ Սալիհ Մուսլիմին:

«Ժողովրդավարական միություն» կուսակցության նախկին առաջնորդը Չեխիայից ժամանել է Գերմանիա և Բեռլինում անցած շաբաթ օրը մասնակցել Սիրիայի Աֆրինում թուրքական բանակի գործողությունները դատապարտող բազմահազարանոց ցույցին:

Սալիհ Մուսլիմը «Ռոյթերզ» գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ արդեն 43 օր Թուրքիան գրոհում է Աֆրինը:

«Անհրաժեշտ է նրանց ինչ-որ կերպ կանգնեցնել։ Ամենուր պետք է ճնշում գործադրվի Թուրքիայի կառավարության վրա՝ կանգնեցնելու քուրդ ժողովրդի դեմ, քաղաքացիական անձանց դեմ այդ պետական ահաբեկչությունը: Իրավիճակը շատ աղետալի է, հարյուրավոր մարդիկ են սպանվել, աշխարհը պետք է ինչ-որ բան անի», - ասել է Մուսլիմը:

Հիշեցնենք՝ անցած ամսվա վերջին նա ձերբակալվել էր Չեխիայում. Թուրքիան «Ինտերպոլ»-ի միջոցով միջազգային հետախուզում էր հայտարարել, սակայն Չեխիայի դատարանը նրան ազատ արձակեց: Իսկ երեկ նրան ձերբակալելու և արտահանձնելու հարցը քննարկել են Թուրքիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարները:

Մևլութ Չավուշօղլուն Գերմանիա է ժամանել՝ մասնակցելու միջազգային զբոսաշրջության ոլորտի տոնավաճառին: Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը Թուրքիայի պաշտոնակցին ընդունել է արտգործնախարարության հյուրատանը:

Մամուլի համատեղ ասուլիսում Զիգմար Գաբրիելն ասել է, որ Թուրքիայի արտգործնախարարությունից ստացել են Սալիհ Մուսլիմին արտահանձնելու բանավոր խնդրանք:

«Ինչ վերաբերում է թիվ մեկ հարցին, այդ խնդրանքը մենք, ինչպես միշտ վարվում ենք, կուղարկենք Արդարադատության նախարարություն, և նրանք հարցը կուսումնասիրեն Սահմանադրության տեսանկյունից», - ասել է Գերմանիայի արտգործնախարարը:

Զիգմար Գաբրիելն անդրադարձել է նաև Սիրիայի իրավիճակին: Նա ասել է, որ ՄԱԿ-ի հրադադարի կոչը թե՛ Արևելյան Գուտայում, թե՛ Աֆրինում չի ընդունվում, և այդ հարցի շուրջ կցանկանար լսել թուրք գործընկերոջը:

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն պնդել է, որ քրդական կազմակերպությունները՝ «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը և «Ժողովրդական պաշտպանության ուժերն» ահաբեկչական կազմակերպություններ են, և Թուրքիայի գործողությունները Աֆրինում համապատասխանում են միջազգային օրենքին ու ՄԱԿ-ի նորմերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG