Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանն արդեն որոշել է, թե ով է լինելու Հայաստանի 4-րդ նախագահը. Հակոբ Բադալյան


Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի համոզմամբ, Սերժ Սարգսյանն արդեն որոշել է, թե ով է լինելու Հայաստանի 4-րդ նախագահը։ Իսկ Հանրապետական կուսակցությունն, ըստ Բադալյանի, ընդամենը հաստատելու է Սերժ Սարգսյանի որոշումը։

«Այն հատկանիշներից հետո, որ թվարկեց Սերժ Սարգսյանը, թերևս պարզ դարձավ, որ գոնե Սարգսյանը, կարծես թե, որոշել է, թե ում է առաջադրելու նախագահի թեկնածու։ Իսկ եթե խոսում ենք որոշման մասին, ապա այս տեսանկյունից պետք է նայենք՝ Հանրապետական կուսակցությունն ընդամենը հաստատելու է Սերժ Սարգսյանի որոշումը, և կարծում եմ, որ նախագահի թեկնածուի հարցում Սերժ Սարգսյանի ընտրությունը թերևս կատարված է, ով է այդ ընտրությունը` կիմանանք երևի առաջիկայում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բադալյանը։

Օրերս մտավորականների հետ հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյան խոսեց նախագահի թեկնածուի չափանիշների մասին: Մասնավորապես, ըստ նրա, Հայաստանի 4-րդ նախագահը պետք է ճանաչում ունենա երկրի ներսում և երկրից դուրս, տիրապետի օտար լեզուների, ունենա լայն կապեր թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում, վայելի հեղինակություն և, որ ամենակարևորն է, անկողմնակալ մարդ լինի, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել և կուսակցության անդամ չի եղել:

Հարցին՝ եթե որոշում արդեն կայացված է, ինչո՞ւ է նախագահը մտավորականներից կարծիք հարցնում, ասում, որ առաջարկներ կարող է ընդունել, քաղաքական մեկնաբանը պատասխանեց. - «Դե, ինչպես հայտնի ֆիլմում` «դա բարի կովկասյան ավանդույթ է», էս դեպքում էլ՝ դա մեր իշխանության քարոզչական քաղաքականության մեջ ընդունված բարի ավանդույթ է, ստեղծելու համար տպավորություն, որ կարծիքների այսպիսի բազմազանության պայմաններում է կատարվել ընտրությունը: Իրականում, իհարկե, ընտրությունը կատարվելու է շատ ավելի նեղ շրջանակում կատարված քաղաքական խորհրդակցություններով և հաշվարկներով, և կարծում եմ, որ մեծ հաշվով հատկանիշների թվարկումը վկայում էր այն մասին, որ այդ ընտրությունը կատարված է»։

Բադալյանի գնահատմամբ, Սերժ Սարգսյանը ոչ այնքան նախագահի թեկնածու, որքան իշխանության յուրօրինակ խիղճն էր նկարագրում։

«Քաղաքականությամբ չզբաղված. ես կարծում եմ, որ տողատակում ավելի շատ նկատի է առնվում չհեղինակազրկված, այս կամ այն ճամբարին չվերագրվող որևէ մեկը, և, այդ իմաստով, տպավորություն է, որ Սերժ Սարգսյանը ոչ այնքան նախագահի թեկնածուի, ինչքան իշխանության յուրօրինակ խիղճն էր նկարագրում, թե ինչպիսին պետք է լինի իշխանության խիղճը, նախագահի տեսքով իշխանությունն այդպիսին պետք է ներկայանա։ Ենթադրվում է երևի, որ լինելու է ամենալեգիտիմ օղակը իշխանության, որը շատ բաներ կծածկի իրենով, իր հանրային ընկալումներով և այլն, և դրանով նաև կլինի հենց ուժեղ իշխանության մեջ, այսինքն՝ մնացած օղակները, որոնք արդեն բավական մեծ իշխանության լծակներ կտնօրինեն, կլինեն որոշակիորեն հենց նախագահի, խորհրդանշական նախագահի այդ բարոյական ազդեցության տակ», - ասաց քաղաքական մեկնաբանը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG