Մամուլի հրապարակման հետքերով հարուցվել է քրեական գործ՝ Ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ, հաղորդում է Հայաստանի քննչական կոմիտեն:
Հունվարի 19-ին «FOR RIGHTS» տեղեկատվական հարթակում հրապարակվել է «Պայմանագրային զինծառայողին պարբերաբար ծեծել են և նվաստացրել» վերտառությամբ հոդվածը, ըստ որի՝ Ռազմական ոստիկանության քննչական բաժնի աշխատակիցները բռնություն են գործադրել պայմանագրային զինծառայող, շարքային Էդգար Հակոբյանի նկատմամբ: Նկատի ունենալով, որ հոդվածում մատնանշված հանգամանքները պարունակում են Քրեական օրենսգրքով նախատեսված ենթադրյալ հանցագործության հատկանիշներ՝ ՔԿ ԶՔԳՎ 4-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է սկսվել, և պայմանագրային զինծառայողը հրավիրվել է քննչական բաժին՝ հոդվածում մատնանշված հանգամանքների շուրջ հաղորդում տալու, փոխանցում է Քննչական կոմիտեն՝ միաժամանակ պարզաբանելով, որ Ռազմական ոստիկանությունը քննչական բաժին չունի, ուստի այս մասով հոդվածում հրապարակված տեղեկատվությունը թերի է և չի համապատասխանում իրականությանը:
Էդգար Հակոբյան հունվարի 25-ին փաստաբանի հետ միասին ներկայացել է 4-րդ կայազորային քննչական բաժին և հաղորդում ներկայացրել՝ Ռազմական ոստիկանության առանձին աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու և իր նկատմամբ բռնություն կիրառելու, N զորամասի հրամանատարի կողմից իր արժանապատվությունը վիրավորելու վերաբերյալ, ասված է հաղորդագրությունում:
ԶՔԳՎ 4-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի («Պաշտոնեական լիազորություններն անցնելը») և 360-րդ հոդվածի («Զինծառայողին վիրավորանք հասցնելը») 2-րդ մասերով: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ պայմանագրային զինծառայողի կողմից մատնանշված հանգամանքներն ստուգելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: