Մատչելիության հղումներ

Թուրքական հարձակումը Աֆրինում շարունակվում է


Թուրքական բանակի տանկերը Սիրիայի սահմանի մոտ՝ Հաթայ նահանգում, 24-ը հունվարի, 2018թ․
Թուրքական բանակի տանկերը Սիրիայի սահմանի մոտ՝ Հաթայ նահանգում, 24-ը հունվարի, 2018թ․

Արդեն հինգերորդ օրն է ինչ Սիրիայի հյուսիսում` քրդերով բնակեցված Աֆրինի շրջանում, շարունակվում է թուրքական բանակի և սիրիացի ընդդիմադիրների համատեղ հարձակումը: «Ձիթենու ճյուղ» կոչվող գործողության ընթացքում թուրքական բանակը արդեն իսկ վերահսկողություն է հաստատել սահմանամերձ գոտում գտնվող մի շարք բնակավայրերի և իշխող բարձունքների նկատմամբ: Թուրքական կողմից հիմնականում ներգրավված են տանկային ստորաբաժանումները, հրետանին և հատուկջոկատայինները:

Դատելով քրդական կողմից տարածվող տեսանյութերից` սիրիացի քրդերից կազմված «Ժողովրդական պաշտպանության ուժերը» թուրքական ստորաբաժանումների և դրանց դաշնակիցների հետ մարտերում հիմնականում թեթև սպառազինություն են կիրառում` Կալաշնիկովի ավտոմատներ և նռնականետեր:

Արևմտյան աղբյուրների պնդմամբ՝ «Ձիթենու ճյուղ» գործողության գոնե այս փուլում քրդերի դեմ պայքարի ծանրության հիմնական մասը գտնվում է թուրքերի հետ դաշնակցած արաբական և թուրքմենական ջոկատների ուսերին: Սրանով է թերևս բացատրվում այն հանգամանքը, որ անցած հինգ օրերին թուրքական կողմը ընդամենը երկու զոհ է տվել:

Զոհված զինծառայողներից մեկի` երեկ Անկարայում տեղի ունեցած հուղարկավորությանը ներկա էին նախագահ Ռեջեփ Էրդողանը և ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն:

Սիրիայի հյուսիսում ծավալված ռազմական գործողությանը զուգահեռ Թուրքիան փորձում է ամրապնդել իր դիրքերը նաև դիվանագիտական ճակատում: Երեքշաբթի ուշ երեկոյան կայացել է Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցը, որի ընթացքում Ռեջեփ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինը քննարկել են Աֆրինում ծավալված վերջին իրադարձությունները:

«Երկու կողմերն էլ ընդգծել են ճգնաժամի հաղթահարմանն ուղղված համատեղ գործողությունների կարևորությունը: Այդ նպատակով իրագործվող քայլերը պետք է հիմնվեն Սիրիայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության գաղափարների հանդեպ հարգանքի վրա», - նշված է Կրեմլի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Hurriyet-ի տեղեկություններով, երեկ Էրդողանը Աֆրինում ստեղծված իրավիճակը քննարկել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի պնդմամբ, այսօր կկայանան նաև Թուրքիայի և Միացյալ Նահանգների նախագահների հեռախոսային բանակցությունները: Թեման նույնն է` Սիրիայի հյուսիսում ծագած ճգնաժամը: Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընի պնդմամբ՝ Էրդողանը պատրաստվում է որոշակի պահանջներ ներկայացնել իր ամերիկացի պաշտոնակցին:

«Մեր ակնկալիքը Միացյալ Նահանգներից շատ պարզ է և հստակ: Ամերիկացիները պետք է դադարեցնեն սիրիացի քրդերի շահերը ներկայացնող «Ժողովրդական պաշտպանության ուժերին» աջակցություն ցուցաբերելը: Դրանից հետո արդեն կարող ենք խոսել Սիրիայում տիրող կացության, այդ երկրի ապագայի, սիրիացի ժողովրդի շահերի մասին», - CNN Turk հեռուստաընկերության եթերում հայտարարում էր Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը:

Պաշտոնական Վաշինգտոնը, սակայն, հույս ունի, որ Անկարան մոտ ապագայում քայլեր կձեռնարկի, որոնց շնորհիվ հնարավոր կլինի որոշակիորեն կայունացնել Աֆրինում ստեղծված իրավիճակը:

«Սիրիայի հյուսիս-արևմուտքում ստեղծված կացությունը մեզ լրջորեն մտահոգում է: Այնտեղ ծավալված իրադարձությունները նաև պետքարտուղարի ուշադրության կենտրոնում են: Մենք չենք ցանկանում, որ իրադրությունը այնտեղ շարունակի լարվել: Ես նախկինում էլ ընդգծել եմ, որ Աֆրինը Սիրիայի համեմատաբար կայուն տարածաշրջաններից մեկն էր: Այժմ, սակայն, [Աֆրինում բնակվող] քաղաքացիական անձինք ընտրության առջև են կանգնած` լքե՞լ այդ տարածքը, թե՞՝ ոչ: Մենք կցանկանայինք խուսափել նման իրավիճակից: Մեր ցանկությունն է, որպեսզի մարդիկ շարունակեն ապրել իրենց տներում, իսկ նրանք ովքեր, լքել են հարազատ օջախները, վերադառնան», - Վաշինգտոնում կայացած ամենօրյա ասուլիսի ժամանակ հայտարարում էր Պետդեպարտամենտի խոսնակ Հիթեր Նաուերթը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG