Մատչելիության հղումներ

ՀՅԴ Բյուրո և ԳՄ․ Առաջնահերթ խնդիր է երկրի կյանքը նոր սահմանադրական կարգին համապատասխանեցնելը


ՀՅ Դաշնակցության դրոշը Երևանում հանրահավաքի ժամանակ, արխիվ

Անցումը խորհրդարանական կառավարման նոր սկզբի երկրի առաջընթաց զարգացման խոչընդոտները հաղթահարելու հնարավորություն է՝ առանց զիջելու ազգային-պետական ռազմավարական շահերը: Համակարգային, որակական բարեփոխումները խորացնելու, անշրջելի դարձնելու անհրաժեշտ նախապայմաններ են ստեղծված: Այս հաստատումն է արվել երեկ ՀՅ Դաշնակցության Բյուրոյի և Հայաստանի Գերագույն մարմնի հերթական՝ արդեն երրորդ ընդլայնված նիստի ժամանակ, որի օրակարգի գլխավոր թեման քաղաքական կոալիցիայի շուրջ մեկամյա գործունեությունն էր:

ՀՅԴ Բյուրոյի և Գերագույն մարմնի համատեղ նիստի հայտարարությունում ասված է, որ «կոալիցիոն կառավարությունը, իր ծրագրին համապատասխան, առաջնորդվում է Դաշնակցության պաշտպանած՝ «զարգանալ՝ չզիջելով» դժվարին, բայց արժանապատիվ սկզբունքով»:

Կոալիցիոն կուսակցությունը արձանագրում է, որ Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի կնքմամբ «ստեղծված է խորհրդարանական համակարգի առաջադեմ փորձը տեղայնացնելու անհրաժեշտ միջավայր»: «ԵՄ և ԵԱՏՄ հետ միաժամանակյա և փոխշահավետ գործընկերային հարաբերությունների համադրմամբ՝ ստեղծվել է երկրի միջազգային հեղինակության բարձրացման և բազմավեկտոր, փոխլրացնող արտաքին քաղաքականություն իրականացնելու անհրաժեշտ միջավայր», - ասված է հայտարարությունում:

«Օրենսդրորեն հակակոռուպցիոն անկախ ինստիտուցիոնալ համակարգ է ձևավորվում, որի գործունեությունը, ակնկալում ենք, վստահություն կներշնչի ոչ միայն հանրությանը, այլև տնտեսավարողներին ու ներդրողներին: Պաշտպանության ոլորտում ընթացքի մեջ են «Ազգ-բանակ» հայեցակարգի ամբողջացմանը, ռազմաարդյունաբերական համալիրի կայացմանն ու սահմանների անձեռնմխելիությանն ուղղված՝ իրենց ծավալով և խորությամբ աննախադեպ բարեփոխումները: Վերջին տարիների համեմատ արձանագրվել է աննախադեպ տնտեսական աճ, կտրուկ ավելացել է արտահանման ծավալը, էականորեն բարելավվել է հարկային և մաքսային վարչարարությունը, գերակատարվել է 2017թ. բյուջեն, ընթացքի մեջ են մի շարք ներդրումային ծրագրեր, մարզերում տնտեսական աշխուժության նշաններ կան», - հայտարարում են Դաշնակցության Բյուրոն և Գերագույն մարմինը:

Միաժամանակ, Դաշնակցությունը առաջնահերթ խնդիր է համարում «երկրի քաղաքական, սոցիալ-տնտեսական կյանքը լիարժեքորեն համապատասխանեցնել նոր սահմանադրական կարգին՝ ազատվելով նախորդ համակարգի ձևավորած կարծրատիպերից և հաստատել նոր համակարգից բխող ներիշխանական հարաբերություններ»:

«Չպետք է տպավորություն թողնել, որ սահմանադրական կարգը փոխվել է, բայց կառավարման գործելաոճը, տնտեսական և սոցիալական կարգերը մնացել են նույնը: Քաղաքական կոալիցիան պարտավոր է վեր հանել առարկայական ու ենթակայական բոլոր խոչընդոտներն ու խնդիրները, որոնք թույլ չեն տալիս անհրաժեշտ թափը հաղորդել երկրի զարգացմանը, և սոցիալական արդարության միջավայր ստեղծել», - հայտարարում է կոալիցիոն կուսակցությունը:

Մասնավորապես, Դաշնակցությունը անհրաժեշտ է համարում «գործադրել շահերի բախման դեպքերը բացահայտելու ու կանխելու, անօրինական գործունեության համար անխուսափելիորեն պատասխանատվության ենթարկելու, բիզնեսն ու հանրային իշխանությունը տարանջատելու ամբողջական համակարգ», «վարել բարձր որակավորում ունեցող, մրցունակ ու վստահելի մարդկային կապիտալ ձևավորելուն ուղղված արդար ու թափանցիկ կադրային քաղաքականություն», «Ընտրական օրենսգրքում վերանայել գործող տարածքային ռեյտինգային ընտրակարգը, խոշորացված համայնքներում ներդնել համայնքի ղեկավարի անուղղակի ընտրության մոդելը և ավագանիների ձևավորման համամասնական ընտրակարգ», «հստակեցնել Հայաստանի տնտեսական կարգի սահմանադրական հիմք հանդիսացող սոցիալական-շուկայական տնտեսության մոդելը՝ նպատակ ունենալով մեղմել սոցիալական բևեռացումը, խթանել աշխատատեղերի ստեղծումը, ձևավորել բազմակենտրոն տնտեսական զարգացման օջախներ», «գործնական քայլերով թույլ չտալ, որ ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցողները հակամրցակցային համաձայնություններով միասնական գնային քաղաքականություն թելադրեն», «վերանայել իրականացվող սոցիալական քաղաքականությունը՝ նպատակ ունենալով քաղաքացիների կենսաապահովման նվազագույն պայմանների ապահովումը և գնաճի ազդեցության մեղմումը», «ձևավորել պետական ռազմավարական անհրաժեշտ պաշարներ քաղաքացիներին աղետներից և սոցիալ-տնտեսական ռիսկերից ապահովագրելու համար», «հասնել Հայաստանի, Արցախի և Սփյուռքի, որպես մեկ միասնական հայության ամբողջացման՝ հայության ճակատագրում բոլոր հայերի մասնակցությունն ապահովող համապատասխան իրավաքաղաքական միջավայրի ստեղծմանը»:

Նիստի վերջում առաջարկվել է, որ կառավարման նոր համակարգի ներդրումից հետո ճիշտ կլինի, եթե քաղաքական կոալիցիան համատեղ ամփոփի գործունեության մեկ տարվա արդյունքները և դրանք ներկայացնի Հայաստանի քաղաքացիներին, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG