Մատչելիության հղումներ

«Ծառուկյանի՝ ընդդիմադիր լինել-չլինելու գնահատականը կտա ժողովուրդը». Արամ Սարգսյան


«Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանի համոզմամբ, Հայաստանի 4-րդ նախագահի թեկնածուի ընտրության հարցում Սերժ Սարգսյանի համար էական է լինելու, որ նա չունենա քաղաքական թիմ, չունենա քաղաքական ամբիցիաներ, չհավակնի Հանրապետականի թիմն «իրենով անելուն» ու Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ ինքնուրույն գործունեություն իրականացնելուն:

Արամ Սարգսյանը վստահ է՝ Սերժ Սարգսյանն այս հարցում և՛ս իրեն անփոխարինելի դարձնելու խնդիրն է լուծելու:

Երեկ Գագիկ Ծառուկյանն Ազգային ժողովի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում չբացառեց, որ «Ծառուկյան» խմբակցությունը սատարի իշխող Հանրապետականի թեկնածուին։ «Երբ որ Հանրապետական կուսակցությունն իր թեկնածուին կառաջադրի, մենք դրա մասին մեր կարծիքը կասենք», - ասել էր Ծառուկյանը:

«Ազատության» հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, որ եթե Գագիկ Ծառուկյանը սատարի իշխող Հանրապետականի նախագահի թեկնածուին, արդյո՞ք դրանով կասկածի տակ կդնի իր ընդդիմադիր լինելու հանգամանքը, Արամ Սարգսյանը շեշտեց ՝ «Ծառուկյանի՝ ընդդիմադիր լինել-չլինելու գնահատականը կտա ժողովուրդը» :

Արամ Սարգսյան. - «Ծառուկյան» դաշինքը, ես ի սկզբանե ասել եմ, կարող էր աջակցել Արտակ Զեյնալյանին, որպես ընդդիմադիր խմբակցություն, բարի կամք դրսևորեր։ «Ծառուկյան» դաշինքը ցանկացած օրենքի նախագիծ, որը բերել է Ազգային ժողով, խմբակցությունում ասել եմ՝ «սրան պետք է կողմ քվեարկել», որովհետև ընդդիմադիր խմբակցություն է, որպես այդպիսին գրանցված է, և չկա որևէ նախաձեռնություն, որ իրենք բերել են և մենք կողմ չենք քվեարկել։

«Ազատություն». - Հիմա չեն պաշտպանում ձեզ, դուք հավանական համարո՞ւմ եք, որ իսկապես, ինչպես Ծառուկյանը չբացառեց, սատարեն իշխող Հանրապետականի թեկնածուին։

Արամ Սարգսյան. - Իհարկե չեմ բացառում և չեմ կարող բացառել դա իրենց փոխարեն։ Իրենք են որոշում՝ պաշտպանե՞լ իշխանության թեկնածուին, թե՞՝ ընդհանրապես ձեռնպահ մնան։

«Ազատություն». - Հատկապես որ Սերժ Սարգսյանը ցանկություն է հայտնել, որ ձայների մեծամասնությամբ դա տեղի ունենա, իսկ առանց «Ծառուկյան»-ի, ձայների մեծամասնությամբ միայն Հանրապետականն ու ՀՅ Դաշնակցությունն են մնում։

Արամ Սարգսյան. - Սերժ Սարգսյանն ավելի շատ ցանկություն էր հայտնել, որ նախագահի թեկնածուն ընդունելի լինի բոլորի համար, կարող եմ հիասթափեցնել Սերժ Սարգսյանին՝ «Ելք» դաշինքը Հանրապետականի առաջարկած նախագահի թեկնածուին կողմ չի քվեարկի ու չի քվեարկի՝ անկախ նրա ով լինելը, այն պարզ պատճառով, որ իրենք մեր թեկնածուին հնարավորություն չտվեցին անգամ հանդես գալու, որ իրենք ընտրությունը տանում են նրան, ինչն իրենց էլ ձեռնտու չէ՝ կոմունիստական հասարակարգին բնորոշ մի թեկնածուով ընտրություն, մի թեկնածուով ընտրություն գոյություն չունի։

«Ազատություն». - Պարոն Սարգսյան, եթե Գագիկ Ծառուկյանի ղեկավարած խորհրդարանական ուժն այնուամենայնիվ սատարի Հանրապետականի նախագահականի թեկնածուին, այդ քայլով «Ծառուկյան» դաշինքը կասկածի տակ կդնի՞ իրական ընդդիմադիր լինելու հանգամանքը։

Արամ Սարգսյան. - Ընդդիմադիր լինել-չլինելու գնահատականը տալիս է մեր ժողովուրդը։ Ես չեմ ուզում այսօր բանավեճի մեջ մտնել, կամ գնահատականներ դնել «Ծառուկյան» դաշինքին մի պարզ պատճառով՝ մեր ու «Ծառուկյան» դաշինքի բանավեճը ուրախացնելու է միայն ՀՅ Դաշնակցությանն ու Հանրապետականին։

«Ազատություն». - Դուք ունե՞ք ինչ-որ տեղեկություններ, թե ով կարող է լինել իշխող Հանրապետականի նախագահի թեկնածուն։ Մամուլը տվել էր, օրինակ, նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի անունը, Դուք դա հավանական համարո՞ւմ եք։

Արամ Սարգսյան. - Որևէ բան բացառել չեմ կարող, առավել ևս, որ Սերժ Սարգսյանի վերջին շրջանի նշանակումները երբեք ճիշտ չեմ կռահել, դրա համար չեմ մտնի այդ դաշտ։ Էդ առումով Սերժ Սարգսյանն անկանխատեսելի է։

«Ազատություն». - Ընտրություն կատարելիս ինչի՞ն է ուշադրություն դարձնելու, Ձեր կարծիքով, Սերժ Սարգսյանը։

Արամ Սարգսյան. - Ուշադրություն է դարձնելու նրան, որ մարդը քաղաքական թիմ չունենա, լուրջ քաղաքական ամբիցիաներ չունենա, չհավակնի թիմն իրենով անելուն, չհավակնի արտաքին քաղաքական գործընթացներում սեփական գործունեություն ծավալելուն։ Այս բաներն է հաշվի առնելու։

«Ազատություն». - Այսինքն՝ իրեն ավելի շատ ենթակա՞։

Արամ Սարգսյան. - Իր դերն ավելի կարևոր դարձնելու, ըստ էության, իրեն անփոխարինելու դարձնելու խնդիրն է լինելու։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG