Բուլղարիայի նախագահի պետական այցի շրջանակում Հայաստանի նախագահի նստավայրում այսօր նախագահներ Սերժ Սարգսյանի և Ռումեն Ռադևի առանձնազրույցից հետո կայացել են ընդլայնված կազմով բանակցություններ, ապա տեղի է ունեցել երկու երկրների միջև մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն:
Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն, մասնավորապես ստորագրվել են գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության, աշխատանքային միգրացիայի կանոնակարգման, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի ոլորտներում համագործակցության մասին համաձայնագրերը, մշակույթի բնագավառում 2018-2020թթ. համագործակցության գործնական ծրագիրը:
Սարգսյանը և Ռադևը հանդիպման արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև հայտարարություններով, պատասխանել են նաև լրագրողներին հետաքրքրող հարցերին:
«Վերահաստատեցինք հարաբերություններն ամրապնդելու երկուստեք հանձնառությունը և պայմանավորվեցինք լրացուցիչ ջանքեր ներդնել հայ-բուլղարական երկկողմ և բազմակողմ համագործակցությանը նոր դինամիկա հաղորդելու ուղղությամբ», - մասնավորապես ասել է Հայաստանի նախագահը՝ շարունակելով․ - «Այդ հանձնառության վկայություններն են նաև քիչ առաջ Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև ստորագրված փաստաթղթերը, որ համալրելու են մեր երկրների միջև ավելի քան 50 համաձայնագիր ներառող հարուստ իրավապայմանագրային դաշտը»։
«Շնորհավորեցի իմ հարգարժան գործընկերոջը Եվրոպական միության խորհրդում Բուլղարիայի նախագահության ստանձնման կապակցությամբ՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք։ Եվրոպական միությունը Հայաստանի կարևորագույն գործընկերներից է, ուստի սա ևս մի ուղղություն է, որտեղ հայ-բուլղարական փոխգործակցությունը խորացնելու մեծ հեռանկարներ կան։ Հույս հայտնեցի, որ ԵՄ խորհրդում Բուլղարիայի նախագահությունը, ի թիվս այլ հարցերի, առաջընթաց կարձանագրի նաև Հայաստանի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի հարցում», - նշել է Սերժ Սարգսյանը:
«Քննարկեցինք տնտեսական ոլորտի հարցերը․ գոհունակությամբ փաստեցինք, որ վերջին տարիներին երկկողմ առևտրաշրջանառության ցուցանիշները շոշափելի աճ են արձանագրել: Միաժամանակ, ներուժը շատ ավելին է, և պետք է աշխատենք տարբեր ոլորտներում, այդ թվում՝ գյուղատնտեսության, զբոսաշրջության, շատ տարբեր ոլորտներում և, իհարկե, հաղորդակցության ոլորտում նոր նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ։ Գոհունակությամբ արձանագրեցինք նաև բուլղար գործարարների հետաքրքրության աճը Հայաստանում ընդլայնելու տնտեսական հնարավորությունները․ խոսքս թե՛ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության, Հայաստան-ԵՄ համագործակցության նոր դաշտի մասին է, թե՛ երկրում ստեղծվող ազատ տնտեսական գոտիներում տրամադրվող հնարավորությունների: Երկուստեք նշեցինք մշակութային կապերի ընդլայնման և մարդկային շփումների խրախուսման կարևորությունը», - ասել է Հայաստանի նախագահը:
Նշելով, որ անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին, Սերժ Սարգսյանը փոխանցել է․ - «Այդ կապակցությամբ ես նշեցի, որ մեզ համար չափազանց կարևոր է մեր գործընկերների աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով ընթացող գործընթացին, ինչը համահունչ է նաև ԵՄ ընդհանուր դիրքորոշմանը։ Կարևորում ենք, որ ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիրը ամրագրում է ԵՄ լիարժեք աջակցությունը Մինսկի խմբի համանախագահողների գործունեությանը և նրանց կողմից առաջարկվող կարգավորման սկզբունքներին»։
Հայաստանի նախագահը հույս է հայտնել, որ հայ-բուլղարական քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունը ավելի կընդլայնվեն և կզարգանան: «Ես նաև վերահաստատեցի իմ հրավերը պարոն նախագահին՝ աշնանը մասնակցելու Հայաստանի Հանրապետությունում տեղի ունենալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, և իհարկե, մեծ հաճույքով ընդունեցի պարոն նախագահի հրավերը՝ այցելելու բարեկամ Բուլղարիա», - ասել է Սերժ Սարգսյանը:
«Իմ այցի նպատակը ոչ միայն քաղաքական բարձր մակարդակի վրա գտնվող մեր շփումների ակտիվացումն է, այլ նաև քննարկելը շահագրգիռ բոլոր ոլորտներում համագործակցության զարգացումը: Մեզ համար կարևոր է, որ մի շարք ոլորտներում մենք որոշակի առաջընթաց ունենանք: Դրա համար մեր պատվիրակության մեջ կան շատ ներկայացուցիչներ, ինչպես գործարար համայնքից, այնպես էլ խորհրդարանից: Մեր ժողովուրդները մեզնից ակնկալում են ավելի սերտ և արդյունավետ համագործակցություն», - հայտարարել է Բուլղարիայի նախագահը:
«Համարում ենք, որ [երկու երկրների միջև] ապրանքաշրջանառությունը բավարար չէ: Մենք կարող ենք ավելի բարձր մակարդակի հասցնել այն և առավել ընդլայնել ոլորտները: Գոհունակությամբ ուզում եմ ասել, որ այսօր առավոտից իսկ սկսեցինք աշխատել. փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչներն ու գործատուներն արդեն աշխատում են միմյանց հետ, և որքան ինձ հայտնի է՝ պայմանավորվածություն են ձեռք բերել հունիսին Բուրգաս քաղաքում անցկացնելու մեծ գործարար համաժողով, որին ներկա կլինեն մեր երկու երկրների գործարարները: Այդ այցի ժամանակ հուշագիր կստորագրվի երկու երկրների գործատու կազմակերպությունների միջև, որը մեծ առաջընթաց է», - փոխանցել է Ռումեն Ռադևը:
«Հայաստանի նախագահի հետ միասին մենք ընդհանուր դիրքորոշում ունեցանք, որ մեր երկրները ռազմավարական նշանակություն ունեն, ուստի մենք պետք է արդյունավետորեն օգտագործենք մեր այդ նշանակությունը՝ օգտագործենք Պարսից ծոց-Սև ծով ուղղությամբ բազմամոդել միջանցքի առկայությունը մեր փոխհարաբերությունների զարգացման գործում: Այդ կապակցությամբ ողջունում եմ պարոն Սարգսյանի գաղափարը՝ կազմակերպելու այս հարցում շահագրգիռ բոլոր երկրների տրանսպորտի նախարարների հանդիպում», - նշել է Բուլղարիայի նախագահը:
Նա շատ կարևոր է համարել համաձայնագրերի ստորագրումը, «հատկապես աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից ստորագրված աշխատանքային միգրացիայի վերաբերյալ համաձայնագիրը»:
«Մենք ողջունում ենք ԵՄ-ի հետ Հայաստանի ստորագրած Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որովհետև դա մեծ հնարավորություն է տալիս, որ մեր երկու պետությունների տնտեսությունների միջև ավելի զարգանան տնտեսական հարաբերություններն ու փոխշահավետ գործակցությունը», - ասել է Ռադևը:
«Մենք խոսեցինք նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի մասին, որը կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար: Ես ուզում եմ ընդգծել, որ Բուլղարիան հայտարարեց իր ամենակարևոր գերակայություններից մեկը՝ դա Արևմտյան Բալկանների հարցն է մեր նախագահության ընթացքում: Բայց Բուլղարիան հանձնառու է Արևելյան գործընկերության ծրագրի կատարման, ինչպես նաև Սևծովյան տարածաշրջանի և Կովկասի զարգացման գործում», - հայտարարել է Բուլղարիայի նախագահը:
Ռումեն Ռադևը շեշտել է, որ «հայկական համայնքը Բուլղարիայում ոչ միայն պահպանել է իր ազգային ինքնությունը, այլև բավականին լավ և արդյունավետ կերպով ինտեգրված է Բուլղարիայի հանրությանը, ներկայացված է մշակութային և գիտական կյանքում»: «Դա կենդանի կամուրջ է մեր երկու պետությունների միջև, որը մենք պետք է ամրացնենք», -ասել է նա: