Մատչելիության հղումներ

Նախկինում զարգացած այգեգործություն ունեցող Շնող համայնքը հանքարդյունաբերական կենտրոն դարձնելուց 15 տարի անց գյուղացիները կորցրել են հարյուրավոր աշխատատեղերն ու բանկերին ունեցած պարտքերը մարելու այլ ուղիներ են փնտրում։

Հանքավայրի և լեռնահարստացման ֆաբրիկայի 1200 աշխատողների կեսը Թեղուտի հետ խոշորացված Շնող համայնքից է։ Ապրիլի 1-ից աշխատանքային պայմանագրերը լուծարելու և աշխատանքն անժամկետ դադարեցնելու մասին «Վալլեքս» ընկերությունից ծանուցագրեր ստանալուց հետո նաև համայնքում գործող 16 առևտրի կետերի տերերն են շվարած․ - «Սա բերելու ա ողբերգական հետևանքների... ճամպրուկը վերցնելու են կիսադատարկ՝ Ռուսաստան, Եվրոպա»:

Աշխատանքը կորցրած շնողցիները, մինչդեռ, լուռ են. իրենց անհանգստությունների, անելիքների ու սպասելիքների մասին խոսել չեն համաձայնում, մանավանդ, տեսախցիկի առաջ։

«Վալլեքս» ընկերությունը փետրվարի 13-ին տարածած հաղորդագրության մեջ նշել էր, որ 1200-ից միայն 300 աշխատող կմնա՝ տարածքի ու գույքի պահպանությունն ու հատուկ խնամք պահանջող բարդ սարաքավորումների սպասարկումը կազմակերպելու համար։

Ընկերությունը հանքավայրն ու ֆաբրիկան վերագործարկելու ժամկետների մասին որևէ բան չի նշել: Ըստ Շնողի համայնքապետ Դավիթ Ղումաշյանի, ղեկավարները մասնավոր զրույցներում վստահեցրել են, թե 3-4 ամսից կվերսկսեն աշխատանքը․ - «3-4 ամիս պետք է յոլա գնանք, մինչև նորից բացվի»:

Օրերս հրավիրած մամլո ասուլիսում Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը ևս ասել էր, որ անհայտ է, թե մարզի հիմնական տնտեսական աճ ապահովող «Վալլեքս» ընկերությունը ե՞րբ կվերսկսի իր աշխատանքը Թեղուտում։

Նա նշել էր, որ 2018-ին տնտեսական ցուցանիշների անկումն անխուսափելի է․ - «Բնականաբար, հատկապես Թումանյանի տարածաշրջանում մենք կունենանք լուրջ սոցիալական խնդիրներ, չի բացառվում, որ նաև մի փոքր արտագաղթի խնդիր ունենանք»:

Չնայած Թեղուտում հանքարդյունաբերությունն այսօր դադարեցված է, Շնողի մի խումբ բնակիչներ շարունակում են պայքարել «Վալլեքս» ընկերությանը հանքավայրի շահագործման թույլտվությունից զրկելու համար։ Անցած շաբաթ մոտ 200 ստորագրությամբ հերթական նամակն են ուղարկել Ազգային ժողով, որտեղ խնդրել են ստեղծել ժամանակավոր հանձնաժողով՝ ուսումնասիրելու «Վալլեքս» ընկերությանը տրված հանքավայրի շահագործման թույլտվության և նրանց ծավալած գործունեության օրինականությունը։

Ավելի վաղ նմանատիպ բովանդակությամբ նամակ ուղարկել էին Կառավարություն՝ պահանջելով արգելել ընկերությանը կրկնապատկել արդյունահանման ծավալները՝ տարեկան 7 միլիոն տոննան դարձնելով 15 միլիոն տոննա։

Այդ մասին ծրագիրն անցած տարի դրվել էր հանրային քննարկման, որտեղ հնչել էին բազմաթիվ դեմ կարծիքներ։

Օրերս՝ հանքի գործունեության դադարից հետո, ընկերությունն աննախադեպ գումար՝ 41 միլիոն դրամ է հատկացրել համայնքին՝ համայնքի գլխավոր փողոցներից մեկի հիմնանորոգման և կոյուղագծի կառուցման համար։ Համայնքապետը սա մեծ աջակցություն է համարում, իսկ ավագանու անդամ Աշոտ Ադամյանը հակադարձում է. - «Դա 0.001 տոկոսն էլ չի նրանց պարտավորությունների, որ ինչ-որ ճանապարհ սարքեն, Թեղուտ - Շնողի համար ինչ-որ գործ անեն: Մեր վարչական տարածքում գան նստեն, մեր շնչի մեր առողջության հաշվին մեր աշխատանքի ու ապրելաձևի վրա նստեն, մի հատ ճանապարհ սարքեն, ասեն՝ տեհեք, արինք»:

XS
SM
MD
LG