Մատչելիության հղումներ

Ստեղծվում է Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի կիրարկումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողով


Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման արարողությունը, Բրյուսել, 24-ը նոյեմբերի, 2017թ․

Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և Հայաստանի ու Եվրոպական միության միջև «Գործընկերության առաջնայնություններ» փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ հանձնաժողովը գլխավորելու է փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, հանձնաժողովում ընդգրկված կլինեն Արտաքին գործերի, Արդարադատության, Տնտեսական ներդրումների և զարգացման, Ֆինանսների նախարարները, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը, Արտաքին գործերի, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, Գյուղատնտեսության փոխնախարարները, Ոստիկանության պետի տեղակալը, Հայաստանի նախագահի օգնականը, Կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության և Արտգործնախարարության Եվրոպայի վարչության պետերը:

Հանձնաժողովը պետք է համակարգի համաձայնագրով և փաստաթղթով սահմանված առևտրատնտեսական և ոլորտային համագործակցության շրջանակներում Եվրոպական միության ու դրա անդամ պետությունների հետ Հայաստանի իրավասու մարմինների աշխատանքները, հաստատի համաձայնագրից և փաստաթղթից բխող, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից մշակված, այդ թվում՝ բարեփոխումների և մոտարկման գործընթացների իրականացմանն ուղղված՝ կիրարկումն ապահովող միջոցառումների ծրագրերը և հետևի դրանց կատարմանը, նախապես քննարկի համաձայնագրով նախատեսված՝ ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի և Գործընկերության կոմիտեի օրակարգերում ներառված առևտրատնտեսական և ոլորտային համագործակցության հարցերը և ընդունի որոշումներ:

Հանձնաժողովը աշխատելու է նիստերի միջոցով, որոնք գումարվելու են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան եռամսյակը մեկ անգամ:

Հայաստանի պետական կառավարման մարմիններին հանձնարարվում է հանձնաժողովի հետ նախապես քննարկել դրա համակարգմանը ենթակա հարցերին վերաբերող ծրագրերը, հանդիպումները, միջոցառումները, ստորագրվելիք և հաստատվելիք փաստաթղթերը:

Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, հիշեցնենք, Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվել է նոյեմբերի 24-ին, «Գործընկերության առաջնայնություններ» փաստաթուղթը՝ նոյեմբերի 20-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG