Մատչելիության հղումներ

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործով մեղադրանք է առաջադրվել 7 անձի


Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով 7 անձի մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար:

Քննչական կոմիտեն հիշեցնում է, որ Էրեբունի և Նուբարաշենի քննչական բաժնում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց, պարզվել է թմրամիջոցների շրջանառության մեջ ներգրավված 7 անձի ինքնություն, հստակեցվել են նրանցից յուրաքանչյուրի գործողությունները, առաջադրվել են մեղադրանքներ:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ թմրամիջոցները Հայաստան են ներկրվել Իրանից՝ մաքսանենգ ճանապարհով: Ըստ Քննչական կոմիտեի այսօրվա հաղորդագրության, թմրամիջոցների ներկրումը կազմակերպել են Իրանի քաղաքացիները՝ օգտագործելով տարբեր հնարքներ՝ այն թաքցնելով ավտոբուսներով Հայաստան ներկրված կենցաղային տեխնիկայի մեջ, ինչպես նաև՝ իրենց իսկ մարմնում, ապա՝ տեղափոխել Հայաստանում վարձակալված բնակարան: Թմրամիջոցներն իրացվել են Հայաստանի քաղաքացիների, որոնք էլ, իրենց հերթին, այն վաճառել են տարբեր անձանց:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանքներ են առաջադրվել 7 անձի, որոնից 3-ը՝ Իրանի, 4-ը՝ Հայաստանի քաղաքացիներ են: Իրանի քաղաքացիներից երկուսի, Հայաստանի քաղաքացիներից երեքի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Քրեական գործի շրջանակում, օրենքով սահմանված կարգով, կատարվել են խուզարկություններ մի շարք անձանց բնակավայրերում, Կենտրոն վարչական շրջանի տարածքում գործող գիշերային ակումբներից մեկում։ Արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ, այդ թվում՝ հոգեմետ նյութեր, «մարիխուանա», ինչպես նաև՝ շուրջ 381 գրամից ավել «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, որի 1 գրամը Հայաստանի «սև շուկայում» իրացվում է 100 հազար դրամի շրջանակում։

Նկատի ունենալով, որ բավարար ապացույցներ են ձեռք բերվել թմրամիջոցների՝ մաքսանենգ ճանապարհով Հայաստան տեղափոխվելու մասին, քրեական գործն ուղարկվել է դատախազություն՝ քննչական ենթակայության հարցը որոշելու համար, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG