Պենտագոնը կոչ է անում Թուրքիային կենտրոնանալ Սիրիայում «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ պայքարի վրա: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ջեյմս Մատիսը այս ուղերձը թուրք գործընկերոջն է փոխանցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ:
Երկու դաշնակիցների հարաբերությունները վերջին ամիսներին սրվել են Սիրիայում իրարամերժ քաղաքականություն վարելու պատճառով: Վաշինգտոնը պայքարում է «Իսլամական պետության» դեմ՝ համագործակցելով նաև Սիրիայի քրդերի հետ, մինչդեռ Անկարան ավելի քան մեկ ամիս է՝ Աֆրինում ռազմական գործողություն է իրականացնում վերջիններիս դեմ:
Երկկողմ սրված հարաբերությունները քննարկելու համար ակնկալվում է, որ այսօր ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կժամանի Անկարա: