Մատչելիության հղումներ

«Սասնա ծռեր» խմբի անդամի փաստաբանն ահազանգում է իր հացադուլավոր պաշտպանյալի «ծայրահեղ հյուծման» մասին


«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Արայիկ Խանդոյանը դատարանում, արխիվ

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության խոսնակը, մինչդեռ, պնդում է, որ հացադուլավորների առողջական վիճակը բավարար է:

«Սասնա ծռեր» զինված խմբի անդամներ Արայիկ Խանդոյանը, Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը շարունակում են անցած տարեվերջից սկսած հացադուլը: Արդարդատության նախարարության քրեակատարողական ծառայության խոսնակ Գոռ Ղլեչյանը «Ազատությանը» փոխանցեց, որ երեքի առողջական վիճակն էլ բավարար է գնահատվում, և նրանց կյանքին ոչ մի վտանգ դեռևս չի սպառնում:

Մինչդեռ Արմեն Բիլյանի պաշտպան Արմինե Ֆանյանը հակադարձում է․ «Կոնկրետ Արմենն ամենաերկար հացադուլ անող «Սասնա ծռերից» է ու ամենահյուծվածն այս պահին ինքն է: Ինչպե՞ս կարելի է բավարար գնահատել անձի վիճակը, երբ որ անձը դեկտեմբերի 19-ից բան չի կերել: Ես հանդիպում եմ ունեցել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ժամանակավոր պաշտոնակատարի հետ, խոստացան, որ այս օրերին անընդհատ, դինամիկ կայցելեն իրեն, բայց ճնշումը չափելուց բացի, որևէ ուրիշ բան չի արվում»:

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության խոսնակ Գոռ Ղլեչյանը «Ազատության» հետ զրույցում նաև նշեց՝ «Սասնա ծռեր» խմբի անդամները գտնվում են բարվոք պայմաններում: Արայիկ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը խոսնակի կարծիքը չի կիսում: «Դա իրականությանը չի համապատասխանում, քանի որ երկու օր նա եղել է պատժախցում: Մարդու իրավունքների պաշտպանի այցից հետո նոր միայն պատուհանը նորոգել են: Նրան պահել են պատուհանը կոտրված պատժախցում: Ես դիտորդական խմբի անդամ եմ, բոլոր պատժախցերը տեսել եմ, շատ վատ պայմաններով են, սառնամանիք, պատերին բորբոս»,- ասում է Արա Ղարագյոզյանը:

«Միայնակ Գայլ» մականունով հայտնի Արայիկ Խանդոյանի մոտ արգելված իր է հայտնաբերվել, ինչի համար դեկտեմբերի 29-ին՝ 2017-ի վերջին աշխատանքային օրվա ավարտին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը որոշում էր կայացրել նրան պատժախուց տեղափոխել։

Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանն «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ տոնական օրերին պատժախուց տեղափոխելը «միտումնավոր արված» քայլ է․ «Նրան պետք է հացադուլավորների համար նախատեսված սենյակ տեղափոխեին, ոչ թե թողնեին պատժախցում: Բացի այդ գտնում եմ, որ 10 օր պատժախցում պահելը համաչափ չէ, և նրան այնպիսի օր են պատժախուց տեղափոխել, որ տոնական լինի, և մենք որևէ պետական մարմնի չկարողանանք դիմել: Իսկ ինչ վերաբերում է հեռախոսներին, արդյո՞ք միայն Արայիկ Խանդոյանի մոտ կար հեռախոս: Գողական ենթամշակույթ ունեցող անձանց մոտ չկա՞ր հեռախոս, միայն Արայիկի մո՞տ էր: Սա ընտրովի էր, ում մոտից որ ուզում էին հեռախոս վերցնել, իր խուցն են խուզարկում: Համոզված եմ, որ բոլորի մոտ էլ հեռախոս կար»:

2016 թվականին Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբի անդամ Արայիկ Խանդոյանը, հիշեցնենք, բողոքի ծայրահեղ այս քայլով զորակցություն է հայտնում ավելի վաղ հացադուլ հայտարարած՝ զինված խմբի մյուս անդամներին։ Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանը պահանջում են իրենց Նուբարաշենի բանտից տեղափոխել համեմատաբար լավ պայմաններ ունեցող «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:

Ազգային ժողովի պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն օրերս այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ և ծանոթացել Խանդոյանի, Բիլյանի ու Բարսեղյանի պահման պայմաններին։ Փաշինյանն իր տարածած հայտարարությունում նշել է՝ «Սասնա Ծռեր» խմբի հացադուլ հայտարարած անդամների հետ կապված բոլոր հարցերով լրջորեն զբաղվելու է:

Պատգամավորն իր ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, գրառել է․ «Արայիկ Խանդոյանը հացադուլի մեջ է դեկտեմբերի 29-ից։ Հացադուլ է անում ի նշան բողոքի՝ Հայաստանում հաստատված անարդարությունների։ Նաև պահանջում է, որ կալանավորված անձանց, մասնավորապես, նույնպես հացադուլի մեջ գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանի և Նորք-Մարաշ խմբի անդամ Հարություն Սարիբեկյանի առողջական խնդիրները պատշաճ ուշադրության արժանանան։

Խանդոյանը դեկտեմբերի 29-ից գտնվում է պատժախցում։ Նրան պատժախուց տեղափոխելու պատճառաբանությունը հետևյալն է. ըստ փաստաթղթերի, խցում իրականացվել է խուզարկություն, հայտնաբերվել է երկու հեռախոս և ինքնաշեն ալկոհոլային խմիչք։ Պատժախուց տեղափոխվելուց առաջ Խանդոյանը պահվել է քրեակատարողական հիմնարկի բուժմասի երկու հոգանոց խցում։ Մայիսից ի վեր, հարազատների հետ 13 կարճատև տեսակցություն է ունեցել։ Ունի առողջական խնդիրներ։

Սմբատ Բարսեղյանը հացադուլի մեջ է դեկտեմբերի 21-ից։ Պահանջում է իրեն տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ մենախուց։ Ներկայումս պահվում է հացադուլավորների խցում, ևս երկու հացադուլավորների հետ։ Ունի առողջական խնդիրներ։ Արմեն Բիլյանը հացադուլի մեջ է դեկտեմբերի 19-ից։ Ունի բավականին լուրջ առողջական խնդիրներ։ Պահանջում է այդ խնդիրների նկատմամբ պատշաճ ուշադրություն։ Պահվում է հացադուլավորների խցում՝ միայնակ»:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արայիկ Խանդոյանը մեղադրվում է կազմակերպված խմբի կողմից ապօրինի զենք փոխադրելու, պատանդ վերցնելու և կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով զենք հափշտակելու մեջ։ Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանը բացի շենք շինություն զավթելուց, պատանդ պահելուց, հրազեն ու ռազմամթերք հափշտակելուց, մեղադրվում են նաև երեք ոստիկանների սպանության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG