Մատչելիության հղումներ

ՌԴ-ում քննարկում են «Կրեմլի ցանկը», Պուտինի խորհրդականի դիտարկմամբ՝ դրանում չընդգրկվածները գործակալներ են


«Ամենևին էլ կարևոր չէ, թե ով և ինչ է փոխել այդ ցանկում վերջին պահին, ու հաստատ ռուսական կողմը չպետք է զբաղվի դրանով: Այստեղ կարևորն այն է, թե «Կրեմլի ցանկի» մասին երեկ ինչ է ասել նախագահ Վլադիմիր Պուտինը․ նա այն գնահատել էր որպես բացահայտ ոչ բարեկամական քայլ՝ Ռուսաստանի հանդեպ»: Այսօր, պատասխանելով «Կրեմլի ցանկի» մասին հարցին, նման հայտարարություն է արել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հավելելով՝ ամերիկյան կողմն անկանխատեսելի է:

Հիշեցնենք՝ ԱՄՆ ֆիննախի՝ նախօրեին հրապարակած հիշյալ ցանկում նշված է, որ դրանում ներառված անձինք ոչ թե պատժամիջոցների են ենթարկվելու, այլ ենթակա են հնարավոր սանկցիաների: «Այդ ցուցակը պատժամիջոցների սկիզբն է »,- ասել է Պեսկովը: Երեկ Ռուսաստանի նախագահը, արձագանքելով «Կրեմլի ցանկին», ասել էր, թե դրանք պատժամիջոցներ են «բոլոր ռուսաստանցիների հանդեպ», սակայն «Մոսկվան դեռ չի գնա պատասխան քայլերի ու կսպասի զարգացումներին»։

«Կրեմլի ցանկն» այսօր ռուսաստանյան լրատվամիջոցներում և համացանցային տիրույթում ամենից շատ քննարկվող թեմաներից է: Դրան լայնորեն անդրադարձել են նաև վերլուծաբանները։ Շատերը նկատում են՝ «Կրեմլի ցանկում» ներառված օլիգարխների մեծ մասի անունները պարզապես արտագրվել են Ֆորբսի հրապարակած զեկույցներից:

Երեկ երեկոյան Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն, օրինակ, հեգնել է, հայտարարելով՝ այդ ցուցակը կարելի էր ավելի արագ պատրաստել, քանի որ այն իրականում կառավարության անդամների ու նախագահի աշխատակազմի աշխատակիցների անունները պարունակող տեղեկատու է։ Նմանատիպ արձագանք է հնչեցրել նաև Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:

«Մեզ ասում էին լուրջ հետաքննություն է լինելու: Իրականում վերցրել են Ֆորբսի ցուցակը, կառավարության, նախագահի աշխատակազմերի տվյալներն ու արտատպել: Ծիծաղելի ու վախենալի է, որ աշխարհի վրա ազդեցություն ունեցող երկրում որոշումները կայացվում են նման տեղեկատվության հիման վրա»,- ասել է Սիմոնյանը:

Փորձագետները նաև նկատում են՝ Ռուսաստանի քաղաքական և տնտեսական էլիտային «Կրեմլի ցանկն», այդուամենայնիվ, խիստ անհագստացրել է, և այդ անհանգստության հիմնական պատճառներից մեկն էլ այն է, որ ոչ ոք չգիտի, թե ինչ է հետևելու ցանկի հրապարակմանը։

Երեկ նախագահ Պուտինը մի քանի անգամ ընդգծել էր, որ չնայած հիշյալ զեկույցի հրապարակմանը, Մոսկվան ցանկանում է շարունակել համագործակցությունը Վաշինգտոնի հետ։ Սա որոշ փորձագետների հիմք է տալիս ենթադրելու, որ ռուս-ամերիկյան շփումները շարունակվելու են: Այնուամենայնիվ, այսօր Ռուսաստանում հնչում են նաև ԱՄՆ-ի հետ հարաբերությունները խզելու կոչեր:

Ուշագրավ է, որ Ռուսաստանի անվտանգության խորհրդի ղեկավար Նիկոլայ Պատրուշևը, ում անունը նույնպես «Կրեմլի ցանկում» է, ներկայումս աշխատանքային այցով գտնվում է Վաշինգտոնում: Այնտեղ նա համոզմունք է հայտնել, թե աղմկահարույց այդ ցուցակը չի փոխի Ռուսաստանի արտաքին քաղաքականությունն ու վնաս չի հասցնի Ռուսաստանի միջազգային վարկանիշին:

Մոսկվայում այսօր նաև կատակում են՝ դժվար կլինի այն մարդկանց համար, ում ամերիկացիները մոռացել ու չեն ընդգրկել ցուցակում։ Սակայն այդ կատակը որոշ իմաստով նաև դառը երանգներ է ստացել․ Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևն, օրինակ, կոչ է արել ուշադրություն դարձնել այն անձանց վրա, ովքեր ցուցակում չեն: Ըստ Գլազևի, այդպիսիներին հարկավոր է ստուգել՝ գուցե նրանք արտասահմանցի գործակալներ են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG