Մատչելիության հղումներ

Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կշարունակի պաշտոնավարել որպես պատրիարքական փոխանորդ


Պոլսո Հայոց պատրիարքարանի Կրոնական ժողովի որոշման համաձայն Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կշարունակի պաշտոնավարել որպես պատրիարքական փոխանորդ: Այս մասին հայտարարությունը նախօրեին հրապարակվել է պատրիարքարանի պաշտոնական կայքում։

Երեկ առավոտյան պատրիարքարանում Կրոնական ժողովը Սահակ եպիսկոպոս Մաշալյանի նախագահությամբ և Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի մասնակցությամբ քննարկել է պատրիարքական ընտրության գործընթացի վերաբերյալ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունից փետրվարի 5-ին ստացված նամակի շուրջ ստեղծված անորոշ իրավիճակը։ «Ժամանակ» օրաթերթի փոխանցմամբ, պատրիարքական տեղապահի պաշտոնում ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը չի մասնակցել հավաքին՝ ավելի վաղ Մաշալյանին հայտնելով հրաժարական տալու մտադրության մասին:

Հանդիպմանը որոշում է կայացվել առաջնորդվել իշխանությունների հայտնած դիրքորոշմամբ՝ վերադառնալ 2016 թվականի հոկտեմբերի 26-ի կրոնական ժողովից առաջ եղած վիճակին, երբ Մեսրոպ պատրիարք Մութաֆյանը հանգստյան էր կոչվել։ Այսպիսով, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կշարունակի մնալ պատրիարքական փոխանորդի պաշտոնում։ Կրոնական ժողովի համոզմամբ,
նոր պատրիարքի ընտրությունը տեղի կունենա համապատասխան պայմանների առկայության պարագայում։

Հիշեցնենք, ամիսներ տևած լռությունից հետո Ստամբուլի նահանգապետարանը փետրվարի 5֊ին ի վերջո պատասխանել էր Պոլսո Հայոց նոր պատրիարքի ընտրության անցկացման վերաբերյալ դեռ օգոստոս ամսին ուղարկված դիմումին: Թուրքական իշխանությունները հայտնել էին, որ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը դեռևս ողջ է, նրա առողջական խնդիրները պատրիարքական աթոռը թափուր ճանաչելու պատճառ չեն համարվում, հետևաբար նոր պատրիարքի ընտրության համար անհրաժեշտ պայմաններ չկան և Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը շարունակում է մնալ պատրիարքական փոխանորդի պաշտոնում, իսկ տեղապահ Գարեգին Բեքչյանի ընտրության գործընթացը, ինչպես նաև նրա կայացրած որոշումներն անվավեր են համարվում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG