Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն փորձում է ներկայացնել, որ Սերժ Սարգսյանի վարչապետ լինելու պահանջը ներքևից է գալիս. քաղաքական վերլուծաբան


Հանրապետական կուսակցությունը փորձում է ներկայացնել, որ Սերժ Սարգսյանի վարչապետ լինելու պահանջը ներքևից է գալիս, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Հայկակ Արշամյանը։

«Սերժ Սարգսյանի առաջադրումը, որպես վարչապետի թեկնածու, ներկայացվում է Հանրապետական կուսակցության, Հանրապետական մեծամասնության հորդոր խնդրանք, պահանջ, այսինքն՝ փորձում են ներկայացնել այնպես, որ էդ պահանջը ներքևից է գալիս։ Այսինքն՝ ողջ կուսակցությունը ցանկանում է, Սերժ Սարգսյանն առանձնապես չի ցանկանում, նա հայտարարել է դրա մասին՝ հասարակությանը բաց ասել է, որ ինքը շահագրգռված չի շարունակելու երկրի ղեկավարումը, բայց քանի որ պահանջարկն այնքան մեծ է կուսակցության ներսում, որ ինքը չի կարողանում ընդդիմանալ պահանջարկին և ուղղակի էդ սոուսի ներքո է այժմ ներկայացվում Սերժ Սարգսյանի իշխանության շարունակականությունը», - ասաց քաղաքական վերլուծաբանը։

Ընդ որում, ինչպես Արշամյանն ասաց, նա ստանում է շատ ավելի մեծ լիազորություններ, քան ուներ նախագահ եղած ժամանակ։

«Ապագա վարչապետի լիազորությունները սուպեր լիազորություններ են, և այդ մարդու ձեռքում են կենտրոնանում երկրում ամբողջ իշխանությունը», - ասաց քաղաքական վերլուծաբանը։

Հիշեցնենք՝ 2014 թվականի ապրիլի 10-ին, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել էր․ - «Վստահ եմ, որ մեկ մարդը երկու անգամից ավել իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում: Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես՝ Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին։ Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»:

Երեկ Ազգային ժողովում իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը, բացի Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջնորդը լինելուց, շարքային կուսակցական է և պարտավոր է ենթարկվելու քաղաքական ուժի որոշումներին՝ հենց կուսակցությունը պետք է որոշի, թե ով կարող է ստանձնել իշխանության ղեկը և որ պաշտոնում:

Նշենք, որ ապրիլի 9-ին ավարտվում է Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունների ժամկետը, ինչից հետո խորհրդարանը կընտրի նոր վարչապետին, որը, ըստ փոփոխված Սահմանադրության, կլինի գործադիր իշխանության փաստացի ղեկավարը։ Մինչ այդ՝ մարտի 2-ին խորհրդարանը կընտրի Հայաստանի 4-րդ նախագահին՝ յոթ տարի ժամկետով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG