Մատչելիության հղումներ

2017-ի ընթացքում հայ-ռուսական առևտրաշրջանառությունն աճել է 26.1 տոկոսով. Կարեն Կարապետյան


«Մեր տվյալներով՝ 2017-ի ընթացքում հայ-ռուսական առևտրաշրջանառությունն աճել է 26.1 տոկոսով, Հայաստանից արտահանումը՝ 44.6 տոկոսով, ներմուծումը՝ 19.1 տոկոսով», - այսօր Երևանում հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 18-րդ նիստի ժամանակ ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը։

Ըստ ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջի, նիստը տեղի է ունեցել հանձնաժողովի համանախագահներ՝ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի և Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորությամբ։

Կարապետյանն ընդգծել է, որ այն, ինչ նախանշվել էր 2017 թվականի համար, գործնականում իրականացվել է:

«Ունենք աճ՝ բոլոր ցուցանիշներով: Մաքսիմ Սոկոլովի հետ առանձնազրույցում նախանշել ենք հնարավոր զարգացման բոլոր կետերը և մեր հարաբերությունների դիվերսիֆիկացման ուղիները: Մեր տվյալներով՝ 2017-ի ընթացքում հայ-ռուսական առևտրաշրջանառությունն աճել է 26.1 տոկոսով, Հայաստանից արտահանումը՝ 44.6 տոկոսով, ներմուծումը՝ 19.1 տոկոսով», - ասել է վարչապետը:

Անդրադառնալով Հայաստանի տնտեսական ցուցանիշներին՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ 2017-ին տնտեսական ակտիվությունն աճել է 7.7 տոկոսով, արտաքին առևտրաշրջանառությունը՝ 26.9, արտահանումը՝ 25.2, ներմուծումը՝ 27.8, ծառայությունների մատուցման ոլորտում աճը կազմել է 14.4 տոկոս, արդյունաբերության աճը՝ 12.6 տոկոս, գնաճը կազմել է 2.6 տոկոս:

«2018-ի հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության աճը կազմել է 10.2 տոկոս, արդյունաբերութան աճը՝ 13.9, շինարարության աճը՝ 19.7, արտաքին առևտրաշրջանառության աճը՝ 47.6, արտահանման աճը՝ 45.2, ներմուծման աճը՝ 48.9, ծառայությունների մատուցման աճը՝ 15.5 տոկոս: Գտնվում ենք զարգացման լավ թրենդի վրա և շահագրգռված ենք, որպեսզի դրան առավելագույնս մասնակցեն մեր ռուսաստանցի բարեկամներն ու գործընկերները», - նշել է կառավարության ղեկավարը՝ շեշտելով, որ միջկառավարական հանձնաժողովը հայ-ռուսական երկկողմ համագործակցության կարևորագույն հարթակներից է:

Վարչապետը տեղեկացրել է, որ Մաքսիմ Սոկոլովի հետ պայմանավորվել են տարբեր ուղղություններով սահմանել կոնկրետ պատասխանատուների՝ ծրագրերն առաջ մղելու համար:

«Այսօր Հայաստանը լինելով ոչ մեծ շուկա՝ կարող է մեր գործընկերներին, ներդրողներին ներգրավել նրանով, որ ԵԱՏՄ-ի անդամ է, ունի արտոնյալ մուտքեր դեպի 180-միլիոնանոց եվրասիական շուկա: Քննարկման կարևոր թեմա է եղել Մեղրի ազատ տնտեսական գոտին՝ ԵԱՏՄ-ի և Իրանի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրման ծրագրերի համատեքստում: Կարծում եմ, որ այս հարթակը կլինի շատ յուրահատուկ», - ասել է Կարեն Կարապետյանը՝ կարևորելով ռուսական կապիտալի մուտքն ազատ տնտեսական գոտի:

Վարչապետի խոսքով՝ պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում բիզնեսի մոտ մեծ հետաքրքրություններ է տեսնում նաև շինարարության ոլորտում ծրագրերի իրականացման առումով, մասնավորապես, ճանապարհաշինության, ջրամբարաշինության և այլ ուղղություններով:

Կարեն Կարապետյանը նշել է, որ ծրագրերի իրականացման մեծ ներուժ է տեսնում Ռուս-հայկական ներդրումային հիմնադրամի, Ռուսաստանում ներմուծման փոխնարինման, գյուղտեխնիկայի լիզինգային ծրագրերի շրջանակում:

«Հաշվի առնելով նաև ԵՄ-ի հետ GSP+, ԱՄՆ-ի, Կանադայի, Ճապոնիայի, Շվեյցարիայի, Նորվեգիայի հետ GSP առևտրային համակարգերի հնարավորությունները՝ մենք պատրաստ ենք Հայաստանում ռուսական կապիտալի համար ստեղծել հարմարավետ պայմաններ, որպեսզի վերջինս իր հետաքրքրություններից ելնելով այստեղ գործունեություն ծավալի», - նշել է Կարեն Կարապետյանը:

ՌԴ տրանսպորտի նախարար, ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաքսիմ Սոկոլովը նշել է. - «Մեր փոխգործակցությունը մշտապես գտնվել է բարձր մակարդակի վրա, և կարելի է ասել, որ այժմ այն նոր աստիճանի է հասել, և դա արտացոլվում է նաև տնտեսական արդյունքներում: Բացարձակ թվերով ասած՝ երկկողմ ապրանքաշրջանառությունը մեր համագործակցության պատմության ընթացքում ռեկորդային մակարդակի է հասել՝ ավելի քան 1 մլրդ 700 մլն ԱՄՆ դոլարի: Ուրախալի է, որ մեծ տեմպով աճում է նաև ռուսաստանյան շուկա հայաստանյան արտադրանքի մատակարարման ծավալը. մեր գնահատականներով՝ նախորդ տարվա ընթացքում այն աճել է ավելի քան մեկ երրորդով՝ 2016 թ. համեմատ: Մենք դա կապում ենք ոչ միայն մեր՝ Ռուսաստանի և Հայաստանի տնտեսությունների կայուն զարգացման, այլև Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրացիայի խորացման հետ»։

Ռուսաստանի տրանսպորտի նախարարը համակարծիք է եղել Հայաստանի վարչապետի հետ, որ ԵԱՏՄ-ին անդամակցելով՝ Հայաստանն ավելի քան 180 միլիոն բնակչություն ունեցող շուկա մուտք գործելու հնարավորություն է ստացել, որի շրջանակում երաշխավորված են ապրանքների ազատ տեղաշարժը, մաքսային հսկողության բացակայությունը, սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական վերահսկողության միասնական կանոնները:

«Այդ ամենը Հայաստանի կառավարության կողմից գործադրվող ջանքերի հետ մեկտեղ նախադրյալներ է ստեղծում Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքը մեծացնելու համար, և մենք տեսնում ենք ռուսաստանյան կապիտալի հետաքրքրվածությունը: Այսօրվա հանդիպմանը մասնակցում են մեր գործընկերները, ովքեր պլանավորում են զարգացնել իրենց ծրագրերը և´ ճանապարհաշինության, և´ պետություն-մասնավոր համագործակցության, և´ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառներում, մեր համագործակցության բոլոր ոլորտներում: Այդ թվում, իհարկե, մենք առաջին հերթին մեծ պոտենցիալ հետաքրքրություն ենք տեսնում Ձեր նշած ոլորտներում», - նշել է Ռուսաստանի տրանսպորտի նախարարը:

Նիստում նաև անդրադարձ է կատարվել էներգետիկայի, տրանսպորտի, արդյունաբերության, ավիացիայի ոլորտներում համագործակցության ընդլայնմանը, այդ թվում՝ փոքր ավիացիայի զարգացման, ռուսական ավիաընկերություններին գործունեության հինգերորդ ազատության աստիճան տրամադրելու հարցին, զբոսաշրջության ոլորտում համագործակցությանը, հայ-ռուսական միջտարածաշրջանային ֆորումի անցկացմանը և այլ թեմաների:

Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում կայացել է վարչապետ Կարեն Կարապետյանի և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի առանձնազրույցը:

Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական համագործակցության օրակարգին առնչվող մի շարք հարցեր, կարևորել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների սերտացմանը և առևտրաշրջանառության ակտիվացմանն ուղղված շարունակական քայլերը: Այս համատեքստում, կողմերն անհրաժեշտ են համարել հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ակտիվ աշխատանքը և կանոնավոր հանդիպումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG