Մատչելիության հղումներ

ՊԵԿ. 2017-ին կանխվել է 288 մաքսային իրավախախտում, հայտնաբերվել է թմրանյութի մի քանի խոշոր խմբաքանակ


Մեղրիի մաքսակետում 105 կգ հերոինի հայտնաբերումը, լուսանկարը՝ ՊԵԿ-ի

Հայաստանի կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) կողմից 2017 թվականի ընթացքում մաքսային իրավախախտումների կանխման ուղղությամբ իրականացված կանխարգելիչ միջոցառումների արդյունքում հարուցվել է 154 քրեական գործ և կանխվել է մաքսային իրավախախտումների 288 փորձ:

Մասնավորապես, ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն, հայտնաբերվել է թմրանյութի մաքսանենգության մի քանի խոշոր խմբաքանակ: 2017-ին Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում կանխվել է առանձնապես խոշոր՝ շուրջ 9 կիլոգրամ «ափիոն» տեսակի թմրամիջոցի Կանադա արտահանման փորձը․ թմրանյութի մի մասը թաքցված է եղել հաստոցի մասեր հանդիսացող մետաղական դետալների մեջ, իսկ մյուս մասը՝ ընդեղենի մեջ: Մեկ այլ դեպքով էլ Իրանի երկու քաղաքացու ճամպրուկներում, նախապես պատրաստված գաղտնարաններից, հայտնաբերվել է շուրջ 5 կիլոգրամ «մետամֆետամին» և «հերոին» տեսակի թմրանյութ: Թմրամիջոցի բացահայտման ամենախոշոր դեպքն արձանագրվել է հուլիս ամսին, երբ Իրանից ժամանած բեռնատարի սառնարանային բեռնախցիկում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է շուրջ 105 կիլոգրամ հերոին: Օրերս էլ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության, ԱԱԾ և Ոստիկանության հետ համատեղ իրականացված համալիր գործողությունների արդյունքում կանխվել է մոտ 8 կիլոգրամ «ափիոն» տեսակի թմրանյութի մաքսանենգության փորձը:

Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության 105 դեպք հայտնաբերվել է փոստային առաքանիներում:

Ուժեղացված, սակայն աննկատ մաքսային հսկողություն է իրականացվում սահմանային բոլոր անցակետերում՝ չխանգարելով տնտեսվարող սուբյեկտների գործունեությանը և քաղաքացիների արագ սահմանահատմանը, ասված է ՊԵԿ հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG