Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանի համար կարևոր է, որ հաջորդ նախագահն իրեն չխանգարի լինել պետության առաջին դեմքը. քաղաքական մեկնաբան


Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանի կարծիքով՝ Սերժ Սարգսյանը թեև երեկ ավելի հստակեցրել է, թե ով կարող է լինել Հայաստանի 4-րդ նախագահի Հանրապետականի թեկնածուն, սակայն, մեկնաբանի գնահատմամբ, նախագահի նշած չափանիշները թերի էին։

«Կարծում եմ, որ նախագահ Սերժ Սարգսյանը հիմնականը չասաց. նա չասաց, որ շատ կարևոր է, որ նախագահը լինի այնպիսի մեկը, ով Հայաստանում քաղաքական մեծ հեղինակություն չունենա, քաղաքական հենարան չունենա և հավակնություններ չունենա։ Այսինքն՝ իրեն չխանգարի լինել պետության առաջին դեմքը։ Կարծում եմ, որ առաջին հերթին իր չափորոշիչները պայմանավորված են հենց դրանով, և հենց այդ մասին էլ Սերժ Սարգսյանը չասաց», - «Ազատության» հետ զրույցում նշեց քաղաքական մեկնաբանը։

Նախագահի հավանական թեկնածուի շուրջ ստեղծված «աժիոտաժը» Բաղդասարյանն «արհեստական է» որակում։ Այդ կերպ, ինչպես քաղաքական մեկնաբանն ասաց, «փորձ է արվում հասարակության ուշադրությունից շեղել, ստվերել ավելի կարևոր՝ վարչապետի թեկնածուի հարցն ու գնաճի խնդիրը»։

«Այսինքն՝ հասարակության ուշադրությունը շեղելու պահ եմ նկատում։ Իրականում մենք հասկանում ենք, որ հաջորդ նախագահը ձևական ֆիգուր է լինելու՝ ներկայացուցչական, արարողակարգային, և այդ դեպքում այս աժիոտաժն անհասկանալի է։ Որովհետև դա նույնն է, թե հասարակությունն այսպես բուռն քննարկի, ասենք, էկոնոմիկայի նախարարի թեկնածությունը, որովհետև նախագահը հաստատ ավելի մեծ լիազորություններ չի ունենալու», - ասաց Բաղդասարյանը։

Նշենք, որ մամուլը որպես Հայաստանի 4-րդ նախագահի Հանրապետականի թեկնածու տալիս է, մասնավորապես, նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի անունը։

Երեկ մտավորականության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով իր պատկերացումը Հայաստանի ապագա նախագահի մասին՝ Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանի 4-րդ նախագահը պետք է լինի մի անհատ, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել և կուսակցության անդամ չի եղել:

Ըստ Սերժ Սարգսյանի, խոսքը պետք է գնա մի մարդու, մի անհատի մասին, ով անցած ճանապարհ ունի, ունի ճանաչում և՛ երկրի ներսում, և՛ դրսում, կարող է պատշաճ մակարդակով, ըստ արժանվույն ներկայացնել Հայաստանն արտերկրում, այսինքն՝ կատարել իր ներկայացուցչական ֆունկցիաները և՛ երկրի ներսում, և՛ երկրից դուրս:

Ապագա նախագահը, Սերժ Սարգսյանի պատկերացմամբ, պետք է տիրապետի օտար լեզուների, ունենա լայն կապեր թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում, վայելի հեղինակություն և որ ամենակարևորն է՝ անկողմնակալ մարդ լինի, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել և կուսակցության անդամ չի եղել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG