Մատչելիության հղումներ

Թուրքիան ռազմական գործողություններ սկսեց Սիրիայի քրդական ուժերի դեմ


Թուրքական ուժեր՝ Սիրիայի հետ սահմանագծին, արխիվ

Անկարան փաստացի սկսել է սիրիական Աֆրինում ԱՄՆ-ի աջակցությունը վայելող քրդական խմբավորումների դեմ ռազմական գործողությունները: Այսօր այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթին Չանիքլըն: Վերջինիս խոսքով՝ Թուրքիան այլընտրանք չունի և պետք է մաքրի իր սահմանները ահաբեկչական տարրերից:

«Աֆրինի ազաատագրումը Թուրքիայի համար առաջնահերթություն է»,- հավելել է թուրք նախարարը՝ հրաժարվելով հավելյալ տեղեկություններ ներկայացնել ռազմական գործողությունների ընթացքի և դրանց մասնակցող ուժերի մասին: Միացյալ Նահանգների աջակցությունը վայելող քրդական խմբավորումները հաստատել են, որ անցած գիշեր թուրքական զինուժը սկսել է ակտիվորեն գնդակոծել Աֆրինի շրջանը: Քրդական ուժերի ներկայացուցիչը «Ռոյթերզի» հետ զրույցում հայտարարել է, թե «ամենայն խստությամբ» են պատասխանելու Աֆրինի վրա հարձակման ցանկացած փորձի:

Աֆրինում Անկարայի նախաձեռնած ռազմական գործողությունները ՆԱՏՕ-ի անդամ երկու դաշնակից պետությունների՝ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև լուրջ հակասությունների տեղիք են տվել: Վաշինգտոնն Անկարային կոչ է արել հետ կանգնել Սիրիայում քրդերի դեմ ռազմական գործողությունների ծրագրից: «Անկարան պետք է շարունակի կենտրոնանալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի վրա»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նաուերթը:

Մինչդեռ Թուրքիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Մևլութ Չավուշօղլուն երեկ ասել է, թե Սիրիայի հարցում Անկարան դաշնակից Վաշինգտոնին չի վստահում: Ավելին՝ Չավուշօղլուի խոսքով, Թուրքիան մտադիր է Սիրիայի քրդաբնակ շրջաններում ռազմական գործողությունները համակարգել Մոսկվայի և Թեհրանի ներկայացուցիչների հետ:

Սիրիայի հյուսիսում գտվող Աֆրին քաղաքում քրդական ստորաբաժանումների դեմ ռազմական գործողություններ սկսելու մտադրության մասին թուրքական իշխանությունները հայտարարեցին այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ը պատրաստվում է սիրիական այդ շրջանում 30 հազարանոց սահմանապահ ուժեր տեղակայել, բաղկացած՝ առավելապես քրդական ջոկատների անդամներից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG