Մատչելիության հղումներ

Փենսը վերահաստատում է՝ ԱՄՆ-ը կարող է դուրս գալ Իրանի հետ միջուկային համաձայնագրից


Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Քնեսեթում, Երուսաղեմ, 22-ը հունվարի, 2018թ․
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Քնեսեթում, Երուսաղեմ, 22-ը հունվարի, 2018թ․

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը վերահաստատել է, որ Միացյալ Նահանգները դուրս կգա Իրանի հետ գերտերությունների կնքած միջուկային համաձայնագրից, եթե այն «չշտկվի»:

Փենսը այդ հայտարարությամբ հանդես է եկել երեկ Իսրայելի խորհրդարանում՝ Քնեսեթում ելույթի ժամանակ:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, իր հերթին, հայտարարել է, որ արևմտյան տերությունները պետք է «օգտվեն ձախողված գործարքի թերությունները շտկելու հնարավորությունից, սակայն եթե այդ առաջնորդները բաց թողնեն նման հնարավորությունը, Իսրայելը միանշանակ կպաշտպանի վատ գործարքից դուրս գալու նախագահի քայլը»:

Հաղորդվում է նաև, որ Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը խոսել է Թեհրանի դեմ կոշտ պատժամիջոցներին եվրոպական երկրների աջակցությունը ստանալու հարցում առաջընթացի մասին, որոնք կարող են կանխել ԱՄՆ-ի դուրս գալը գործարքից:

Հիշեցնենք, ԱՄՆ պետքարտուղարը եվրոպական շրջագայությունը սկսել է կիրակի օրը:

Վեց գերտերությունների հետ 2015 թվականի հուլիսի 14-ին ստորագրած համաձայնագրով Իրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային ծրագիրը՝ միջազգային պատժամիջոցների վերացման դիմաց:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս քննադատել է այդ գործարքը՝ չբացառելով, որ պաշտոնական Վաշինգտոնը կարող է դուրս գալ համաձայնագրից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG