Մատչելիության հղումներ

«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Արայիկ Խանդոյանի փաստաբանի փոխանցմամբ, իր պաշտպանյալը, ով անցած տարեվերջից հացադուլ է հայտարարել, չի պատրաստվում հետ կանգնել ծայրահեղ բողոքի այս քայլից։

Արա Ղարագյոզյանը այսօր առավոտյան Նուբարաշենի բանտում այցելել է Խանդոյանին: «Ազատության» հետ զրույցում փաստաբանը նշեց, որ այսօր վերջին՝ 10-րդ օրն է, որ Խանդոյանը գտնվում է բանտի նկուղի պատժախցում, և հնարավոր է երեկոյան կամ վաղը տեղափոխվի սովորական խուց։

Արա Ղարագյոզյանը վստահ է, որ հացադուլի մեջ գտնվող Խանդոյանին Ամանորի նախաշեմին պատժախուց տեղափոխելը պատահական չէր, նա տոներն անցկացրել է անմարդկային պայմաններում՝ ցուրտ ու խոնավ խցում․ - «Տեսքից երևում էր, որ սառած էր, քանի որ գլխարկ էր դրած, երկու սվիտեր, բաճկոն․․․ այսինքն խցում սառնամանիք է եղել: Եվ ասեց, որ գարշահոտ է գալիս, խոնավություն․․․ Նաև առողջական խնդիրներ ունի: Թեպետ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բժիշկը այցելել է, սակայն որևէ դեղորայք չեն տրամադրել, միայն ճնշումն են չափել»:

«Միայնակ Գայլ» մականունով հայտնի Արայիկ Խանդոյանին այսօր այցելել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։

Հիշեցնենք՝ «Սասնա ծռեր» զինված խմբի անդամին պատժախուց էին տեղափոխել դեկտեմբերի 29-ին, քանի որ խցում իրականացված խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել էր երկու հեռախոս և «ինքնաշեն ալկոհոլային խմիչք»։ Արա Ղարագյոզյանը, սակայն, պնդում է՝ խմիչքի առկայությունն ուղղակի աբսուրդ է և իրականությանը չի համապատասխանում:

Իսկ հեռախոս ունենալու փաստը Խանդոյանը խոստովանել է անձամբ՝ նշելով որ շփվել է հարազատների հետ․ - «Բոլոր խցերում էլ կան հեռախոսներ: Ես հիմա կոնկրետ պաշտպանյալ ունեմ, որի մոտից նաև հեռախոս են հայտնաբերել, բայց նրան պատժախուց չեն տեղափոխել: Իսկ ո՞նց է լինում, որ մեկի մոտ հայտնաբերում են հեռախոս, պատժախուց չեն տեղափոխում, իսկ Արային Խանդոյանին կոնկրետ դեկտեմբերի 29-ին պետք է հայտնաբերեին և տեղափոխեին պատժախուց: Ակնհայտ հետապնդում է»:

Ղարագյոզյանը պնդում է, որ քրեակատարողական հիմնարկն այս կերպ պատվեր է իրականացրել, և 10 օրից ավելի պատժախցում գտվելը վատ է անդրադարձել առանց այդ էլ առողջական խնդիրներ ունեցող Արայիկ Խանդոյանի վրա․ - «Քանի որ Արայիկ Խանդոյանը միշտ դատարանում բարձրաձայնում էր անօրինականությունների, անարդարությունների մասին, հիմա պարզապես վրեժխնդիր եղան, և այս տոնական օրերին Արայիկ Խանդոյանը ենթարկվեց վատ վերաբերմունքի և խոշտանգման»:

Արայիկ Խանդոյանը հացադուլ է հայտարարել դեկտեմբերի 29-ից։ Բողոքի ծայրահեղ այս քայլով նա զորակցություն է հայտնում ավելի վաղ հացադուլ հայտարարած զինված խմբի մյուս անդամներին՝ Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանը, որոնք պահանջում են իրենց Նուբարաշենի բանտից տեղափոխել համեմատաբար լավ պայմաններ ունեցող «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:

«Նուբարաշեն»-ում այսօր եղել է նաեւ Արմեն Բիլյանի պաշտպան Արմինե Ֆանյանը։ «Ազատության» հետ զրույցում նա տեղեկացրեց, որ անհրաժեշտ է դատարանի թույլտվությունը Բիլյանի տեղափոխումը կազմակերպելու համար: Մինչդեռ Քրեատարակողական ծառայության հանրային կապերի բաժնից «Ազատությանը» հայտնել էին, որ դեռ չկան բավարար հիմքեր կալանավորներին նուբարաշենից Արմավիրի բանտ տեղափոխելու համար։

«Ինձ էնքան հետաքրքիր ա՝ էդ հիմքը ո՞րն է: Ինձ որևէ մեկը, իհարկե, դիմումով չի մերժել: Նշել են, որ դատարանի թույլտվություն է նախ պետք էդ հարցը քննարկելու համար: Ես որևէ գրավոր մերժում չեմ ստացել, բայց նաև չեմ ստացել պատասխան, որ՝ Ձեր դիմումը կամ խնդրանքը բավարարված է», - ասաց Ֆանյանը:

Քրեկատարողական վարչությունից «Ազատությանը» հայտնել էին նաև, թե «Նուբարաշեն»-ում կենտրոնացված ջեռուցում է, և խցերում 18-20 աստիճան տաքություն է։ Բիլյանի պաշտպանը հերքում է այս տեղեկությունն ու նշում, որ միայն իր բողոքից հետո է խուցը տաքացնելու համար իր պաշտպանյալին տրամադրվել էլեկտրական տաքացուցիչ:

«Ուղղակի զավեշտալի է, որ իրենք նման կերպ են պատասխանում: Թե՛ ինձ՝ Արմեն Բիլյանի պաշտպանիս, երբ որ ես իմ ականջով եմ լսում իմ պաշտպանյալից, թե ինքը ինչ պայմաններում է պահվում, և թե՛ լրատվամիջոցներին են փորձում նման գեղեցիկ ձևակերպումներով ստվեր գցել մեր ասածի վրա», - նշեց փաստաբանը:

Ֆանյանը փոխանցեց, որ Բիլյանի առողջական վիճակը շատ ծանր է, նրա զարկերակային ճնշումը 90/65 է, բայց նա մտադիր չէ հրաժարվել հացադուլից։ Մինչդեռ քրեակատարողական հիմնարկից «Ազատությանը» փոխանցեցին, որ Արայիկ Խանդոյանի, Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի առողջական վիճակը գնահատվում է բավարար։

Հիշեցնեմ նաև, որ, ըստ մեղադրական եզրակացության, Արայիկ Խանդոյանը մեղադրվում է կազմակերպված խմբի կողմից ապօրինի զենք փոխադրելու, պատանդ վերցնելու և կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով զենք հափշտակելու մեջ։ Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանը, բացի շենք շինություն զավթելուց, պատանդ պահելուց, հրազեն ու ռազմամթերք հափշտակելուց, մեղադրվում են նաև երեք ոստիկանների սպանության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG