Մատչելիության հղումներ

Խամենեի. Իրանը լուծման կարոտ ներքին խնդիրներ ունի


Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին ելույթ է ունենում Ղոմ քաղաքում, 9-ը հունվարի, 2018թ․
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին ելույթ է ունենում Ղոմ քաղաքում, 9-ը հունվարի, 2018թ․

«Եթե Իսլամական Հանրապետությունը ներքին խնդիրներ չունենար, արտաքին թշնամիներն ի վիճակի չէին լինի դավադրություններ կազմակերպել», - երեկ Իրանի կրոնական կենտրոն համարվող Ղոմ քաղաքում հայտարարեց երկրի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին: Այս ելույթը Խամենեիի առաջին ծավալուն անդրադարձն էր դեկտեմբերի 28-ին սկիզբ առած և մոտ մեկ շաբաթ շարունակված բողոքի գործողություններին:

«Մենք շատ ենք խոսել արտաքին թշնամիների մասին: Մենք հետախուզական տվյալներ ունենք արտաքին թշնամիների մասին: Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է մոռանանք մեր թերացումների մասին: Մենք թույլ կետեր ունենք, կան ոլորտներ, որտեղ ամեն ինչ չէ, որ կարգին է, խնդիրներն առկա են: Սխալ է կարծել, թե մենք որևէ ներքին խնդիր չունենք, և արտաքին թշնամիները դրանք արհեստականորեն են ստեղծում: Եթե մենք ներքին խնդիրներ չունենայինք, ապա արտաքին [թշնամական] ցանցերն ի վիճակի չէին լինի միջամտել [մեր ներքին գործերին], և Ամերիկան ի վիճակի չէր լինի որևէ բան անել», - հայտարարում էր Իրանի հոգևոր առաջնորդը` կոչ անելով հստակ տարբերակում դնել փողոցներ դուրս եկող մարդկանց միջև:

«Վերջերս տեղի ունեցած իրադարձությունները մի հստակ առանձնահատկություն ունեին: Մեծ տարբերություն կար ժողովրդի ազնիվ և արդարացված պահանջների միջև՝ մի կողմից, և [ցուցարարների] մեկ այլ խմբի կատաղի և ջարդարար պահվածքի միջև` մյուս կողմից: Այդ երկու խմբերը հարկավոր է տարանջատել», - հայտարարում էր Խամենեին` հստակորեն ակնարկելով, որ սոցիալական կարգախոսներով հանդես եկող իրանցիների պահանջները կառավարությունը պատրաստ է լսել, սակայն իսլամական կառավարման համակարգի դեմ հանդես եկող որևէ ուժ կամ խումբ չի հանդուրժվելու:

«Երբ հավաքվում է 100 կամ 500 մարդ, հայտնում է իր բողոքը` դա մի խնդիր է: Բայց գոյություն ունի մեկ այլ խումբ, որը օգտվելով առիթից` պղծում է Ղուրանը, վիրավորում իսլամը, այրում Իրանի դրոշը, մզկիթներ հրկիզում: Այս երկու խմբերը հակադիր բևեռներում են գտնվում», - հայտարարում էր Խամենեին:

Իրանի հոգևոր առաջնորդը երեկ Ղոմում հնչեցրած իր ելույթի մի զգալի մասը նվիրեց Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին` պնդելով անգամ, թե նա հոգեպես անկայուն վիճակում է:

«Թրամփը պնդում է, թե Իրանի կառավարությունը վախենում է ամերիկացիների ուժից: Եթե մենք վախենում ենք ձեզանից, ինչպե՞ս ստացվեց, որ 70-ականներին մենք ձեզ Իրանից վտարեցինք, իսկ վերջին մի քանի տարիներին՝ նաև ողջ տարածաշրջանից», - հեգնում էր Իրանի հոգևոր առաջնորդը:

Խամենեիի այս հայտարարություններից մի քանի ժամ անց Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատը քվեների ճնշող մեծամասնությամբ հատուկ բանաձև ընդունեց, որով միանշանակ աջակցություն է հայտնում իրանցի ցուցարարներին:

Հանրապետական կոնգրեսական Էդ Ռոյսը նշում էր․ - «Ընդունելով այս բանաձևը` մենք հայտարարում ենք, որ Ամերիկան աջակցում է Իրանի ժողովրդին: Դրա հետ մեկտեղ, մենք պետք է հստակորեն բացատրենք, որ Իրանի ժողովուրդը չէ մեր կողմից սահմանվող պատժամիջոցների թիրախը: Այս պատժամիջոցներն ուղղված են իրադրության ապակայունացմամբ և ճնշումներով զբաղված Իրանի վարչակազմի դեմ»:

Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ կոնգրեսական Բրեդ Շերմանի խոսքով էլ՝ եթե Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրի շուրջ ամերիկյան երկու առաջատար կուսակցությունները տարաձայնություններ ունեն, ապա վերջին ցույցերի հարցում քաղաքական այդ ուժերը միակարծիք են:

«Իրանը Միացյալ Նահանգների դաշնակիցը չէ: Իսլամական հանրապետությունը գոնե նման դաշնակից համարվել չի կարող: Ներկայացուցիչների պալատը երբեք չի համաձայնի աչք փակել մարդու իրավունքների աղաղակող խախտումների վրա միայն այն պատճառով, որ Իրանը համաձայնել է սահմանափակել իր միջուկային ծրագիրը», - հայտարարում էր Շերմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG