Մատչելիության հղումներ

Գերագույն հոգևոր խորհուրդը սթափության կոչ է ուղղում Պոլսո Աթոռի միաբաններին


Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների հավաք Մայր Աթոռում, արխիվ

Փետրվարի 20-23-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցած Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի ընթացքում ներեկեղեցական հարցերի շարքում անդրադարձ է կատարվել Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության կյանքում վերջին տարիների զարգացումներին և պատրիարքական ընտրությունների կազմակերպման գործընթացին։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդագրության համաձայն՝ քննարկումների արդյունքում Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում «կրկին իր մտահոգությունն է արտահայտում Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հիվանդության պատճառով անցնող տասը տարիների ընթացքում Պատրիարքության և պոլսահայության կյանքում տեղ գտած անցանկալի զարգացումների առնչությամբ»։

«Պատրիարքական Աթոռի շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ անհանգստություն և ընդվզում է առաջ բերել աշխարհասփյուռ մեր ժողովրդի մեջ», - ասված է հայտարարությունում: - «Փաստացի թափուր Աթոռի իրողության և նոր պատրիարքական ընտրություններ անցկացնելու հրամայականի առջև 2016 թվականին Պատրիարքության մեջ նոր զգայունություններ առաջացան, որոնց փարատման համար Ամենայն Հայոց Կաթողիկոսի հորդորով Սուրբ Էջմիածին հրավիրված Աթոռի եպիսկոպոսաց դասը հանձնառու եղավ հանգուցալուծման առաջնորդելու առկա խնդիրները։ Արդյունքում պատրիարքական տեղապահի ընտրությունը նոր հույս ներշնչեց պատմական Աթոռը գահակալով օժտելու և պոլսահայության բնականոն կյանքը վերականգնելու առումով։ Ցավով ենք արձանագրում, որ կարճ ժամանակ անց եկեղեցական պատասխանատու մարմինների ու անհատների անշրջահայաց քայլերի հետևանքով ստեղծվեց մի իրավիճակ, որն առիթ տվեց արտաքին ներազդեցությունների և Թուրքիայի իշխանությունների միջամտության՝ հանգեցնելով նորանոր հուզումների և վերստին ձախողելով պատրիարքական ընտրությունների կազմակերպմանն ի նպաստ ներդրված ջանքերը»։

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մշտապես ողջունել է պոլսահայության կամարտահայտությունը և իր զորակցությունն է բերել Աթոռի պատկան կառույցների կողմից առնվող որոշումներին։ Պոլսո Պատրիարքության Կրոնական ժողովի 2018թ. փետրվարի 9-ի որոշումը նկատի առնելով հանդերձ` սթափության կոչ ենք ուղղում Աթոռի միաբաններ Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին, Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին, Գերաշնորհ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանին և մնացյալ եկեղեցականներին՝ սեփական ձգտումներից ու միջանձնային հարաբերություններից վեր դասելու և առաջնային նկատելու Կ.Պոլսո Աթոռի շահը՝ ամենայն իմաստությամբ և հանձնառությամբ սրբագրելու արձանագրված սխալ գործընթացները և վերականգնելու խաղաղությունը, միասնությունն ու համերաշխությունը պոլսահայոց ալեկոծյալ կյանքում», - հայտարարում է Գերագույն հոգևոր խորհուրդը:

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հորդորն է Կրոնական ժողովի անդամներին և համայնքում հանգամանք ու հեղինակություն ունեցող աշխարհական հայորդիներին՝ միաբան ու համախորհուրդ, Հայոց Եկեղեցու կանոնների և օրինական պահանջների պահպանմամբ, հետամուտ լինել երկարամյա ծանր հիվանդության մեջ գտնվող Ամենապատիվ Մեսրոպ Պատրիարքին անգործունյա ճանաչելուն և պետության հետ սահմանված ընթացակարգով պատրիարքական ընտրությունների կազմակերպմանը` ի պայծառություն Պոլսո Հայոց Պատրիարքության և ի մխիթարություն մեր բարեպաշտ ժողովրդի: Մեր ակնկալությունն է Թուրքիայի իշխանություններից, որ ընդառաջեն Հայոց Պատրիարքի ընտրությունների կազմակերպման հայ համայնքի արդար պահանջին։ Հանդարտության հրավեր ենք ուղղում նաև աշխարհասփյուռ մեր ժողովրդին` ողջախոհությամբ և զսպվածությամբ առիթ ընձեռելու Պոլսո Աթոռին հաղթահարելու ստեղծված կացությունը», - ասված է հայտարարությունում:

Հիշեցնենք, 2016 թվականի հոկտեմբերի վերջին Պոլսո Հայոց պատրիարքարանում տեղի ունեցած եկեղեցական ընդհանուր ժողովի ժամանակ Հոգևոր խորհուրդը, առաջնորդվելով եկեղեցական կանոնադրությամբ և ավանդույթներով, 2008 թվականից ի վեր ծանր հիվանդության պատճառով փաստացիորեն անգործունակ վիճակում գտնվող պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի ուխտը լուծարված էր համարել` օրակարգ բերելով նոր պատրիարք ընտրելու հարցը:

2017-ի օգոստոսի սկզբին պատրիարքական ընտրությունները նախաձեռնող խումբը դիմել էր Ստամբուլի նահանգապետարան՝ առաջարկելով նոր պատրիարքին ընտրող պատվիրակների ընտրություններն անցկացնել դեկտեմբերի 10-ին, իսկ պատրիարքի ընտրությունները՝ դեկտեմբերի 13-ին: Ակնկալվում էր, որ Ստամբուլի նահանգապետարանն այս դիմումին պետք է պատասխաներ մինչև հոկտեմբերի 9-ը, սակայն սահմանված ժամկետում որևէ արձագանք չէր ստացվել: Այնուհետև նախաձեռնող խումբը դիմել էր դատարան՝ հայց ներկայացնելով Թուրքիայի ներքին գործերի նախարարության դեմ։

Ստամբուլի նահանգապետարանը փետրվարի 5-ին ի վերջո պատասխանել է Պոլսո Հայոց նոր պատրիարքի ընտրության անցկացման վերաբերյալ դիմումին: Թուրքական իշխանությունները հայտնել են, որ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը դեռևս ողջ է, նրա առողջական խնդիրները պատրիարքական աթոռը թափուր ճանաչելու պատճառ չեն համարվում, հետևաբար նոր պատրիարքի ընտրության համար անհրաժեշտ պայմաններ չկան, և Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը շարունակում է մնալ պատրիարքական փոխանորդի պաշտոնում, իսկ տեղապահ Գարեգին Բեքչյանի ընտրության գործընթացը, ինչպես նաև նրա կայացրած որոշումներն անվավեր են համարվում: Իսկ Պոլսո Հայոց պատրիարքարանի Կրոնական ժողովի փետրվարի 9-ի որոշման համաձայն՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կշարունակի պաշտոնավարել որպես պատրիարքական փոխանորդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG