Մատչելիության հղումներ

Խորհրդարանական ընդդիմությունը վիճարկում է ՀՀ նախագահի ընտրության կարգի սահմանադրականությունը


«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, իրավաբան Գևորգ Պետրոսյանը կարծում է, որ սահմանադրականության խնդիր չկա․ Հանրապետության չորրորդ նախագահին պետք է ընտրի Ազգային ժողովը։

«Անձով պայմանավորված չէ: Դուք շատ լավ գիտեք, որ մեր խմբակցությունն առայժմ պաշտոնական դիրքորոշում չի արտահայտել Արմեն Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու կամ չպաշտպանելու վերաբերյալ», - նշեց Պետրոսյանը:

Հանրապետության նախագահի ընտրության կարգն ու նրան ներկայացվող պահանջները սահմանված են Սահմանադրության փոփոխությունների 5-րդ գլխի 124 և 125 հոդվածներում։ Սակայն եզրափակիչ և անցումային դրույթների 209-րդ հոդվածի համաձայն, 5-րդ գլուխն ուժի մեջ է մտնում նորընտիր նախագահի պաշտոնը ստանձնելու օրը․ մինչև այդ շարունակում են գործել 2005 թվականի Սահմանադրության համապատասխան դրույթները։

Մի շարք իրավաբաններ, Սահմանադրության անցումային դրույթների համապատասխան ձևակերպմանը հղում անելով, այս օրերին պնդում են՝ նոր նախագահը պետք է ընտրվի հին Սահմանադրությամբ, այսինքն ոչ թե Ազգային ժողովի, այլ համապետական ընտրությամբ։

Այս կարծիքի ընդդիմախոսները նախ հղում են կատարում Սահմանադրության փոփոխությունների անցումային մեկ այլ դրույթի՝ նախագահի ընտրության ժամկետներին վերաբերող 211-րդ հոդվածին, ըստ որի 125-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի առաջին ընտրությունն անցկացվում է գործող նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան քառասուն, և ոչ ուշ, քան երեսուն օր առաջ:

Գևորգ Պետրոսյանը մեկ այլ դիտարկում էլ արեց՝ Սահմանադրության 7-րդ հոդվածով թվարկված է, որ Ազգային ժողովի և համայնքների ավագանու անդամների ընտրություններն են անցկացվում ուղղակի քվեարկությամբ․ - «Այստեղ խոսքը չի կարող գնալ մեկ իրավական նորմի տառացի մեկնաբանման մասին՝ շեղվելով ամբողջ Սահմանադրության բովանդակությունից: Ես գուցեև շռայլ գնահատական չեմ համարում սա, բայց պետք է ասեմ, որ սահմանադրական բարեփոխումների հիմնական գաղափարը դա պառլամենտական պետության անցումն է: Հիմա եթե մենք էդ նորմը մեկնաբանենք իրենց համար ցանկալի կամ իրենց համար ընկալելի իմաստով, դա նշանակում է Սահմանադրության էդ մեկ իրավադրույթի մեկ նորմը ուղղակի կտրում ենք մենք ամբողջ Սահմանադրության բովանդակությունից»:

«Ելք» խմբակցության կարծիքով, Հայաստանի հաջորդ նախագահը պետք է ընտրվի ոչ թե խորհրդարանի, այլ քաղաքացիների կողմից։

Ընդդիմադիրները ցանկանում են հարցը հասցնել Սահմանադրական դատարան։ Դրա համար 9 մանդատ ունեցող «Ելք»-ին անհրաժեշտ է 21 պատգամավորի ստորագրություն: Նիկոլ Փաշինյանը դիմել է «Ծառուկյան» խմբակցությանը՝ աջակցության ակնկալիքով:

Հարցը, սակայն, դժվար թե հասնի Սահմանադրական դատարան: «Ծառուկյան» խմբակցությունը, իհարկե, պաշտոնական դիրքորոշում դեռ չի հայտնել, բայց Գևորգ Պետրոսյանը կարծում է, որ խմբակցության դիրքորոշումը չի տարբերվի իր տեսակետից․ - «Իմ տեսակետը հնչեցնելու եմ խմբակցությունում ու կարծում եմ, որ խմբակցության տեսակետը չի տարբերվի իմ տեսակետից»:

Այնուհանդերձ, եթե կա վեճ, ինչո՞ւ հնարավորություն չտալ այն հանգուցալուծել Սահմանադրական դատարանում: Այս կապակցությամբ Պետոսյանն ասում է՝ ինքնանպատակ գործընթացների մեջ չենք ներքաշվում․ - «Եթե տեսնում ենք իրավական հեռանկար չկա, անիմաստ է էդ ստորագրությունները դնել, գնալ դատարան, դատարանում դիմումը մերժվի: Մենք դրանով ի՞նչ փորձենք ապացուցել: Որ գիտենք, որ իրավաբանական (ոչ քաղաքական) հեռանկար չկա՞»:

«Ելք»-ում չեն շտապում գնահատական տալ «Ծառուկյան» դաշինքից հնչող գնահատականին՝ սպասում են խմբակցության վերջնական որոշմանը։

Գևորգ Գորգիսյանն «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց, թե երկրի համար է օգտակար, որ դիմումը գնա Սահմանադրական դատարան, վիճահարույց դրույթները ստանան մեկնաբանություն, երկիրը վաղը-մյուս օրը չկանգնի սահմանադրական ճգնաժամի առաջ․ - «Թեկուզ եթե «Ծառուկյան» խմբակցությունում վստահ են, որ այստեղ վիճարկելու հարց չկա, բայց կա խնդիր․ Սահմանադրական դատարանը իր դիրքորոշումը հայտնի և հստակ պարզաբանում տա, թե ինչպես պետք է կիրառվի և ինչպես պետք է մեկնաբանվի այն վիճահարույց դրույթները Սահմանադրության մեջ, որի մասին մենք խոսում ենք»:

ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի գնահատկանը՝ եթե «Ծառուկյան» խմբակցությունը չաջակցի «Ելք»-ին, ու հարցն չտեղափոխի Սահմանադրական դատարան․ - «Ես կարծում եմ, որ «Ծառուկյան» խմբակցության դիրքորոշումը ոչ թե համընկնում է իշխանության դիրքորոշման հետ, այլ բխում է ընդամենը Սահմանադրությունից և օրենքներից»:

Նախագահի ընտրությունը նախատեսվում է անցկացնել խորհրդարանում հաջորդ շաբաթ: Թեկնածուն մեկն է՝ իշխող կոալիցիայի կողմից այսօր պաշտոնապես առաջադրված Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը:

XS
SM
MD
LG