Մատչելիության հղումներ

Անկարան սպառնում է է՛լ ավելի ընդլայնել ռազմական գործողությունները Սիրիայի քրդերի դեմ


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը «Ձիթենու ճյուղ» գործողության շտաբում, Հաթայ նահանգ, 25-ը հունվարի, 2018թ․
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը «Ձիթենու ճյուղ» գործողության շտաբում, Հաթայ նահանգ, 25-ը հունվարի, 2018թ․

Չնայած միջազգային հանրության զգուշացումներին ու հորդորներին՝ Անկարան սպառնում է շարունակել և է՛լ ավելի ընդարձակել ռազմական գործողությունները Սիրիայի քրդերի դեմ՝ հասնելով ընդհուպ մինչև Իրաքի սահման:

«Թուրքիան չի գրավել որևէ երկրի տարածք, ճիշտ հակառակը, մենք մաքրում ենք այդ շրջանները ահաբեկիչներից՝ հնարավորություն տալով, որ իրական տերերը վերադառնան», - այսօր հայտարարել է նախագահ Ռեջեփ Էրդողանը իշխող կուսակցության հետ հանդիպման ժամանակ:

«Մենք կշարունակենք այս՝ «Ձիթենու ճյուղ» գործողությունը, որ սկսվեց յոթ օր առաջ, քանի դեռ չենք հասել մեր բոլոր թիրախներին: Աֆրինից հետո մենք կմաքրենք Մանբիջը ահաբեկիչներից, մի բան, որ մեզ խոստացվել էր, բայց այդպես էլ իրականություն չդարձավ: Թող սա որևէ մեկին չմտահոգի, որովհետև Մանբիջի իրական տերերը ոչ թե այդ ահաբեկիչներն են, այլ մեր արաբ եղբայրները: Եվ մենք կշարունակենք մեր պայքարը, քանի դեռ չենք վերացրել վերջին ահաբեկչին Սիրիայի հյուսիսից մինչև Իրաքի հետ սահմանը», - ասել է Թուրքիայի նախագահը:

Մանբիջը, որը, ըստ Էրդողանի, դառնալու է թուրքական բանակի հաջորդ նշանակակետը, այժմ վերահսկվում է ոչ միայն Միացյալ Նահանգների աջակցությունը վայելող քուրդ զինյալների, այլև հենց ամերիկացի զինվորների կողմից, հաղորդում է Reuters-ը: Գործակալության հետ զրույցում վերլուծաբանները պնդել են՝ այս հարձակումը է՛լ ավելի կխորացնի թուրք-ամերիկյան՝ վերջին շրջանում առանց այդ էլ սրված հարաբերությունները:

«Աֆրինի դեմ սկսված այս հարձակումը նոր խնդիրներ ավելացրեց թուրք-ամերիկյան հարաբերություններին, Թուրքիան ուզում է, որ Նահանգները դադարեցնի աջակցությունը Սիրիայի քրդական խմբավորումներին, քանի դեռ այս հարցում համաձայնություն չկա, կարծում եմ՝ հարաբերությունների լարվածությունը կմնա», - ասել է թուրք վերլուծաբան, Ստամբուլի համալսարանի պրոֆեսոր Բորա Բայրաքթարը:

Ի դեպ, Ռեջեփ Էրդողանն այսօր նաև որոշ փաստական տվյալներ է ներկայացրել՝ պնդելով, թե անցած շաբաթավերջից քրդերի դեմ սկսված հարձակումների հետևանքով սպանվել է 300-ից ավելի ահաբեկիչ:

Իրավապաշտպան կազմակերպություններն ու քրդական աղբյուրները, մինչդեռ, պնդում են, թե թուրքական այս հարձակումների հետևանքով զոհվում են նաև խաղաղ բնակիչներ: Ըստ այդ հաղորդումների, այսօր առավոտյան միայն առնվազն հինգ մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա, ընդ որում՝ բոլոր զոհերը եղել են միևնույն ընտանիքից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG