Մատչելիության հղումներ

Գերագույն հոգևոր խորհուրդը քննարկում է իրավիճակը Պոլսո Հայոց պատրիարքությունում


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ, արխիվ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի, սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը՝ ընդլայնված կազմով: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, օրակարգում ընդգրկված են համազգային և ներեկեղեցական մի շարք հարցեր:

«Մասնավորաբար, քննարկվելու են Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությանն առնչվող խնդիրներ, Հայ Եկեղեցու կառավարման արդյունավետության, Հայաստանի առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-րդ տարեդարձի տոնախմբման, երիտասարդների շրջանում քարոզչական առաքելության զորացման մասին նյութեր։ Քառօրյա ժողովին կներկայացվի նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածնի ու թեմերի 2017թ. գործունեության տեղեկագիրը», - ասված է հաղորդագրությունում:

2016 թվականի հոկտեմբերի վերջին Պոլսո Հայոց պատրիարքարանում տեղի ունեցած եկեղեցական ընդհանուր ժողովի ժամանակ Հոգևոր խորհուրդը, առաջնորդվելով եկեղեցական կանոնադրությամբ և ավանդույթներով, 2008 թվականից ի վեր ծանր հիվանդության պատճառով փաստացիորեն անգործունակ վիճակում գտնվող պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի ուխտը լուծարված էր համարել` օրակարգ բերելով նոր պատրիարք ընտրելու հարցը:

2017-ի օգոստոսի սկզբին պատրիարքական ընտրությունները նախաձեռնող խումբը դիմել էր Ստամբուլի նահանգապետարան՝ առաջարկելով նոր պատրիարքին ընտրող պատվիրակների ընտրություններն անցկացնել դեկտեմբերի 10-ին, իսկ պատրիարքի ընտրությունները՝ դեկտեմբերի 13-ին: Ակնկալվում էր, որ Ստամբուլի նահանգապետարանն այս դիմումին պետք է պատասխաներ մինչև հոկտեմբերի 9-ը, սակայն սահմանված ժամկետում որևէ արձագանք չէր ստացվել: Այնուհետև նախաձեռնող խումբը դիմել էր դատարան՝ հայց ներկայացնելով Թուրքիայի ներքին գործերի նախարարության դեմ։

Ստամբուլի նահանգապետարանը փետրվարի 5-ին ի վերջո պատասխանել է Պոլսո Հայոց նոր պատրիարքի ընտրության անցկացման վերաբերյալ դիմումին: Թուրքական իշխանությունները հայտնել են, որ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը դեռևս ողջ է, նրա առողջական խնդիրները պատրիարքական աթոռը թափուր ճանաչելու պատճառ չեն համարվում, հետևաբար նոր պատրիարքի ընտրության համար անհրաժեշտ պայմաններ չկան և Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը շարունակում է մնալ պատրիարքական փոխանորդի պաշտոնում, իսկ տեղապահ Գարեգին Բեքչյանի ընտրության գործընթացը, ինչպես նաև նրա կայացրած որոշումներն անվավեր են համարվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG