Թուրքական բանակը Սիրիայի հյուսիսում ծավալված գործողությունները կշարունակի այնքան ժամանակ, քանի դեռ չի հասել երկրի քաղաքական ղեկավարության կողմից առաջ քաշված բոլոր խնդիրների կատարմանը: Այս մասին երկուշաբթի երեկոյան՝ Սիրիայի հետ սահմանից ոչ հեռու գտնվող Սերինյոլ բնակավայրում տեղակայված հրամանատարական կետ այցելության ժամանակ, հայտարարեց Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը:
«Աֆրինում ծավալված «Ձիթենու ճյուղ» գործողությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չի չեզոքացվել վերջին ահաբեկիչը: Մենք այդ գործողությունը սկսել ենք, որպեսզի ի վիճակի լինենք պաշտպանել մեր երկրի սահմանները միջազգային իրավունքի շրջանակներում` խուսափելով քաղաքացիական անձանց կամ որևէ մեկի սեփականությանը վնաս հասցնելուց», - հայտարարում էր թուրքական բանակի հրամանատարը` դիմելով ցամաքային, ծովային և ռազմաօդային ուժերի բարձրաստիճան սպաներից կազմված համատեղ շտաբի անդամներին:
Սիրիացի քրդերը, սակայն, պնդում են, որ թուրքական օդուժի կողմից իրականացվող հարվածները խաղաղ բնակչության շրջանում զոհերի են հանգեցնում: Առավելապես քրդական ուժերից կազմված «Սիրիական ժողովրդավարական ուժերի» ներկայացուցիչները հայտարարեցին, որ երեկ իրականացված օդային հարվածների արդյունքում Աֆրինում առնվազն 18 խաղաղ բնակիչ է զոհվել` այդ թվում կանայք և երեխաներ:
«Սիրիայի ժողովրդավարական ուժերը» համոզված են, որ Թուրքիան չէր համարձակվի ռմբակոծել մեր գյուղերն ու քաղաքները, չէր հանդգնի մեր երեխաների կոտորած կազմակերպել, եթե Ռուսաստանը չհրաժարվեր իր բարոյական պարտավորություններից և կանաչ լույս չվառեր թուրքական օդանավերի համար», - անցած գիշեր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարում էր սիրիացի քրդերի պաշտոնական ներկայացուցիչ Կինո Գաբրիելը:
Աֆրինում ծավալված ռազմական գործողություններին զուգահեռ, պաշտոնական Անկարան փորձում է նաև ներքին լայն աջակցություն ապահովել: Մի կողմից, թուրք իրավապահները ակտիվորեն դիտարկում են սոցիալական ցանցերում տիրող տրամադրությունները` լռեցնելով Աֆրինում ընթացող գործողության ցանկացած քննադատություն: Թուրքական աղբյուրների փոխանցմամբ՝ միայն անցած գիշեր երկրի ողջ տարածքում, «Ձիթենու ճյուղ» գործողության դեմ համացանցում հնչեցրած քննադատության համար, 42 օգտատեր է ձերբակալվել: Թուրքական դատախազությունը նրանց «ահաբեկչության քարոզչություն ծավալելու» մեջ է մեղադրում:
Թուրքական կառավարությունը կարողացավ ստանալ նաև ընդդիմության աջակցությունը: Անկարայում` վարչապետի նստավայրում երեկ հանդիպեցին թուրքական կառավարության ղեկավար Բինալի Յըլդըրըմը և առաջատար ընդդիմադիր կուսակցության` Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն: Մոտ մեկ ժամ շարունակված հանդիպման ավարտին թուրքական ընդդիմության ղեկավարը հայտարարեց, թե «Աֆրինում ծավալված գործողությունը անխուսափելի էր»:
Պաշտոնական Անկարան փորձում է ստանալ նաև Թուրքիայում բնակվող կրոնական փոքրամասնությունների` այդ թվում հայերի աջակցությունը, ինչը կարծես թե հաջողվում է:
Երկուշաբթի ուշ երեկոյան Պոլսի Հայոց պատրիարքանի ֆեյսբուքյան էջում կարճ մի հայտարարություն զետեղվեց, որում նշված էր․ - «Պոլսի Հայոց պատրիարքարանը Թուրքիայի զինված ուժերի ձեռնարկած «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությանը հաջողություն է մաղթում։ Հայոց պատրիարքարանը աղոթելու է Թուրքիայի Հանրապետության պահպանման, հայրենիքի ամբողջականության ու ժողովրդի միասնության համար»:
Դրան ի պատասխան՝ Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը Twitter-ի իր էջում գրել է․ - «[Կրոնական] համայնքային հիմնադրամները, Հայոց պատրիարքարանն ու Թուրքիայի հրեական համայնքը մեր բանակի և պետության կողքին են: Երախտապարտ ենք նրանց»: