Մատչելիության հղումներ

Թուրքիայում Թիլերսոնի բանակցությունների առանցքում «Ձիթենու ճյուղ» գործողությունն է


ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոն, արխիվ
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոն, արխիվ

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի այսօր մեկնարկող այցը Թուրքիա, ըստ ամենայնի, կուղեկցվի բավական բարդ բանակցություններով:

Դրանց հիմնական թեման Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում հունվարի 20-ին մեկնարկած «Ձիթենու ճյուղ» գործողությունն է, որի նպատակն է վերահսկողություն սահմանել քրդաբնակ Աֆրին նահանգի հանդեպ:

Չնայած Վաշինգտոնից հնչող պնդումներին, թե ամերիկյան իշխանություններն անում են հնարավորը Սիրիայի հյուսիսում արյունահեղությանը վերջ տալու նպատակով, թուրքական բանակը Աֆրինում ծավալված գործողությունը դադարեցնելու մտադրություն չունի:

Պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նաուերթը երեքշաբթի Վաշինգտոնում հրավիրված ճեպազրույցի ժամանակ նույնիսկ չթաքցրեց այն իրողությունը, որ թուրք-ամերիկյան դիվանագիտական շփումների առկայությունն ինքնին Վաշինգտոնում որպես լուրջ առաջընթաց են դիտարկում:

«Առաջընթացի ցուցիչներից մեկն էլ այն է, որ պետքարտուղարն անձամբ է մեկնում Թուրքիա: Դա վկայում է, թե այս հարցը որքան մեծ կարևորություն ունի մեզ համար: Օրերս Թուրքիա էր մեկնել Ազգային անվտանգության գծով խորհրդական գեներալ ՄըքՄասթերը։ Թուրքական կառավարության հետ ամենօրյա ռեժիմով աշխատում են նաև մեր փորձագետները: Սպիտակ տունը և ամերիկյան կառավարությունը [Աֆրինի] խնդրի վերաբերյալ լուրջ մտահոգություններ ունեն և չեն ցանկանում այնտեղ հետագա բռնությունների և իրադրության սրման ականատեսը դառնալ», - հայտարարում էր Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը` նշելով նաև, որ Վաշինգտոնն ու Անկարան առաջիկա բանակցությունների ընթացքում պետք է փորձեն փոխշահավետ լուծում գտնել:

«Պետքարտուղարը նախագահ Էրդողանին շատ հստակորեն մատնանշել է մեր մտահոգությունները: Անվտանգությանը վերաբերող Թուրքիայի մտավախությունները ևս լիովին արդարացված են, մենք հասկանում ենք, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի կազմում գործող մեր դաշնակիցը հանդիսանալով մտահոգություններ ունի Սիրիայում գործող որոշ ուժերի հետ կապված: Մենք ցանկանում ենք այդ թեման քննարկել թուրքական կողմի հետ, ցանկանում ենք այնպիսի լուծում գտնել, որը ընդունելի կլինի ոչ միայն Թուրքիայի, այլև Սիրիայում գործող ուժերի, Միացյալ Նահանգների, մյուսների համար», - նշում էր Հիթեր Նաուերթը:

Վերջում հավելենք, որ թուրքական և ամերիկյան մամուլի վերջին օրերի հրապարակումների համաձայն, պետքարտուղար Թիլերսոնի բանակցությունների կարևորագույն թեմաներից մեկը լինելու է քրդերի վերահսկողության տակ գտնվող Մանբիջում ստեղծված կացությունը:

Անկարան արդեն իսկ հայտարարել է, որ Մանբիջը դառնալու է «Ձիթենու ճյուղ» գործողության հաջորդ թիրախը: Այստեղ, սակայն, ամերիկյան ստորաբաժանումներ են տեղակայված:

Թուրքական իշխանությունները Վաշինգտոնից պահանջում են դուրս բերել ամերիկացի զինվորականներին` հնարավոր բախումներից խուսափելու համար:

Այս շաբաթ Պենտագոնը ևս մեկ անգամ վերահաստատեց ամերիկյան կողմի դիրքորոշումը` իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի պարագայում ամերիկացի զինծառայողները շարունակելու են մնալ Մանբիջում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG