Մատչելիության հղումներ

Մոսկվայի դատարանը լուծարեց Նավալնու ընտրարշավը ֆինանսավորող հիմնադրամը


Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնի, հունվար, 2018թ․
Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնի, հունվար, 2018թ․

Մոսկվայի Մեշչանսկի շրջանի դատարանը լուծարել է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու նախընտրական շտաբի իրավաբանական անձ հանդիսացող «Տարվա հինգերորդ ժամանակ» հիմնադրամը։

Հիմնադրամը ստեղծվել էր 2014 թվականին: Դրա միջոցով Նավալնին գումար էր հավաքում իր նախընտրական արշավի համար։ Ռուսաստանի արդարադատության նախարարությունը պահանջել է լուծարել հիմնադրամը, քանի որ, նախարարության տվյալներով, այն խախտում է երկրի օրենքները։

Նավալնու թիմակիցները սա հերթական անօրինական որոշումն են համարում և պատրաստվում են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: «Սա աննախադեպ որոշում էր՝ և՛ իր տեսքով, և՛ արագությամբ», - հայտարարել է հիմնադրամի իրավաբան Վյաչեսլավ Գիմադին։

Արդարադատության նախարարության պնդմամբ՝ հիմնադրամը Ռուսաստանի տարբեր քաղաքներում տարածքներ էր ապօրինի վարձում Նավալնու նախընտրական շտաբների համար, թեև հիմնադրամի կանոնադրությունում նշված է, որ այն զբաղվելու է լրատվամիջոցների հետ աշխատանքով։ Բացի այդ, հիմնադրամը նաև իր հաշիվներում ունեցել է բիթքոյններ։

«Տարվա հինգերորդ ժամանակ»-ի իրավաբանները փորձել են դիմել Մոսկվայի Գագարինսկի շրջանի դատարան՝ լուծարման մասին որոշումը բողոքարկելու համար, սակայն դատարանը հայցը չի ընդունել:

Նավալնու կողմնակիցները հայտարարում են, որ Ռուսաստանի իշխանությունները հնարավոր ամեն բան անում են ընդդիմադիր գործչի նախընտրական արշավը տապալելու համար։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիշեցնենք, դեռևս դեկտեմբերին հրաժարվել է գրանցել Նավալնուն որպես Ռուսաստանի նախագահի թեկնածու՝ դատվածության պատճառով։ Ընդիմադիր գործիչը որոշումը բողոքարկել է Գերագույն դատարանում, սակայն արդյունքի չի հասել և մտադիր է բողոքարկել այն Սահմանադրական դատարանում և Եվրադատարանում:

Մինչդեռ Ռուսաստանում նախընտրական քարոզարշավը շարունակվում է։ Լրագրող Քսենիա Սոբչակի կողմնակիցներն արդեն հավաքել են անհրաժեշտ 100 հազար ստորագրությունները, սակայն մտադիր են հավաքել ևս 30-40 հազարը։ Սոբչակը, հիշեցնենք, ընտրություններին մասնակցում է որպես «Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցության կողմից առաջադրված թեկնածու։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արդեն գրանցել է միայն երկու թեկնածուի՝ Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկուն ու կոմունիստների թեկնածու միլիոնատեր Պավել Գրոդինինին, նրանք ընտրություններին գնում են որպես Պետդումայում ներկայացված կուսակցությունների թեկնածուներ և ստորագրություններ հավաքելու անհրաժեշտություն չունեն։

Գործող նախագահ Վլադիմիր Պուտինը ընտրություններին մասնակցում է որպես ինքնաառաջադրված թեկնածու և Կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացնի 300 հազար ստորագրություն: Նրա թիմակիցները հայտարարում են, որ արդեն մեկ միլիոն ստորագրություն են հավաքել։

Ընդհանուր առմամբ, նախագահի թեկնածու գրանցվելու համար հանձնաժողով է դիմել 17 մարդ, թե նրանցից քանիսը պաշտոնապես կգրանցվեն, հայտնի կլինի փետրվարի սկզբին։

Հավելենք նաև, որ «Ռոսիա» հեռուստաընկերությանը տված ծավալուն հարցազրույցում Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը երեկ անդրադարձել է մարտին կայանալիք ընտրություններին և համոզմունք հայտնել, որ դրանցում հաղթելու է գործող նախագահը։

«Որպես Ռուսաստանի քաղաքացի՝ համոզված եմ, որ ընտրություններում հաղթելու է Վլադիմիր Պուտինը, և հուսով եմ, որ այդ հաղթանակը համոզիչ է լինելու», - հայտարարել է Կրեմլի խոսնակը:

Պեսկովի խոսքով՝ Ղրիմի միավորումից հետո ռուսաստանցիների աջակցությունը Պուտինին այսօր չափազանց մեծ է, և 18 տարի երկիրը ղեկավարելուց հետո նրա վարկանիշն այսօր էլ ռեկորդային է, աննախադեպ բարձր է։

65-ամյա Վլադիմիր Պուտինը, հիշեցնենք, ընտրություններին մասնակցելու է չորրորդ անգամ և նախագահ ընտրվելու դեպքում Ռուսաստանը կղեկավարի ևս վեց տարի՝ մինչև 2024 թվականը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG