Մատչելիության հղումներ

Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպք. 5 անձ ձերբակալվել է


Քննչական կոմիտեն հայտնում է, որ Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք. հայտնաբերվել և առգրավվել է մեծ քանակությամբ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, 5 անձ ձերբակալվել է:

«Փետրվարի 16-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթ է ընդունվել ՀՀ երկու քաղաքացիների կողմից առանց իրացնելու նպատակի թմրամիջոց ձեռք բերելու դեպքի առթիվ ՀՀ Քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով ոստիկանությունում հարուցված քրեական գործը: Ստեղծվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան և ձեռնարկվել են մեծածավալ քննչական գործողություններ՝ թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը, իրացնողների ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Արդյունքում՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ թմրամիջոցը Հայաստան է ներկրվել արտերկրից, պարզվել թմրամիջոցի՝ մաքսանենգ ճանապարհով Հայաստան տեղափոխմանը, իրացմանն անմիջական մասնակցություն ունեցած անձանցից մի քանիսի ինքնությունը, ովքեր ՀՀ և ԻԻՀ քաղաքացիներ են, մեխանիզմը», - ասված է հաղորդագրությունում:

«Քրեական գործի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, կատարվել են խուզարկություններ մի շարք անձանց բնակավայրերում, Կենտրոն վարչական շրջանի տարածքում գործող գիշերային ակումբներից մեկում։ Արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ, այդ թվում՝ հոգեմետ նյութեր, «մարիխուանա», ինչպես նաև՝ շուրջ 381 գրամից ավել «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, որի 1 գրամը Հայաստանի «սև շուկայում» իրացվում է 100.000 ՀՀ դրամի շրջանակում։ 5 անձ ձերբակալվել է, որոնցից 2-ը՝ ԻԻՀ, 3-ը՝ ՀՀ քաղաքացի», -* փոխանցում է Քննչական կոմիտեն:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը հնարավոր մասնակցություն ունեցած այլ անձանց ինքնությունը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։

Քրեական օրենսգրքի հավելված 1-ի համաձայն՝ «մեթամֆետամինի» 1.5 գրամից ավելին համարվում է առանձնապես խոշոր չափ, պարզաբանում է Քննչական կոմիտեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG