Մատչելիության հղումներ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հերթական հնարավորությունը բաց թողնվեց. Արա Գոչունյան


Արա Գոչունյան, արխիվ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հերթական հնարավորությունը բաց թողնվեց, «Ազատության» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Թուրքիայում հրատարակվող «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը՝ անդրադառնալով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու մասին երեկվա հրամանագրին։

Գոչունյանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում մոտ ապագայում չի կանխատեսում։

«Ինչպես արդեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն անցյալ աշնանը հայտարարել էր, Հայաստանի Հանրապետությունը, փաստորեն, 2018-ի թվականի գարունը դիմավորում է առանց Թուրքիայի հետ ստորագրված արձանագրությունների։ 10 տարվա մոտավորապես ժամանակաշրջանում հայ-թուրքական հարաբերությունների ամենահատկանշական վերելքը բնորոշեցին այդ արձանագրությունները և նրանից հետո էլ, անշուշտ, հաջորդեց համաչափ անկում։ Անկարան ու Երևանը հերթական անգամ իրարից հուսախաբ եղան, և, դժբախտաբար, հայ-թուրքական հարաբերությունների միջպետական հարթության վրա բնականոնացման որոնումների մթնոլորտի մեջ հերթական հնարավորությունն է բաց թողնված», - ասաց Գոչունյանը:

Հարցին, թե արդյո՞ք սա նշանակում է, որ փակվեց հարաբերությունները կարգավորելու պատուհանը, «Ժամանակ» թերթի խմբագիրը պատասխանեց. - «Հարցը այն է, որ հայկական կողմն, ըստ երևույթին, պահում է իր քաղաքական կամքը, ուզում է միջազգային հանրությանը համոզված պահել, որ իր քաղաքական կամքը խախտված չէ այս ուղղությամբ, հայկական կողմը իր հանձնառություններից վեր է դասում, բայց իմ անհանգստության պատճառն այն է, որ արդեն այս գործընթացը հստակ արձանագրություններով պայմանավորված գործընթաց է, ըստ երևույթին, իր պիտանելիության ժամկետը ավարտված է, այսպես կոչված, և պատահական չէ նաև, ըստ երևույթին, որ Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահը պիտի ընտրվի Ազգային ժողովի կողմից, և այդ ընտրության ճիշտ նախօրյակին Սերժ Սարգսյանը ցանկացել է առ ոչինչ համարել իր նախագահության ամենասկզբում ստեղծված և կատարված նախաձեռնությամբ ստորագրված այս արձանագրությունները: Այսինքն՝ նախագահ Սարգսյանը ցանկացել է իր ղեկավարության, իր պաշտոնավարության տարիների ժամկետի մեջ պահել այս արձանագրությունները և չի ցանկացել փոխանցել հաջորդ շրջանին»։

Մեկ այլ հարցի՝ Թուրքիայի՝ թե՛ ներքին կյանքում, թե՛ տարածաշրջանային հակամարտություններում ընդգրկված լինելն արդյոք չի՞ հուշում, որ հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու հարցն այլևս շատ կհեռանա, և մոտակա շրջանում դժվար թե վերականգնվի այդ գործընթացը, Գոչունյանը պատասխանեց. - «Բնականաբար, ներկա իրավիճակի մեջ դժվար թե լինեն մեծ փոփոխություններ այսպիսի քարացած հիմնախնդիրների կապակցությամբ, առավել ևս, որ տարածաշրջանը ծանր իրավիճակի մեջ է, Թուրքիան հաջորդ տարի պիտի գնա ընտրությունների, և նախընտրական տրամադրությունները արդեն հիմիկվանից զգալի են երկրի ներսում։ Դրան գումարած՝ Թուրքիայում էս վերջին 15 տարիներին, այսինքն՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության տարիներին, ազգայնական տրամադրությունները գագաթնակետին են հասել, և այս ընդհանուր իրավիճակի տրամաբանությունից չի բխում Հայաստանի հետ հարաբերությունների բնականոնացման գնալը։ Այս պահի դրությամբ դժվար թե երկու հարևան երկրները կարողանան իրենց առաջնահերթությունները համընկեցնելու կետին հասնել, ուստի իմ մեկնաբանությունը կամ կանխատեսումը այն է, որ, ցավոք սրտի, Թուրքիա-Հայաստան հարաբերությունների բնականոնացմանը սպասողները դեռևս պիտի համբերեն»։

Անցած տարի Հայաստանի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից վերջնաժամկետ տվեց Անկարային հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու համար: 2009-ին ստորագրված արձանագրությունները Սերժ Սարգսյանը 2010-ին ուղարկեց խորհրդարան՝ վավերացման: Արձանագրություններն ընդգրկվեցին Ազգային ժողովի մեծ օրակարգում, սակայն 5 տարի հետո Սարգսյանը դրանք ետ կանչեց՝ պատճառաբանելով, որ Հայաստանը մշտապես հետևողական դիրքորոշում է ցուցաբերել արձանագրությունները կյանքի կոչելու հարցում, իսկ Թուրքիայի իշխանությունների մոտ բացակայում է քաղաքական կամքը, Անկարան աղավաղում է արձանագրությունների տառն ու ոգին և շարունակաբար նախապայմաններ է առաջ քաշում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG