Մատչելիության հղումներ

Ազգաբնակչության թիվը կավելանա, եթե հայտարարություններին հետևեն գործնական քայլեր. փորձագետ


Նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2040-ին 4 միլիոն բնակիչ ունենալու տեսլականը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գագիկ Հայրապետյանն բարդ իրագործելի է համարում։

Ըստ Հայրապետյանի, բնակչության թիվը կաճի, եթե քաղաքական հայտարարություններին հետևեն նաև գործնական քայլեր։

«Շատ բարդ խնդիր է, շատ բարդ։ Միայն ծնելիությունով այդ խնդիրը չի լուծվի։ Ժողովրդագրությունն ունի երեք հիմնական բաղադրիչ՝ ծնելիություն, արտագաղթ և ծերացում։ Եթե ծնելիությունը մենք կարողանում ենք որոշակի կերպով ստաբիլիզացնել և հասցնել հասարակ վերարտադրության, ապա մենք կկարողանանք պահել գոնե այն բազան, որը մենք ունենք այսօր», - ասաց փորձագետը։

Ըստ Հայրապետյանի, ազգաբնակչության թիվն ավելացնելու հիմնական գործոնը լինելու է արտագաղթի կազմակերպումը։

«Դա շատ բարդ խնդիր է, որպեսզի դա տեղի ունենա, պետք է փոխել շատ բաներ՝ սկսած դատական համակարգից, վերջացրած Ղարաբաղի խնդրի ինչ-որ ստաբիլիզացման, որովհետև պատերազմի ռիսկը միշտ կարող է գործոն հանդիսանալ արտագաղթելու համար նաև։ Այսինքն՝ սպեկտրն՝ այս երկիրը փոփոխելու և մարդկանց վստահությունն ապահովելու՝ հավատը դեպի երկիր և իրենց ապագան իրենց երկրում տեսնելու գործողությունները շատ բարդ են լինելու իրականացնել։ Եթե քաղաքական այս հայտարարությանը կհետևեն այն քայլերը, որոնք կբերեն այդ իրավիճակի փոփոխմանը, միգուցե 2040 թվականին 4 միլիոնի չհասնենք, բայց եթե 2040-ին կարողանանք հասնել, օրինակ, 3 միլիոն 200 հազարի, դա կլինի շատ մեծ առաջընթաց և դրական շարժ», - ասաց փորձագետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG