Մատչելիության հղումներ

Նախարար․ Եթե Արմեն Սարգսյանը ընտրվի նախագահ, կշահի նաև կրթության ոլորտը


Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, արխիվ:

Հայաստանի կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի համոզմամբ՝ եթե Արմեն Սարգսյանը դառնա Հայաստանի չորրորդ նախագահ, ապա երկիրը դրանից շատ կշահի, երկրի հետ միասին կշահի նաև կրթության ոլորտը:

«Ազատությունը» կրթության նախարարից հետաքրքրվեց, թե ոլորտում ինչ թերություններ կամ բացթողումներ էր տեսել Արմեն Սարգսյանը, որ անցած ուրբաթ նախագահի հետ հանդիպման ժամանակ առանձնացրել էր իր սրտին ամենամոտ գտնվող կրթությունը, շեշտելով՝ այն ունի հատուկ ուշադրության կարիք և Հանրապետության ապագա նախագահն իր դերը կարող է ունենալ քաջալերելու ոլորտը։

Լևոն Մկրտչյանը պատասխանեց, թե քեմբրիջյան փորձ ունեցող Ամեն Սարգսյանի համար կարևոր են հատկապես բարձրագույն կրթության խնդիրները․ - «Ես մասնակցեցի Դաշնակցության հետ հանդիպմանը՝ որպես Գերագույն մարմնի անդամ: Խոսեցինք կրթության մասին: Մենք եկել ենք որակական մի աստիճանի վրա, երբ պետք է արդեն ձևը ամբողջությամբ լցվի բովանդակությամբ: Հայաստանում բարձրագույն կրթական որակի և բնագիտության վերադարձի խնդիրն է հիմնականում, և կառավարման համակարգի՝ կրթության մենեջմենթի փոփոխություն»:

Բարձրագույն կրթության զարգացման մասին խոսող նախարարին հիշեցրինք, որ 21-րդ դարի հայաստանյան բուհերում բացակայում են հիգիենայի համար նախատեսված տարրական պարագաները։ Անցած շաբաթ մայր բուհի ուսանողները զուգարանի թղթի հավաքման ակցիա են կազմակերպել՝ նշելով, որ իրենց տված վարձավճարների դիմաց համալսարանն անգամ զուգարանի թղթով չի ապահովում։

«Համալսարանի զուգարանները պետք է լինեն շատ բարվոք վիճակում, և պայմանները պետք է ապահովված լինեն: Թե չէ մենք 21-րդ դար չենք․․․ Եթե ուսանողները խնդիր ունեն, դնում են, պիտի ռեկտորը կամ ռեկտորատը դրանով հետաքրքրվի, զբաղվի: Ես չեմ տեսնում, որ այդտեղ ինչ-որ արտառոց բան կա, ոչ էլ անկարևոր եմ համարում», - արձագանքեց Մկրտչյանը:

Բարձրագույն կրթության զարգացման մասին խոսող նախարարին հիշեցրեցիք, որ 21-րդ դարի հայաստանյան ԲՈՒՀ-երում բացակայում են հիգիենայի համար նախատեսված տարրական պարագաները։ Անցած շաբաթ մայր բուհի ուսանողները զուգարանի թղթի հավաքման ակցիա են կազմակերպել՝ նշելով, որ իրենց տված վարձավճարների դիմաց համալսարանն անգամ զուգարանի թղթով չի ապահովում։ Լևոն Մկրտչյանն արձագանքեց՝ ուսանողը պետք է պահանջատեր լինի, չէ որ ամեն ինչ ստեղծվում է հենց ուսանողների վարձավճարների միջով ու ստեղծվում է հենց նրանց համար։

Բարձրագույն կրթության թեման այսօրվա ասուլիսում ամենաքննարկվող էր։ Նախարարը խոսեց նաև նոր օրենքի նախագիծից, որը դեռ հունվարին արժանացել էր Կառավարության հավանությունն ու ուղարկվել Ազգային ժողով:

Լրագրողները Մկրտչյանին հիշեցրեցին, որ նոր նախագծից դժգոհ են հատկապես հաշմանդամություն ունեցող ուսանողները, որոնք օրենսդրությամբ այս անգամ էլ երաշխիքներ չեն ստանում։

Կրթության հատուկ պայմանների կարիք ունեցողները պնդում են, թե օրինագիծը միտված չէ մատչելի կրթության ապահովմանը, և այստեղ կրկին ոտնահարվում են իրենց իրավունքները։

Այս դիտարկմանը Լևոն Մկրտչյանն արձագանքեց․ - «Մենք խորը ներառականության խնդիր ունենք այս օղակում, բայց այն մեծ ծախսերի հետ է կապված։ Պետությունը պետք է կարողանա իր օրենսդրական ակտերով դնել որոշակի պայմաններ: Ուրիշ խնդիր է, որ ինքը մեծ ծախսային խնդիր ունի: Հատկապես հենաշարժողական և արատ ունեցողների՝ խուլերի կամ․․․ Ինքը մեծ ծախսերիհարց է դնում: Մեր բարձրագույն կրթական համակարգում ընդհանուր տարեկան ծախսվում է մոտավորապես 50 միլիոն դոլարին համարժեք գումար՝ ներառյալ բոլոր վարձավճարները, դրամաշնորհներ և այլն։ Դա միջին ամերիկյան համալսարանի մի ֆակուլտետի խնդիր է: Դրա համար, երբ որ մենք ցանկությունները դնում ենք, պիտի նայենք նաև այդ բուհի հնարավորությունները: Այստեղ է խնդիրը: Բայց որ խնդիրը պիտի դնես և քայլ առ քայլ գնաս այդ ճանապարհով՝ միանաշանակ համաձայն եմ»:

Մկրտչյանը շեշտում է, որ թեև նոր օրինագծով կատարվելու են արմատական փոփոխություններ, ու բուհերի անկախությունը կտրուկ մեծանալու է, սակայն չի դադարեցվելու պետության ֆինանսական աջակցությունը բուհերին․ - «Այս իմաստով իրականացվել է բավականին լուրջ աշխատանք: Միայն 2017 թվականին մենք մեր համալսարաններին տրամադրել ենք միայն պետական բյուջեից վարկային ծրագրով մեկ միլիոն 173 հազար դոլարի ծրագիր: 12 դրամաշնորհային ծրագրեր են, որոնց մեծ մասի բացմանը, արդյունքներին դուք եղել եք: 2018 թվականին մոտ մեկ միլիոն էլ կտրամադրենք»:

Կրթության նախարարը նաև նշեց, որ վերջին շրջանում մեծ ուշադրություն են դարձնում նաև հատուկ կրթություն իրականացնող հաստատություններին։ Ըստ ոլորտի ղեկավարի, այնտեղ չարաշահումներ կան, քանի որ երբեմն հաշմանդամություն ունեցող երեխայի անվան տակ գրանցում են, օրինակ, սոցիալապես անապահով ընտանիքի աշակերտի։ Իսկ պատճառը մեկն է՝ նման կրթօջախներում ֆինանսավորումը բարձր է։

Առանց անուններ նշելու՝ նախարարն ասաց, թե թույլ չեն տալու, որ հաշմանդամություն ունեցող երեխաների անվան տակ իրականացվեն բոլորովին այլ նպատակներ հետապնդող ծրագրեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG