Մատչելիության հղումներ

Արայիկ Խանդոյանը դադարեցրեց հացադուլը


Արայիկ Խանդոյանը դատարանի դահլիճում, արխիվ
Արայիկ Խանդոյանը դատարանի դահլիճում, արխիվ

«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Արայիկ Խանդոյանը երեկ երեկոյան դադարեցրել է հացադուլը։ Այս մասին «Ազատության»-ը փոխանցեցին Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից։

Հանրային կապերի բաժնից նաև հայտնեցին, որ Խանդոյանն արդեն դուրս է բերվել պատժախցից, որտեղ տեղափոխվել էր դեկտեմբերի 29-ին, քանի որ խցում խուզարկության արդյունքում նրա մոտ հայտնաբերվել էին երկու հեռախոս և «ինքնաշեն ալկոհոլային խմիչք»։

Հիշեցնենք՝ Արայիկ Խանդոյանը հացադուլ էր հայտարարել դեկտեմբերի 29-ից։ Բողոքի ծայրահեղ այս քայլով նա զորակցություն էր հայտնում ավելի վաղ հացադուլ հայտարարած զինված խմբի մյուս անդամներին՝ Սմբատ Բարսեղյանին ու Արմեն Բիլյանին, որոնք պահանջում են իրենց Նուբարաշենի բանտից տեղափոխել համեմատաբար լավ պայմաններ ունեցող «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:

Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից «Ազատության»-ը նաև փոխանցեցին, որ Բարսեղյանի և Բիլյանի առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Նրանք շարունակում են հացադուլը։

Հիշեցնենք՝ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը և «Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումը պահանջող «Սասնա ծռեր» զինված խումբը մոտ երեք տասնյակ անդամներով 2016-ի հուլիսի 17-ին վաղ առավոտյան գրավեց ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը և այն 15 օր գրաված պահեց, ինչից հետո զենքերը վայր դրեց և հանձնվեց իրավապահներին։ Այդ ընթացքում երեք ոստիկան զոհվեց։ Նախաքննական մարմինը ոստիկաններ Արթուր Վանոյանի, Յուրի Տեփանոսյանի և Գագիկ Մկրտչյանի սպանության մեջ մեղադրում է Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին։

Ըստ մեղադրական եզրակացության, Արայիկ Խանդոյանը մեղադրվում է կազմակերպված խմբի կողմից ապօրինի զենք փոխադրելու, պատանդ վերցնելու և կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով զենք հափշտակելու մեջ։ Իսկ Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանը նաև մեղադրվում են շենք-շինություն զավթելու, պատանդ պահելու, հրազեն ու ռազմամթերք հափշտակելու մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG