Մատչելիության հղումներ

Լոռիում տնտեսությունը չի բարելավվի՝ առավելապես «Վալեքսի» կանգի պատճառով․ Մարզպետ


Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյան, արխիվ

Լոռու մարզի տնտեսության աճի ակնկալիքները 2018-ին չեն արդարանա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց մարզպետ Արթուր Նալբանդյանը, պարզաբանելով՝ մարզի տնտեսական աճի առյուծի բաժինն ապահովում էր «Վալեքս» ընկերությունը, որը տարեսկզբին դադարեցրել է Թեղուտի հանքի շահագործումը․ ընկերության 1200 աշխատողներից միայն 300-ը կշարունակեն աշխատել:

«Ընկերության ղեկավարությունը նաև որակյալ մասնագետեր չկորցնելու համար պետք է շուրջ 200 աշխատողների տեղափոխի «Վալեքս» ընկերության կառույցներ, իսկ մնացած աշխատողների մասով այս պահին կդժվարանամ պատասխանել»,- ասաց Նալբանդյանը:

Մարզպետը չի բացառում, որ Թումանյանի տարածաշրջանում մարդիկ սոցիալական լուրջ խնդիրների առաջ կկանգնեն: «Հատկապես Թումանյանի տարածաշրջանում մենք կունենանք լուրջ սոցիալական խնդիրներ, տնտեսության ցուցանիշների վրա բնականաբար բացասաբար կազդի»,- ասաց մարզպետը, չբացառելով, որ «Վալեքսի» որևէ կառույցում աշխատանքի չտեղավորված մասնագետների շրջանում «մի փոքր արտագաղթի խնդիր» լինի:

«Ազատության» դիտարկմանը, որ տարիներ առաջ բնապահպանների հնչեցրած մտահոգություններն իրականություն դարձան, և աշխատանքից ազատված գյուղացիներն այսօր կանգնեցին գործարզկության փաստի առաջ, մարզի ղեկավարը հետևյալ կերպ արձագանքեց.

«Ես կասեմ, որ «Վալեքս» խմբի ընկերությունն իրականում հանքարդյունաբերության նոր մշակույթ է բերել Հայաստան: Ինչ վերաբերում էր բնապահպանական խնդիրներին, ապա սկզբնական շրջանում հենց բնապահպաններն իրենք էին ասում, որ միջազգային նորմերին համապատասխան բնապահպանական ծրագիր է իրականացվել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG