Քիչ առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր վստահված անձանց հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ԱՄՆ ֆիննախի հրապարակած «Կրեմլի ցանկին», մասնավորապես, ասել է՝ «Մոսկվան դեռ չի գնա պատասխան քայլերի, կսպասի և կհետևի զարգացումներին»։
Ռուսաստանը, Պուտինի խոսքով, շահագրգրված է Միացյալ Նահանգերի հետ կայուն և նորմալ հարաբերություններ ունենալու մեջ: Այդուհանդերձ, ՌԴ նախագահը հարցականի տակ է դրել Վաշինգտոնի և Մոսկվայի համագործակցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի հետ կապված խնդիրների շուրջ, նաև միջազգային ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցերում: Պուտինն ընդգծել է՝ եթե Վաշինգտոնը հաշվի առներ Մոսկվայի տրամադրած տվյալները, 2013 թվականին Բոստոնի ահաբեկչությունը տեղի չէր ունենա: Պուտինը նաև կոչ է արել՝ ուշադրություն չդարձնել այդ ցուցակին և շարունակել՝ զարգացնել երկիրը, հիշեցնելով հայտնի ասացվածքը․ «Շունը հաչում է, քարավանը գնում»:
Այսօր ավելի վաղ, անդրադառնալով ցանկին, Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր․ «Դե ֆակտո «Կրեմլի ցանկում» ներառված բոլոր մարդիկ հռչակվել են ԱՄՆ-ի թշնամիներ: Եթե այդ փաստաթղթի վերնագիրը կարդաք, այնետեղ հենց այդպես էլ գրված է»:
Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը, հիշեցնենք, հրապարակել է այն ռուսաստանցիների ցուցակը, որոնք, ըստ ԱՄՆ-ի, սերտ կապեր ունեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և ամերիկյան ապագա պատժամիջոցների պոտենցիալ թիրախներ են: Որպես «Կրեմլի ցանկ» հայտնի զեկույցը ներառում է 114 բարձրաստիճան քաղաքական գործիչների և 96 օլիգարխների անուններ, որոնք կարողություն կամ ազդեցություն են ձեռք բերել Պուտինի հետ առնչությունների միջոցով:
Ցանկում, որն անվանում են նաև «Պուտինի ցուցակ», ընդգրկված են Ռուսաստանի նախագահի 43 օգնականներ, այդ թվում՝ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, կառավարության 31 անդամներ, ներառյալ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը և արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Պեսկովն այսօր ասել է նաև, թե պետք չէ տրվել էմոցիաների, և անհրաժեշտ է վերլուծել այդ զեկույցը։ ՌԴ նախագահի մամլո քարտուղարը կարծիք է հայտնել, թե ցանկի հրապարակումը կարող է վնաս հասցնել թե՛ երկրի ղեկավարությանը, թե՛ գործարաներին։ «Կրեմլի ցանկին» այսօր արձագանքել է նաև Մոսկվայի քաղաքապետը։ «Ցուցակում Ռուսաստանի քաղաքական և տնտեսական ողջ էլիտան է, և զարանալի կլիներ, եթե այնտեղ չլիներ իմ ազգանունը»,- գրել է Մոսկվայի քաղաքապետը, հավելելով՝ ցուցակն աննախադեպ է և իրականում, հակառակ ամերիկացիների նպատակների, «միավորելու է ռուսական էլիտային»։
Ռուսաստանցի փորձագտների համար տարօրինակ էր, որ աղմկահարույց այդ փաստաթղթում չեն ներառվել ՌԴ Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինայի, Պուտինի մտերիմ թիմակից համարվող՝ ՌԴ ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինի և «Ռոսնանո» պետական ընկերության ղեկավար Անատոլի Չուբայսի անունները։
«Թվիթերում» արձագանքելով ԱՄՆ-ի հրապարակած զեկույցին, Կուդրինը գրել է, թե դրան պետք է հանգիստ վերաբերվել, և պետք չէ այդ ցանկի պատճառով խզել հարաբերությունները: «Հակառակը՝ պետք է միջոցներ ձեռնարկել այս փուլը հաղթահարելու համար»,- գրել է Կուդրինը։
Այսօր ավելի ուշ սպասվում է նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի արձագանքը։ Ռուսաստանցի վերլուծաբաններին հատկապես զարմացրել է այն, որ ցուցակում ներառվել է նաև Լավրովի անունը, քանի որ աննախադեպ է հանգամանքը, երբ հնարավոր պատժամիջոցներ նախատեսող ցուցակում հայտնվում է տվյալ երկրի թիվ մեկ դիվանագետը։
Քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Էգերը «Դոժդ» հեռուստընկերության եթերում նշել է․ «Նույնիսկ Վենեսուելայի և Բելառուսի դեպքում արտգործնախարաները չեն ներառվել սանկցիոն ցուցկներում: Լավրովի անունն այս ցուցակում ընդգրկելը շատ խոսուն ապտակ է թե՛ Կրմելին, թե՛ արտգործնախարարությանը: Սա ավելի քան լուրջ է, և նշանակում է, որ ամերիկացիներն աշխարհին ասում են՝ ահա այս մարդկանց պետք չէ վստահել»։