Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն դեռևս նոր կառավարության ձևավորման հարց չի քննարկել. Շարմազանով


Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) դեռևս նոր կառավարության ձևավորման հարց չի քննարկել։ Այդ մասին երեկ իշխող կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հանրապետականի խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, նշելով՝ քննարկեն, ավարտեն, թաքուն չեն պահելու։

«Հանրապետական կուսակցությունը դեռևս 2018 թվականի ապրիլից հետո նոր կառավարության ձևավորման հարց չի քննարկել։ Երբ քննարկենք ավարտենք, թաքուն չենք պահելու, ժողովրդին ներկայացնելու ենք», - ասաց Շարմազանովը։

Ըստ Հանրապետական կուսակցության խոսնակի, կայացնելու են պետության շահերից բխող որոշում։

«Ինչպիսի՞ որոշում ենք կայացնելու՝ կայացնելու ենք այնպիսի որոշում, որը կբխի մեր պետության շահերից, մեր ազգի շահերից, մեր անվտանգության մարտավարության դիմակայությունից ելնելով։ Սա է յուրաքանչյուր նորմալ ժողովրդավարական երկրի համար բանաձևը», - ասաց Շարմազանովը՝ շարունակելով. - «Մենք պետք է ընտրենք այնպիսի կառավարություն, այնպիսի վարչապետ, որը լավագույնս կդիմակայի այդ մարտահրավերներին, լավագույնս կղեկավարի Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանությունը, լավագույնս կներկայացնի Հայաստանի Հանրապետությունը ղարաբաղյան բանակցությունների ժամանակ, լավագույնս կներկայացնի Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնության, Իրանի, Միացյալ Նահանգների, եվրոպական կառույցների, Չինաստանի և մեր այլ միջազգային պարտնյորների հետ հարաբերություններում, և ամենակարևորը՝ կսպասարկի բացառապես Հայաստանի Հանրապետության շահը։ Ինչպես պահանջի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և մեր երկրի պետական ու ազգային շահը, այնպես էլ Հայաստանի հանրապետական կուսակցությունը կվարվի։ Ինչու եմ ասում Հայաստանի հանրապետական կուսակցությունը՝ քանի որ 2017 թվականի ապրիլի 2-ին տեղի են ունեցել ընտրություններ, այդ ընտրությունների արդյունքում Սերժ Սարգսյանի գլխավորած քաղաքական ուժը հասել է հաջողության, և մինչև 2022 թվականը մեր սիրելի քաղաքացիները Հանրապետական կուսակցությանն են տվել վստահության մանդատ՝ ձևավորելու կառավարություն»։

Նշենք, որ ապրիլի 9-ին նախագահ Սերժ Սարգսյանը վայր կդնի նախագահի իր լիազորությունները։ Այսօր Ազգային ժողովն ընտրում է Հայաստանի 4-րդ նախագահին։

Նկատենք, թեև նոր Սահմանադրությամբ հանրապետության նախագահը պետության գլուխն է, սակայն նա օժտված է սահմանափակ լիազորություններով՝ երկրի թիվ մեկ պաշտոնյան վարչապետն է:

Ապրիլի 9-ից հետո Ազգային ժողովը պետք է ընտրի նաև Հայաստանի Հանրապետության վարչապետին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG