Մատչելիության հղումներ

Մեկնարկում է ԱՄՆ-ի պետքարտուղարի եվրոպական շրջագայությունը, առանցքային թեման Իրանն է


Ռեքս Թիլերսոն
Ռեքս Թիլերսոն

ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը այսօր ուշ երեկոյան կժամանի Լոնդոն:

Մեծ Բրիտանիան Թիլերսոնի եվրոպական շրջագայության առաջին կանգառն է: Հունվարի 23-ին ԱՄՆ-ի պետքարտուղարը կլինի Փարիզում, այնուհետև՝ Դավոսում՝ մասնակցելու ամենամյա տնտեսական ֆորումին: Հունվարի 26-ին կայցելի Լեհաստան՝ անվտանգության և տնտեսական հարցերով բանակցություններ վարելու:

Ամերիկացի մի պաշտոնյա, իր անունը չհրապարակելու պայմանով, լրատվամիջոցներին հայտնել է, որ Թիլերսոնի՝ դաշնակիցների հետ հանդիպումների հիմնական թեման լինելու է Իրանը:

«Ինչպես բոլորդ գիտեք, մենք հատկապես կարևորում ենք բրիտանացիների և ֆրանսիացիների հետ սերտ համագործակցությունը՝ [միջուկային համաձայնագրի] բացերը լրացնելու հարցում և դրան հաջորդող քայլերում՝ թե ինչպես ենք կրճատելու Իրանի վնասակար ազդեցությունը տարածաշրջանում», - հունվարի 19-ին լրագրողներին ասել է Պետդեպարտամենտի պաշտոնյան՝ հավելելով․ - «Այնպես որ, կարծում եմ հենց դա է լինելու առաջնահերթությունն իր բանակցություններում»:

ԱՄՆ-ի պետքարտուղարի այս շրջագայությունը տեղի է ունենում Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրի ճակատագրի շուրջ կուլիսային բանակցությունների ֆոնին: Ըստ այդ համաձայնագրի Իրանը պետք է սահմանափակեր իր միջուկային ծրագիրը միջազգային պատժամիջոցների մեղմացման դիմաց:

Այս ամիս ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ցանկանում է աշխատել եվրոպացի դաշնակիցների և Կոնգրեսի հետ՝ Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրի «աղետալի թերությունները» շտկելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG