Մոսկվայի Մեշչանսկի շրջանի դատարանը լուծարել է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու նախընտրական շտաբի իրավաբանական անձ հանդիսացող «Տարվա հինգերորդ ժամանակ» հիմնադրամը։
Հիմնադրամը ստեղծվել էր 2014 թվականին: Դրա միջոցով Նավալնին գումար էր հավաքում իր նախընտրական արշավի համար։
Ռուսաստանի արդարադատության նախարարությունը պահանջել է լուծարել հիմնադրամը, քանի որ, նախարարության տվյալներով, այն խախտում է երկրի օրենքները, մասնավորապես՝ տարբեր քաղաքներում տարածքներ էր ապօրինի վարձում Նավալնու նախընտրական շտաբների համար, թեև կանոնադրությունում նշված է, որ այն զբաղվելու է լրատվամիջոցների հետ աշխատանքով։
Նավալնու թիմակիցները սա հերթական անօրինական որոշումն են համարում և պատրաստվում են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Նրանք պնդում են, որ իշխանությունները հնարավոր ամեն բան անում են ընդդիմադիր գործչի նախընտրական արշավը տապալելու համար։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիշեցնենք, դեռևս դեկտեմբերին հրաժարվել է գրանցել Նավալնուն որպես Ռուսաստանի նախագահի թեկնածու՝ դատվածության պատճառով։ Ընդիմադիր գործիչը որոշումը բողոքարկել է Գերագույն դատարանում, սակայն արդյունքի չի հասել և մտադիր է բողոքարկել այն Սահմանադրական դատարանում և Եվրադատարանում:
Տե՛ս նաև այստեղ