Մատչելիության հղումներ

Անկարան հայտարարում է ԱՄՆ դեսպանատան փողոցը «Ձիթենու ճյուղ» անվանակոչելու մասին


Անկարայում ԱՄՆ դեսպանատունը, արխիվ
Անկարայում ԱՄՆ դեսպանատունը, արխիվ

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի Թուրքիա կատարելիք այցի նախաշեմին թուրքական իշխանությունները հայտարարում են Անկարայում ամերիկյան դեսպանատան դիմացի փողոցը «Ձիթենու ճյուղ» անվանակոչելու մասին։

Հիշեցնենք՝ հենց «Ձիթենու ճյուղ» է կոչվում թուրք-ամերիկյան հարաբերություններում լարվածության պատճառ դարձած ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիսում, որը նախաձեռնել է Թուրքիան։

Անկարան պնդում է, որ Սիրիայի քրդական խմբավորումները ահաբեկիչներ են, որոնց պետք է չեզոքացնել՝ սեփական սահմանները անվտանգ դարձնելու նպատակով, ամերիկյան իշխանությունները, մինչդեռ, զինում են քրդերին և համագործակցում նրանց հետ «Իսլամական պետության» դեմ պայքարում:

«Մենք ստորագրել ենք փողոցն անվանափոխելու մասին առաջարկը և այդ նախաձեռնությունը ուղարկել Անկարայի քաղաքային ժողովի հաստատմանը», - Թվիթերում գրել է Անկարայի քաղաքապետ Մուստաֆա Թունան՝ առանց մանրամասնելու, թե որն է նման առաջարկի շարժառիթը։

Անկարայի այն փողոցը, որի վրա տեղակայված է ամերիկյան դեսպանատունը, կրում է Օսմանյան կայսրության օրոք Անկարայի նահանգապետի պաշտոնը 17 տարի անընդմեջ զբաղեցրած Նևզաթ Թանդողանի անունը։

Փողոցը քրդերի դեմ ռազմական գործողության անունով կոչելու թուրքական իշխանությունների նախաձեռնությունը թեև պաշտոնապես չի մեկնաբանվում, այդուհանդերձ թե՛ թուրքական, թե՛ արևմտյան մամուլը այն կապում է թուրք-ամերիկյան հարաբերությունների հետ, որոնք, ինչպես երեկ արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն էր հայտարարում, հասել են կրիտիկական հանգրվանի։

Թուրք արտգործնախարարը նշել է, որ այժմ արդեն Անկարան Վաշինգտոնից ոչ թե խոստումներ է ակնկալում, այլ՝ հստակ քայլեր։

Չնայած Արևմուտքի ու ՆԱՏՕ-ի դաշնակիցների մտահոգություններին՝ թուրքական իշխանությունները հայտարարում են, թե չեն պատրաստվում դուրս գալ Սիրիայի հյուսիսից: Ավելին՝ Անկարան հայտարարում է, թե Աֆրինից հետո մտադիր են թիրախավորել նաև հարևան Մանբիջն ու Իդլիբի նահանգը՝ հասնելով ընդհուպ մինչև Իրաքի հետ սահման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG