Մատչելիության հղումներ

Թեհրանը հայտարարում է հակաիշխանական ցույցերի ալիքի մարման մասին


Կառավարության համակիրները հերթական ցույցն են անցկացնում իրանական Մաշհադ քաղաքում, 4-ը հունվարի, 2018 թ․

Արդեն ավելի քան մեկ շաբաթ շարունակվող հակակառավարական ցույցերից հետո Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հավելյալ ուժեր է տեղակայել բախումների էպիկենտրոն դարձած երեք նահանգներում, զգուշացնելով՝ ցուցարարները կպատժվեն ամենախիստ ձևով:

«Մեր թշնամիները պիտի իմանան, որ այս կարգի ապստամբություններն Իրանում չեն աշխատում»,- հայտարարել է կորպուսի հրամանատար Մոհամեդ Ալի Ջաֆարին՝ պնդելով, թե բողոքի ալիքն արդեն մարել է, ապստամբության փորձն էլ՝ ճնշվել: Քանի դեռ սոցիալական ցանցերն ու անկախ լրատվամիջոցներն Իրանում արգելափակված են, այս տեղեկությունը դժվար է ճշտել: Պետական լրատվամիջոցները պատմում են միայն իշխանություններին աջակցելու համար փողոց դուրս եկած ցուցարարների մասին:

«Մահ Միացյալ Նահանգներին, Իսրայելին ու Սաուդյան Արաբիային: Մեր երակներով հոսող արյունը մեր նվերն է առաջնորդ Խամենեիին»,- վանկարկում են նրանք արդեն երկրորդ օրը շարունակվող ցույցերի ընթացքում: Պաշտոնական Թեհրանը շարունակում է պնդել, թե բողոքի ալիքը կառավարվում ու հովանավորվում էր արտաքին ուժերի կողմից: ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Գոլյամ Ալի Հոշրուն երեկ բողոքի նամակ է հղել Անվտանգության խորհրդին՝ նշելով, թե Միացյալ Նահանգները նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ «անամոթաբար ու զավեշտալի ձևով միջամտում է Իրանի ներքին գործերին՝ ցուցարարներին սադրելով բռնության ու անկարգությունների»:

Մինչ Իրանական կողմի այս բողոք-նամակի հղումը, երեկ երեկոյան Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը «Թվիթերում» գրել էր․ «Հարգում եմ Իրանի ժողովրդին, որը փորձում է տապալել կոռումպացված կառավարությունը, նրանք լուրջ աջակցություն կստանան ճիշտ ժամանակին»: Սպիտակ տան ներկայացուցիչներից մեկը, անանուն մնալու պայմանով, չի բացառել, որ Թրամփի վարչակազմը կարող է հավելյալ պատժամիջոցներ սահմանել իրանցի այն պաշտոնյաների ու կազմակերպությունների նկատմամբ, որոնք ոտնահարել են խաղաղ հանրահավաքների անցկացման ու խոսքի ազատության իրավունքն ու ճնշել ընդդիմադիր ցուցարարներին:

Փոխնախագահ Մայք Փենսն, իր հերթին, «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում պնդել է, թե Թրամփը, ի տարբերություն իր նախորդի՝ Բարաք Օբամայի, մտադիր չէ իրանցիներին միայնակ թողնել: «Մենք տեսնում ենք մարդկանց, որոնք կրկին փողոց են դուրս եկել Իրանում և հիմա մենք ունենք Ամերիկայի նախագահ, որն ամերիկյան հայտնի ավանդույթի համաձայն, պաշտպանում է նրանց, ասելով՝ մենք ձեզ հետ ենք, մենք աջակցում ենք ձեզ, մենք պատրաստ ենք օգնել ձեզ՝ հասնելու առավել ազատ ու առավել բարգավաճ ապագայի: Հույս ունեմ, որ ինչպես Խորհրդային Միության այլախոհները Ռեյգանի չարի կայսրության մասին ելույթը լսելուց հետո հասկացան, որ միայնակ չեն, այնպես էլ այսօր Իրանում փողոց դուրս եկած մարդիկ կհասկանան, որ նախագահ Թրամփի օրոք չեն մնա միայնակ, քանի դեռ պայքարում են հանուն ազատության ու ժողովրդավարության»,- ասել է Փենսը: Նա չի բացառել, որ Իրանի վարչակազմի դեմ պատժամիջոցները կարող են խստացվել:

Վերջին մեկ շաբաթում հակակառավարական ցույցերի ընթացքում Իրանում առնվազն 22 մարդ է զոհվել, մի քանի հարյուրը՝ ձերբակալվել: «Այս ամենի պատճառն իշխանությունն է, որը մտածում է միայն իր մասին»,- «Ռոյթերզի» հետ զրույցում ասել է Իրանի հանգուցյալ շահ Մոհամադ Ռեզա Փահլավիի ավագ որդին՝ ԱՄՆ-ում բնակվող թագաժառանգ Ռեզա Փահլավին:

«Գործող վարչակազմն օգտագործում է երկրի ռեսուրսները՝ միայն հանուն իր իշխանության, իր բանակի, իր ծառաների ու իր նպատակների, լինի դա Սիրիայում, Լիբանանում թե այլուր: Երկրի հարստությունը չի հասնում ժողովրդին: Ձեր կարծիքով մարդիկ որքա՞ն կարող են համբերել, ձեր կարծիքով որքա՞ն կարող են դիմանալ տնտեսական այդ դժվարություններին, գործզարկությանը, գնաճին, դիմանալ մի իրավիճակի, երբ նրանց շարունակաբար կոտրում ու ճնշում են»,- ասել է նա:

Այժմ, երբ բողոքի ալիքը կարծես փոքրիշատե մարել է, ավելի հաճախ են հնչում կարծիքներ ու վերլուծություններ՝ հակաիշխանական ցույցերի հնարավոր պատճառների մասին: Քաղաքագետների մի մասը պնդում է, թե սա ոչ այնքան սոցիալական բունտ է, որքան կուլիսային պայքար՝ իշխանության թևերի միջև: Ոմանք համոզված են, որ այս ընդվզման թիրախն իրականում բարեփոխական նախագահ Հասան Ռոհանին է, հիշեցնելով՝ ցույցերը սկսվեցին Մաշհադից՝ Իրանի մեծությամբ երկրորդ քաղաքից, որտեղ ուրբաթօրյա աղոթքն առաջնորդում է նախագահական ընտրություններում Ռոհանիի մրցակից, Իրանի նախկին գլխավոր դատախազ Էբրահիմ Ռաեսիի խնամին՝ Այաթոլլահ Ահմադ Ալամոլհոդան:

Իրանցի տնտեսագետ, նախկին բարեփոխական նախագահ Մահամադ Խաթամիի խորհրդական Սաեդ Լայլազը «Ալ-ջազիրայի» հետ զրույցում նշել է՝ ցույցերը սկսվեցին, երբ Ռոհանին ներկայացրեց հաջորդ տարվա պետբյուջեի նախագիծը, որը մի շարք ապրանքների թանկացումներից ու հարկերի ավելացումից բացի նաև ամենաթափանցիկն էր երկրի պատմության մեջ: Առաջին անգամ Ռոհանին բացահայտեց, թե ինչ հսկայական գումարներ են ստանում կրոնական կառուցները, ինչը վերջիններիս համար ամենևին ցանկալի չէր: Մյուս կողմից, նախագծով կրճատվում է իշխանության մյուս թևերի, օրինակ՝ Իսլամական հեղփոխության պահապանների կորպուսի ֆինանսավորումը, ինչին բանակը կտրականապես համաձայն չէ:

Վերլուծաբանների մի մասն էլ վստահ է, թե մարդկանց իրականում փողոց է դուրս բերել սոցիալ- տնտեսական վատթարացող վիճակը: Ցույցերի նախաշեմին «Թվիթերում» հազարավոր մարդիկ էին միացել կառավարության տնտեսական քաղաքականությունը քննադատող արշավին՝ հիշեցնելով նախագահ Ռոհանիի նախընտրական խոստումները՝ աշխատատեղեր բացելու և կոռուպցիան վերացնելու մասին: Այսօր՝ ընտրություններից երկու տարի անց, ըստ վիակագրության, 80 միլիոնանոց Իրանում յուրաքանչյուր չորրորդ բնակիչն ապրում է ծայրահեղ աղքատութան մեջ, մինչդեռ հարուստները, այդ թվում՝ պաշտոնյաներն ու նրանց հարազատները, տարեկան տասնյակ հազարավոր շքեղ մեքենաներ են ներմուծում:

«Ստեղծված իրավիճակում Իրանի ժողովուրդը պետք է հույսը դնի միայն ու միայն իր վրա»,- Ռոյթերզին ասել է թագաժառանգ Ռեզա Փահլավին, հավելելով․ «Իմ ուղերձն է իրանցիներին՝ եթե Արևմուտքը որոշի օգնել, շատ լավ է, և ակնկալում եմ՝ այդպես էլ կլինի, բայց եկեք հույսներս չդնենք դրա վրա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG